«Դիջիթեքն» ի ցույց է դնում երկու հայաստանների գոյությունը

- in Հրապարակ
62
Cxaxot cxel

Հայաստանում մեկնարկել է «Դիջիթեք էքսպո-2017»-ը, որի ընթացքում ցուցադրվում է Հայաստանի տեխնոլոգիական միտքն իր կարողություններով: Ժամանակակից աշխարհում անշուշտ չափազանց միամիտ կարող է լինել սպասելիքը կամ ակնկալիքը, որ երևանյան «Դիջիթեքում» հնարավոր է ցուցադրել բաներ, որոնք կարող են ապշեցնել աշխարհին: Խնդիրը, սակայն, աշխարհին ապշեցնելը չէ, այլ պարզապես աշխարհի հետ համընթաց քայլելը:

Եվ այդ իմաստով հայաստանյան «Դիջիթեքը» հերթական անգամ ցուցադրում է աշխարհի՝ տեխնոլոգիական հեղափոխություն ապրող աշխարհի հետ Հայաստանի համընթաց քայլելու կարողությունը, աշխարհի հետ համընթաց զարգանալու, առաջ շարժվելու, աշխարհում գլուխը բարձր սեփական տեղն ու դերն ունենալու մեր հանրային ստեղծագործական ներուժի ահռելի պաշարի առկայությունը:

Երևանյան ցուցահանդեսին մենք ականատես ենք լինում թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական մշակումների, որոնք, իհարկե, ցնցող չեն, սակայն ցույց են տալիս, որ մեզ էլ խոշոր հաշվով ցնցելը հեշտ չէ բառի թե՛ տեխնոլոգիական, թե՛ նաև ռազմաքաղաքական իմաստով, այսինքն՝ հարաճուն, միլիարդների սպառազինություն կուտակելով: Մենք ունենք տեխնոլոգիական միտք, որը լիովին ունակ է փոխհատուցել նավթադոլարների և գազային միլիարդների պակասը:

Մյուս կողմից, սակայն, երևանյան «Դիջիթեքը», ցուցադրելով մեր ահռելի ներուժը, հանրային ստեղծագործական կարողությունների ամբողջ պաշարը, զուգահեռաբար ի ցույց է դնում և այն անհամարժեքությունը, որ այդ պաշարի համեմատ ունի հայաստանյան պետության կառավարման համակարգը կամ պարզապես իշխանություն կոչվածը: Անհամարժեքությունը, որը իր հերթին առաջացրել է ազգային անվտանգության բազմաթիվ սպառնալիքներ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, դրանցով ուղղակիորեն խեղդելով այդ ստեղծագործական ներուժը:

Եվ գործնականում երևանյան «Դիջիթեքն» ի ցույց է դնում երկու հայաստանների գոյությունը՝ այն, ինչը կարող էր լինել, ինչը կարող է լինել, ինչը Հայաստանն է, որը պատրաստ է աշխարհին տալ ու վերցնել լիարժեքորեն, զարգանալ ու զարգացնել լիարժեքորեն, լինել զարգացող աշխարհի լիարժեք մասը, և Հայաստան, որը այդ ամենում է առայժմ միայն խոսքով, իսկ գործով ոչ միայն հեռու է այդ ամենից, այլև նույնիսկ այդ ամենի դեմ է:

Այս երկու Հայաստանները ներկայումս ըստ էության հասել են սահմանային կետի, և ակնհայտ է, որ նրանք «կամ-կամ»-ի առաջ են: Այլ կերպ այդ «կամ-կամ»-ը հետևյալն է՝ կա՛մ Հայաստանը կհաղթի և կզբաղեցնի իր ներուժին արժանի տեղը, կա՛մ Հայաստանը կպարտվի, և այդ ներուժն իր տեղը կգտնի Հայաստանի սահմաններից ավելի ու ավելի հեռու, իսկ թե ինչ տեղ կգտնի Հայաստանի սահմաններին՝ արդեն դժվար է պատկերացնել:

Մենք, իհարկե, ամենևին հակված չենք հոռետեսական սցենարների, սակայն տվյալ պարագայում լավատեսությունն էլ ինքնին ոչինչ է, եթե այն չի ամրագրվում և ուղեկցվում լայնածավալ, առկա ստեղծագործական ներուժին համարժեք առարկայական գործով:

Եվ այս իմաստով այն, որ Սերժ Սարգսյանը մասնակցում է, օրինակ, «Դիջիթեք» ցուցահանդեսին, երբ որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյա մասնակցում է կամ կմասնակցի, այլևս նույնպես ոչինչ է, որովհետև այդ պաշտոնյաների անելիքը ցուցահանդեսում չէ, այդ պաշտոնյաների անելիքը իշխանությունում է, իրենց իշխանական աշխատասենյակներում կայացվելիք որոշումներում: Նրանք են պատասխանատու այն բանի համար, որ Հայաստանի հանրային ներուժը այլևս արտահայտված լինի հայկական պետականության կյանքում, ոչ թե ամենամյա ցուցահանդեսում կամ քրեաօլիգարխիկ համակարգից և ներիշխանական «ռազբորկաներից» դուրս տեխնոլոգիական, նորարարական կղզյակներում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20