Բուժման սխեման՝ ապստամբություն-ազգային կառավարություն-ապագաղութացում-Կուր-Արաքսյան Նոր հանրապետություն

- in Կարծիք
152
Varuzhan Avetisyan
«Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը հոդված է տարածել Արմավիր ՔԿՀ-ից.
«Բուժման սխեման՝ ապստամբություն – ազգային կառավարություն – ապագաղութացում- Կուր-Արաքսյան Նոր հանրապետություն
Աերժ Սարգսյանը Հայաստանը ռուսական մարզ դարձնելու փուլի գաղութային վարչակազմի ղեկավարն է, իսկ Կարեն Կարապետյանը նախատեսված է արդեն մարզ դարձած Հայաստանի գաղութային վարչակազմի ղեկավար լինելու համար։
2017թ հունվար-մարտ ամիսների ժամանակահատվածում Մոսկվան ակնհայտ նշաններ ցույց տվեց, որ մտադիր է այս երկու փուլերի անցումը կամրջող ենթափուլի պատասխանատվությունը դնել Կարեն Կարապետյանի փխրուն ուսերին՝ միգուցե այդպիսով նաև կոփվելու և նոր կարգավիճակում ավելի վստահ զգալու  հնարավորություն տալով նրան։ Մոսկվան շտապում էր և հիմա էլ շտապում է,  քանի որ ուժասպառ է լինում և ձգտում է օր առաջ Հայաստանը տանել ցանկապատից ներս և դարպասը փակել։ Այդ ժամանակ ես կարծիք հայտնեցի, որ Մոսկվան փոխում է գաղութային վարչակազմի ղեկավարին։
Սակայն ընթացքը, նաև Սերժ Սարգսյանի ջանքերով, ցույց տվեց, որ Կարեն Կարապետյանը չի ցանկանում և պատրաստ չէ և չի կարող ստանձնել այդ ամենակեղտոտ, բարդ և անձնական ճակատագրի համար վտանգավոր ենթափուլի պատասխանատվությունը, մինչդեռ Սերժ Սարգսյանը ցանկանում է, պատրաստ է և կարող է։
Կարեն Կարապետյանի ծառայողական անհամապատասխանությունն այդ ժամանակ ակնհայտ չէր նույնիսկ Մոսկվայի համար։ Անշուշտ, նա մնում է որպես մարզ-Հայաստանի ղեկավարի գլխավոր թեկնածու։ Այս պահին Կրեմլն ուրիշ թեկնածու չունի։
Օգտվելով այս հանգամանքից, Սերժ Սարգսյանը Մոսկվային խոստացել է նրա ցանկացած ձևով  ու ժամկետներում հանձնել ամեն ինչ և հետագայում ևս լինել հլու-հնազանդ կամակատար՝ զուգահեռաբար ցուցաբերելով առավելագույն դավաճանական նախաձեռնողականություն։
 
Սերժ Սարգսյանի այս խոստումը ենթադրում է, որ նա պետք է արագացնի  և մեծացնի Հայաստանը (Արցախը ներառյալ) արյունաքամ անելու միջոցով դիմադրողականությունից զրկելու և Ռուսաստանի ոտքերի տակ մատաղ անելու տեմպերն ու ծավալները։
Եթե սերժերենից հայերեն թարգմանենք ԱԺ վերջին գումարման նրա ուղերձը՝ 4 մլն բնակչություն և կյանքի ներկայիս ընթացքի պարագայում ակնհայտորեն ոչ իրատեսական մյուս ցուցանիշների վերաբերյալ,  կտեսնենք ասվածի անհերքելի ապացույցները։
Սերժ Սարգսյանը հույս ունի, որ նման եղանակով կկարողանա շահել Մոսկվայի բարեհաճությունը, չեզոքացնել Կարեն Կարապետյանի տարբերակը և շարունակել պաշտոնավարումը  նաև մարզպանի կարգավիճակում։
Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը  նաև աշխատում է Ռուսաստանի անկման պարագայում նույն ջերմեռանդությամբ Արևմուտքին  հանձնվելու տարբերակի ուղղությամբ։ Սակայն սա նրա գաղտնի և ոչ հիմնական ծրագիրն է, որը Կրեմլը ամեն կերպ հաջողությամբ խափանում է և վերածում ի՛ր ծրագիրն սպասարկող բաղադրիչի։
Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանին նրա նախորդների կամ Կարեն Կարապետյանի հետ համեմատելուն, ապա հարկ է ընդգծել, որ դա անտրամաբանական և անիմաստ է։
Նույնն է, թե փորձենք համեմատել քաղցկեղի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանները։
Սրտի մխիթարության համար կարելի է արձանագրել, որ հաջորդի համեմատությամբ նախորդ աստիճանում հիվանդն ավելի լավ վիճակում էր, բայց դա հիվանդագին մտածելակերպ է։
Մեզ կառավարող գաղութային համակարգը մեր պետականության օրգանիզմում ներդրված քաղցկեղ է, որի նպատակն ու գործառույթը Հայաստանի լիակատար վերագաղութացումն է։
Ուստի մեզ սպանող հիվանդության աստիճանները համեմատելու փոխարեն հարկավոր է կենտրոնանալ և գործել բուժվելու ուղղությամբ։  Բարեբախտաբար, ազգն անհատից ավելի բարդ ու բազմապիսի համակարգ է, նրա տարրերն օժտված են ազատ կամքով  և արարչական շնորհներով, ուստի ազգն ունակ է բուժվելու  անգամ 4-րդ աստիճանի քաղցկեղից։
Իսկ բուժման սխեման պարզ է՝ ապստամբություն- ազգային կառավարություն- ապագաղութացում- Կուր Արաքսյան Նոր Հանրապետություն։
Վարուժան Ավետիսյան
 
«Արմավիր» ՔԿՀ
Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20