Դանակահարություն Վարդենիսում, Մեղրիում, Էջմիածնինն էլ՝ բացահայտվել է

- in Իրավունք
danakaharutyun

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում Ակունք գյուղի բնակիչ է դանակահարվել։  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից տեղեկացրին, որ դեպքը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա վիճաբանության ժամանակ։

Սեպտեմբերի 21-ին, ժամը 22:15-ին ՀՀ ոստիկանություն Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի կայազորային հոսպիտալից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ դանակահարված քաղաքացի է տեղափոխվել։

«Դեպքի վայր մեկնած խումբը պարզել է, որ նշված քաղաքացին՝ ով Ակունք գյուղի բնակիչ է, «Սուրբ Վարդան» կոչվող սրբավայրի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն գյուղի մեկ այլ բնակչի հետ։ Վերջինս վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է՝ կրծքավանդակի հատվածում վնասվածքներ պատճառելով»,- տեղեկացրին ոստիկանությունից։ Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն։

Armtimes.com-ի տեղեկություններով, օրերս Մեղրիի մաքսատան մոտ դանակահարություն է տեղի ունեցել, երեք քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 00:5-ին, Մեղրիի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց:

«Որովայնի մասում սուր կտրող գործիքից ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 23:40-ին, Մեղրիի մաքսակետի դարպասների մոտ ծագած վիճաբանության ժամանակ վերջիններիս դանակահարել է Թխկուտ գյուղի մի բնակիչ»,- փոխանցեցին ոստիկանության լրատվականից՝ նշելով, որ վերջինս կամավոր ներկայացել է ոստիկանության բաժին, ներկայացրել է հանցագործության գործիք դանակը, և տվել է ինքնախոստովանական բացատրություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում:

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են սեպտեմբերի 17-ին Էջմիածնում տեղի ունեցած դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ. Հայտարարվել է հետախուզում:

Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի փողոցներից մեկում կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ դանակահարվել են Համբարձումյան եղբայրները։ Եղբայրներից մեկի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, իսկ մյուսի առողջությանը՝ թեթև:

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդված 1-ին մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով, որն ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում։ Իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Էջմիածին քաղաքի բնակիչ՝ ծնված 1999թ.:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք, լուսանկարով կատարվել ճանաչում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել՝ 18-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդված 1-ին մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20