Դոն Պիպոն պարզել  է իր դեմ մահափարձի մանրամասները

- in Հասարակություն
182
Bazkator

Գիշերը Էջմիածնում տեղի ունեցած սպանությունը ուղղակիորեն կապված է ամիսներ առաջ էջմիածինցի քրեական հեղինակություն Դոն Պիպոյի  և Վստրեչի ապերի մահափորձի հետ:

Երեկ գիշերը կրակոցների պատճառով մեքենայում սպանված Լևոն Ավետիսյանն ու Կարեն Դավթյանը քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի ընկերներն են եղել: Մեզ պատմեցին, որ սպանվածներից մեկը հունիսի 8-ին  ներկա էր եղել Կիևյան փողոցում Կանևսկոյի ընկերների և թիկնազորի անդամների վնասազերծմանը: Նա եղել էր վնասազերծվողներից մեկը, սակայն կարճ ժամանակ անց ազատ էր արձակվել:

Դոն Պիպոյի և Վստրեչի ապերի դեմ մահափորձից հետո մամուլը գրեց, որ մահափորձի հետքերը տանում են դեպի Արտյոմ Հարությունյան՝ Արտյոմ Կանևսկոյ: Ըստ տեղեկությունների՝ մահափորձն իրականացնողները եղել են Կանևսկոյի մարդիկ:

Էջմիածնի մեր աղբյուրները պատմեցին, որ կատարվածը, ըստ էության, վենդետա է և անմիջականորեն կապված է Դոն Պիպոյի դեմ իրականացված մահափորձի հետ. «Երևի փորձել են վրեժ լուծել մահափորձի համար»:

Հիշեցնենք, որ մահափորձից հետո Դոն Պիպոն հարցազրույց էր տվել և, անդրադառնալով կատարվածին և հնարավոր պատվիրատուին, ասել էր. «Այս պահին ոչ մի հստակ բան չեմ կարող ասել, բայց ես շատ շուտով ինքս ինձ համար, կարծում եմ, կհասկանամ, թե որտեղ կարող էր թաքնված լինել շան գլուխը: Ես 46 տարեկան եմ և շատ լուրջ ճանապարհ եմ անցել, և կարծում եմ՝ էս ամենը չի մնա հանելուկ… Ես կպարզեմ, թե սրա թիկունքում, թիկունքի թիկունքում ով էր կանգնած: Ես էդ ամենը կպարզեմ ու կիմանամ…

Գիտեք, Աստված տալիս է բոլորի պատասխանը: Երբ որ ես հարյուր տոկոսով պարզեմ ու հասկանամ, թե ով էր այս դավադրության հեղինակը կամ գուցե հեղինակները, այն ժամանակ ես իմ հետևությունները կանեմ»,- ասել էր նա:

Հավանաբար Դոն Պիպոն պարզել  է իր դեմ մահափարձի մանրամասները՝ մանավանդ, որ նրան ի սկզբանե ավելի շատ բան էր հայտնի, քան իրավապահներին, քանի որ հենց Դոն Պիպոյի մարդիկ էին բռնել մահափորձն իրականացնողներին և հանձնել իրավապահներին: Հավանաբար բոլոր մանրամասները պարզելուց հետո Դոն Պիպոն «համապատասխան հետևություններ է արել», ինչի հետևանքով ունենք երկու սպանված:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վաղարշապատի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ: Սեպտեմբերի 12-ին, ժամը 00:20-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասում կրակոցի հետքերով վնասված ավտոմեքենա է հայտնաբերվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Նախնական տվյալներով՝ նույն օրը, ժամը 00:10-ի սահմաններում, հրազենից կրակահերթ է արձակվել «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդ Լևոն Ավետիսյանը՝ ծնված 1981թ., և ուղևոր Կարեն Դավթյանը՝ ծնված 1973թ., ստացած հրազենային վնասվածքներից մահացել են: Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի հարակից տարածքից հայտնաբերվել են 7.62 մմ տրամաչափի պարկուճներ, իսկ ավտոմեքենայի սրահից՝ «Սայգա-ՄԿ 7.67-39մմ» գրառմամբ ինքնաձիգ ՝պահունակներով: ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Картинки по запросу don pipo

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20