Բավական բարդ բարոյահոգեբանական վիճակ է հավաքականում

- in Հասարակություն
317
futbol

Գրեթե երբեք ոչինչ չեմ գրել ֆուտբոլի, մասնավորաբար` մեր հավաքականի մասին, թեկուզ դա իմ շատ ընկերների շրջանում տարակուսանքի տեղիք է տվել: Դե, կարծիք հայտնողների պակաս չի զգացվում, հաճույքով ընթերցում եմ))): Սակայն հիմա մի քանի խոսք ուզում եմ ասել:

Գոնե վերջին երկու տարում այնպիսի տպավորություն ունեմ, որ մարզական գործոններից զատ բավական բարդ բարոյահոգեբանական վիճակ է հավաքականում: Շատ սուբյեկտիվ կարծիք է, բայց դա իմ տպավորությունն է: Որոշ ֆուտբոլիստներ դաշտ են դուրս գալիս ուղղակի պարտականություն կատարելու նման:

Մարզչի մասին: Արթուրը գուցե ընդհանուր առմամբ վատ մարզիչ չէ, բայց հավաքականի մարզիչ լինելու պատրաստ չէ:

Փաստը մնում է փաստ, որ ոչ մի խաղում (այդ թվում` հաղթանակած) հավաքականը խաղային ձեռագիր չի ունեցել: Անհասկանալի է, թե ինչ հանձնարարությամբ են խաղադաշտ դուրս գալիս հավաքականն ընդհանրապես և առանձին ֆուտբոլիստները մասնավորապես: Պրիմիտիվությունն ուղղակի գերակշռում է: Հասկանալի է, որ ֆուտբոլիստների զգալի մասը, մեղմ ասած, լավ մարզավիճակում չէ, բայց խոսքս բացառապես խաղային ձեռագրի, նպատակների, այլ ոչ թե կատարողականի մասին է:

Մխիթարյանի մասին: Հույս ունեմ, որ մի օր նա (և ոչ միայն նա) կխոսի այն ամենի մասին, ինչ կատարվում է հավաքականում վերջին երկու տարիներին, այն մասին, թե ինչու է ինքը հաճախ (այդ թվում` վերջին երկու խաղերում) դաշտ մտնում զայրացած ու անտրամադիր, ինչու չի <ստացվում> իր խաղը հավաքականում: Միանշանակ է, որ վերը նշված անձեռագիր խաղերում, երբ ֆուտբոլիստների մի մասն ուղղակի ձախողում է խաղը կամ թիմը տասնմեկ հոգով սոսկ պաշտպանվում է, ընդ որում` առանց պրեսինգի նշույլի, կամ նույնիսկ բավական շնորհալի ֆուտբոլիստները չգիտեն իրենց անելիքը դաշտում, չի կարող մեկ ֆուտբոլիստը հրաշքներ գործել, առավել ևս, երբ նման դեպքերում վնասվածք ստանալու հավանականությունը ավելի է մեծանում, եթե դու գրեթե միայնակ փորձում ես խաղալ տասնմեկի դեմ: Այս ամենն, իհարկե, այդպես է, Հենրիխն էլ մնում է Հենրիխ, ու անհասկանալի են այն հարձակումները, որոնք մերկապարանոց հնչում են նրա հասցեին, առավել ևս նրան հերոսացնողների, կուռք դարձնողների կողմից: Սակայն տրամադրության և տրամադրվածության հարցը դեռ բաց է… Ի դեպ, շաաատ խոսուն էր նրա հեռանալը մարզադաշտից Դանիայի հետ հանդիպումից հետո:

Կարգապահության մասին: Այն, որ պարբերաբար դեղին, կարմիր քարտերի շքերթ է մեր հավաքականում, այն, որ վերջին վայրկյաններին գոլ ենք ընդունում, գուցե հենց վերոնշյալ բարոյահոգեբանական վիճակի (այլ ոչ թե պատրաստականության) արդյունք է: Եթե հետևենք վիճակագրությանը, կտեսնենք, թե որքան շատ ենք կորցրել հենց դրա պատճառով:

Հասկանալի է, որ այս մրցափուլն էլ ձախողեցինք, բայց ամենացավալին այն է, որ կորցնում ենք ֆուտբոլային բավական հետաքրքիր սերունդ, իսկ վաղվա օրը այս առումով գոնե այս պահին առանձնապես լավատեսականորեն չի տրամադրում, թեկուզ թե երեխաների, թե պատանիների, թե երիտասարդների շրջանում նկատել եմ բավական շնորհալիների: Ուղղակի պետք է ոչ միայն չկորցնել, չկոտրել, չփչացնել նրանց, այլև հետևողական լինել նրանց աճի հարցում: Կկարողանանք? Այո, եթե նվիրում ու ցանկություն լինի:

Ինչ վերաբերում է ներկա հավաքականին, ապա պետք է պատրաստվել հաջորդ մրցափուլին, բայց արդեն լրջորեն, նաև հաշվի առնելով գոնե առաջատար ֆուտբոլիստների տեսակետը…

Իսկ լուծումները գրեթե բոլոր ֆուտբոլասերների գրառումների մեջ են))):

Արտակ Ճաղարյան; Ֆեյսբուք

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20