Բաքվում մենք տուն ունեինք, գիտեի՝ ուր եմ գալիս

- in Հասարակություն
111
Armen Ashotyan

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում շնորհակալություն է հայտնել համաժողովին մասնակցելու հրավերի համար՝ ասելով.

«Ուրախ եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերները Բաքվում համաժողով անցկացնելու նախաձեռնությամբ են հանդես եկել»:

Աշոտյանը նաև նշել է, որ առաջին անգամ չէ, որ այցելում է Ադրբեջանի մայրաքաղաք:

«Վերջին անգամ Բաքվում եղել եմ 1988-ի հունվարին, երբ 13 տարեկան էի: Դա ղարաբաղյան հակամարտությունն սկսվելուց մեկ ամիս առաջ էր: Իմ մայրը ծնունդով Բաքվից է: Ես մի փոքր ծանոթ եմ քաղաքին» – ասել է Աշոտյանը:

Նրա խոսքով՝ հաճախ էր արձակուրդներին Բաքու գնում:

«Մենք այստեղ մեր սեփական տունն ունեինք: Ես գիտեի, թե ուր եմ գնում»,- ընդգծել է նա:

Բաքվում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի կողմից կազմակերպված համաժողովին սեպտմբերի 22-ին ելույթով հանդես է եկել Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից, Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Եվրանեսթ ԽՎ-ի քարտուղարությանը և Ադրբեջանի պատվիրակությանը՝ համաժողովի կազմակերպման և հրավերի համար, անդրադարձել հայկական պատվիրակության՝ Բաքու ժամանելու որոշմանը՝ նշելով, որ որոշումը մեծապես պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Հայաստանը, նախևառաջ, իրեն համարում է եվրոպական արժեհամակարգի կրող և ընտանիքի մաս, հետևաբար չէր կարող զերծ մնալ նման կարևոր համաժողովին մասնակցությունից և քննարկումներից: Այս համատեքստում Արմեն Աշոտյանն ընդգծել է Եվրանեսթ ԽՎ-ին Հայաստանի մասնակցությունը, կարևորել նոյեմբերին Բրյուսելում ՀՀ – ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:

Աշոտյանը նաև անդրադարձել է համաժողովի ընթացքում ադրբեջանական մի շարք բանախոսների՝ կանանց առողջապահության և սոցիալական խնդիրների համաժողովի հարթակը հակահայկական պրոպագանդայի վերածելու փորձերին և նշել, որ հայկական պատվիրակությունը Բաքվում է համաժողովի բուն թեմաների, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման համար:

Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նաև ընդգծել է այն հանգամանքը, որ հակամարտություններում տուժում են հակամարտող բոլոր կողմերը, ուստի անհրաժեշտ է լսել բոլոր կողմերին և առկա հարցերը քննարկել մարդու իրավունքների և մարդասիրության շրջանակներում՝ անկախ քաղաքական, էթնիկական և կրոնական տարբերություններից: Նա հորդորել է նաև ադրբեջանական կողմին գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ և քսենոֆոբիայով, ինչն իր բացասական հետևանքներն է ունենալու ողջ տարածաշրջանի համար:

Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև ադրբեջանական կրթական համակարգում հակահայակական կարծրատիպերի ձևավորման խնդիրներին, հորդորել արմատախիլ անել հայատյացությունն ու քսենոֆոբիան:

Ելույթի ավարտին Արմեն Աշոտյանը Ադրբեջանի կրթության փոխնախարարին է փոխանցել «Azerbaijan: childhood in hate» աշխատությունը, որն ապացուցում է հայատյացության և ատելության քարոզչությունը Ադրբեջանում։

Այսօր Բաքվում ընթացքող Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին ելույթով հանդես է եկել հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը:

Կոնֆերանսի ընդմիջմանը հայկական պատվիրակությունը նաև հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի տեսագրությունը ներկայումս տեխնիկական պատճառով հնարավոր չէ տրամադրել: Այս մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք մի փոքր ուշ:

Մամուլի ասուլիսից հետո լրագրող, տխրահռչակ «Խաղաղության պլատֆորմի» ներկայացուցիչ Սյուզան Ջաղինյանը փորձել է սադրանքների դիմել, ինչին համարժեք արձագանքել է հայկական կողմը: Մեր պատվիրակությունը դիմել է նաև համաժողովի կազմակերպիչներին՝ միջոցներ ձեռնարկելու հետագայում նմանատիպ սադրանքները բացառելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20