Գորիսի քաղաքապետի ԺՊ-ն պլաստիկ վիրաբո՞ւյժ է փնտրում՝ դաջվածքներից ազատվելու համար

- in Մամուլ
101

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ Գորիսի նախ­կին քաղաքապետ Վաչագան Ադունցի հրաժարականից հետո վարչապետ Կարեն Կարապետ­յանը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց հայտնի գործարար Գագիկ Առուշանյանի 26-ամյա որդուն՝ Առուշ Առուշանյանին:

Ինչպես արդեն անդրադարձել էինք, վարչապետի այս որոշումն այն­քան էլ գորիսեցիների սրտով չէր, քա­նի որ նորանշանակ քաղաքապետը, չնայած երիտասարդ տարիքին, օրի­նակելի վարքով չի փայլում:

Նրան մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացրեց, «էնպես է աշխատելու, որ չուզողների աչքերը հանի: Էդ գիտե­ին, թե մենակ Ադունցն է, հա, որ գործ կարա անի, գործը հեսա կտենաք որն է»: Նա ընդգծեց, որ հենց այսօրվա­նից քաղաքապետը միջքաղաքային տրանսպորտն անվճար է դարձնում: Մեր հարցին, թե այդ ինչպես և ում հաշվին, հետևեց պատասխանը, «Իր: Մարդն իր հաշվին իր քաղաքի հա­մար բարեգործություն է անում, քիչ է արել»: Տեղեկությունը հաստատեցին նաև քաղաքապետարանից:

«Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը նոր «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսներ է ներմուծել Գորիս, այսօրվանից դուրս կգան երթուղի և շուրջ 15 ուղղությամբ ուղևորափոխադրում կիրականացնեն անվճար»,- հայտնեց քաղաքապետա­րանի աշխատակցուհին: Հետաքրքիր է` ինչ միկրոավտոբուսներ և որտեղից է ներմուծել Առուշ Առուշանյանը, այն էլ` մի քանիսը:

Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ չհաջողվեց կապ հաստատել, նա չպատասխանեց մեր զանգերին: Համայնքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ էլ` առաջին հարցը, որ բարձրացրել են նոր քաղաքապետին, կադրային փոփոխությունն է: «Ասաց, որ լավ աշխատեք, ոչ մեկիդ էլ չեմ ազատի, որ սկզբունքներին համապա­տասխանեք, կմնաք»,- հույս փայփա­յելով և այլևս չտրտնջալով` ասաց նա:

Մեր տեղեկություններով, այս օրերին Առուշ Առուշանյանը փորձել է հետ բերել նախկին քաղաքապե­տի այն կադրերին, ովքեր ինքնակամ ազատման դիմում էին գրել:

Ի դեպ, մեր լուրն այն մասին, որ երիտասարդի ողջ մարմնի վրա դաջվածքներ են, քաղաքապետը ծանր է տարել, նա, ասում են, պլաստիկ վիրաբույժ է փնտրում, որ ազատվի դաջվածքներից»:

Ուշագրավ է, որ կառավարությունը չսպասեց անգամ քաղաքապետի արտահերթ ընտրություններին, որպեսզի այդ ժամանակ առաջադրվեր ՀՀԿ թեկնածուն և դառնար քաղաքապետ, այլ միանգամից նրան նշանակեցին ԺՊ:

Առաջին երկու օրը Առուշանյանի նշանակումը չէր ոգևորում գորիսեցիներին: Նրանք նոր քաղաքապետին համարում էին «անփորձ ջահել», սակայն մի քանի օրվա մեջ Առուշանյանը հավակնում է դառնալ գորիսեցիների սիրելին: Նա արդեն իսկ քաղաքային տրանսպորտը դարձրել է անվճար, նոր ավտոբուսներ է բերել քաղաքի համար:

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը 26 տարեկան է, Սյունիքում հայտնի գործարար, «Առանցք» ընկերության սեփականատեր Գագիկ Առուշանյանի որդին է: Առուշ Առուշանյանն իր հերթին «Գորմետալ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է: Ինչպես հայտնի է՝ նա խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, գրավել երրորդ տեղը, սակայն ԱԺ չհասավ ընտրություններից հետո իր հաղթանակի առթիվ խնջույքի ժամանակ մարդ ծեծելու պատճառով: Նրա փոխարեն ԱԺ գնաց Սիսիանի քաղաքապետի՝ նրանից շատ ավելի քիչ ձայներ հավաքած եղբայրը:

Նախընտրական շրջանի տեսանյութերը ուսումնասիրելիս նրան հաճախ կարելի է տեսնել վարչապետ Կարեն Կարապետյանի և մարզպետ Վահե Հակոբյանի կողքին: Վերջին երկուսը հենց նախընտրական շրջանում մասնակցել են նաև Առուշ Առուշանյանի հովանավորությամբ հիմնված կենտրոնի բացմանը: Բացի դրանից՝ նրա հայրը՝ Գագիկ Առուշանյանը, շատ լավ հարաբերությունների մեջ է մարզպետ Վահե Հակոբյանի հետ:

«Առաջին լրատվականը» մի քանի հարց ուղղեց Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար Առուշ Առուշանյանին:

– Պարոն Առուշանյան, Վաչագան Ադունցի հրաժարականից հետո մամուլը շատ գրեց, որ այդ հրաժարականը պարտադրված է եղել, որեսզի Դուք դառնաք քաղաքապետ, քանի որ Վաչագան Ադունցը համարվում էր նախկին մարզպետի մարդը, իսկ Դուք՝ նոր մարզպետ Վահե Հակոբյանի: Ինչպե՞ս կարձագանքեք այդ հրապարակումներին:

– Այդ մասին բազմիցս խոսվել է, որ համայնքապետին պարտադրել չեն կարող, այդ հարցը կարգավորվում է օրենքով: Մյուս կողմից՝ Վաչագան Ադունցը նշել է, որ առողջական խնդիրների պատճառով է հրաժարականի դիմում ներկայացրել, որին չհավատալու պատճառ չեմ տեսնում: Սյունիքի մարզպետի հետ բավական լավ հարաբերություններ ունեմ, քանի որ Վահե Հակոբյանը բաց է շփման համար, և որպես գործարար՝ միշտ համագործակցել եմ տարբեր նախաձեռնությունների շրջանակներում:

– Կադրային փոփոխություններ սպասվո՞ւմ են քաղաքապետարանում: Ազատվելո՞ւ եք նախկին քաղաքապետի կադրերից, թե՞ ոչ:

– Անձնավորված մոտեցումն իմ գործելաոճը չէ: Ես աշխատանքում սիրում եմ պատասխանատվություն, հետևողականություն, պրոֆեսիոնալիզմը միշտ կարևոր է ինձ համար: Այն կադրերը, ովքեր կհամապատասխանեն իրենց աշխատանքին, բնականաբար շարունակելու են աշխատել:

– Ասում են՝ ժամականակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո Դուք արդեն ամբողջությամբ լծվել եք քաղաքային աշխատանքներին: Ճի՞շտ է, որ քաղաքային տրանսպորտն անվճար եք դարձրել:

– Այո: Խնդիրները շատ են, և դրանց լուծման համար հետևողական աշխատանք է պետք տանել, ժամանակ կորցնելն անթույլատրելի է: Այս պահին մեծ ծավալով բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: Անվճար տրանսպորտի հետ կապված՝ ասեմ, որ ոչ բոլոր երթուղիներն են անվճար, քանի որ միկրոավտոբուսների մի մասը դեռ տեղ չի հասել: Այդ գաղափարը մեր թիմի հետ շատ վաղուց ունեինք, քանի որ Գորիսում ներհամայնքային տրանսպորտի խնդիրների մասին շատ էր խոսվում:

– Ի՞նչ միջոցներով եք երթուղիներն անվճար դարձրել: Ձեր անձնակա՞ն, թե՞ քաղաքային բյուջեի հաշվին:

– Դրանք իմ անձնական միջոցներով են արվել։ Ես ընդամենը մի քանի օր է, ինչ նշանակվել եմ ժամանակավոր պաշտոնակատար, և չէի կարող համայնքային բյուջեից միջոցներ տրամադրել, նպատակ էլ չեմ ունեցել:

– Ձեր այս քայլը կարո՞ղ ենք համարել նախընտրական քարոզարշավի մեկնարկ, թեև ընտրություններին դեռ բավական ժամանակ կա:

– Ոչ: Նման միտում չի կարող լինել, քանի որ մինչև քաղաքականություն մտնելը իմ ընկերության եկամուտների հաշվին մշտապես լուրջ ներդրումներ եմ իրականացրել տարբեր համայնքներում: Հավանաբար, այդպիսի բնակավայր չկա, որտեղ առաջնային խնդիրների լուծման գործում որևէ ներդրում արած չլինեմ: Ենթակառուցվածքների զարգացում, նորոգումներ, ծրագրերին աջակցություն. ներդրումները տարբեր ոլորտներում են արվել՝ առանց ակնկալիքի: Իմ և ընտանիքիս անդամների կողմից արվող ներդրումները տարիների պատմություն ունեն, հետևաբար, Գորիսում որևէ մեկի համար նորություն չէ, երբ որևէ ներդրում է արվում մեր կողմից: Պարզապես հիմա բոլորովին այլ պատասխանատվությամբ եմ մոտենում խնդիրների լուծմանը:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը նոյեմբերի 5-ին: Շատերը Ձեզ արդեն ընտրված քաղաքապետ են համարում:

– Այդ մասին դեռ վաղ է խոսել։

– Պարոն Առուշանյան, մամուլը գրեց նաև Ձեր դաջվածքների մասին: Հիմա էլ գրել են, որ պլաստիկ վիրաբույժ եք փնտրում, որ ազատվեք դրանցից: Ճի՞շտ են խոսակցությունները:

– Կարծում եմ՝ բոլորն էլ լավ հասկանում են, թե ովքեր են այդ խոսակցությունները տարածում և ինչ նպատակով: Հետևաբար, որևէ անհրաժեշտություն չեմ տեսնում մեկնաբանություն անելու:

– Բայց դաջվածքներ ունե՞ք, թե՞ ոչ:

– Ես արդեն պատասխանեցի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20