Գարեգին Բ-ն մասնակցելու է ադրբեջանա-ռուսական օրակարգով հանդիպման

- in Հրապարակ
268
Garegin B

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա այցով մեկնել է Մոսկվա, ուր կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը: Վաղը Մոսկվայում Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի միջնորդությամբ տեղի կունենա հանդիպում Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի միջև: Մենք օրերս անդրադարձել ենք այս հանդիպման հնարավոր քաղաքական համատեքստին` այն ոչ բարենպաստ համարելով հայկական կողմի համար:

Նախ` անկախ մեր ցանկություններից, թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում հոգևոր դասն ազդեցություն չունի իշխանությունների քաղաքականության, հանրային տրամադրությունների վրա, ըստ այդմ` այսօրվա հանդիպումը, նախորդների օրինակով, որևէ ազդեցություն չի ունենալու կարգավորման գործընթացի, խաղաղության հաստատման վրա: Մյուս կողմից` ԼՂ հակամարտությունը բացարձակապես զերծ է կրոնական բաղկացուցիչից, ինչն անընդհատ շեշտադրվում է պաշտոնական Երևանի կողմից և կարծում ենք` հարկա չկա նման, ըստ էության, ոչինչ չորոշող հանդիպումներով արհեստականորեն կրոնական երանգ հաղորդել գործընթացին:

Սակայն ավելի էական է այն մոտիվը, որը ռուսական կողմին դրդել է կազմակերպել այս եռակողմ հանդիպումը: Վերջին շրջանում Մոսկվան` առնվազն խորհրդարանական և փորձագիտական մակարդակներում, դարձյալ շրջանառում է հակամարտության կարգավորման գործընթացը մոնոպոլացնելու թեզը և սա միանգամայն տեղավորվում է ռուս-ամերիկյան ներկա հակադրության համատեքստում: Ռուսները համարում են, որ աշխարհում նոր բաժանարար գծերի ժամանակն է և մեր տարածաշրջանն ու ղարաբաղյան հակամարտությունը համարում են իրենց ազդեցության գոտին:

Ըստ ամենայնի` հոգևոր առաջնորդների վաղվա եռակողմ հանդիպումով փորձ է արվում վերածնել կարգավորման Մոսկվա-Երևան- Բաքու ձևաչափն արդեն առաջնորդների քաղաքական հանդիպումների համար: Հայկական կողմը որևէ կերպ` նույնիսկ հոգևոր առաջնորդների մակարդակով, չպետք է դրական արձագանք տար Մոսկվայի այս վտանգավոր ուղերձին: Ադրբեջանական կայքերի արտահոսքից պարզ է դառնում, որ Ալլահշուքյուր Փաշազադեն Մոսկվա է մեկնում 2014-ին Քարվաճառում դիվերսիա իրականացրած և երկու մարդու սպանած Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ազատության «առաքելությամբ»: Նրանք դատապարտվել են ԼՂՀ դատարանի վճռով և միանգամայն անտրամաբանական ու հանդուգն է` նրանց բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ փոխանակելու Բաքվի առաջարկը: Եթե իսկապես ճիշտ է ադրբեջանական կայքերի տեղեկատվությունն, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդհանրապես անելիք չունի Մոսկվայում:

Արտաքուստ այնպիսի տպավորություն է, որ մեր հոգևոր առաջնորդը վաղը մասնակցելու է ադրբեջանա-ռուսական օրակարգով հանդիպման, որից ոչ մի դրական ակնկալիք ունենալ պետք չէ: Առհասարակ` անթույլատրելի է հանդիպման գնալ` առանց սեփական օրակարգի, միայն այն պատճառով, որ դրա նախաձեռնողը ռուսական եկեղեցու պատրիարքն է, որին մերժել հայկական կողմը չի կարողացել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20