Եթե իրական ներդրումները չկան, դրանք կարելի է «նկարել»

- in Տնտեսական
278
Karen Karapetyan

Առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության մեջ արված ներդրումները չեն գերազանցում ծիծաղելի 40 միլիոն դոլարը, և նույնիսկ ամենավառ երևակայություն ունեցող մարդը չի կարող հավատալ, որ մինչև տարեվերջ Կարեն Կարապետյանը կարող է ապահովել խոստացած 830-850 միլիոն դոլարի ներդրումը:

Ասում են՝ նույնիսկ վարչապետի հովանավոր Սամվել Կարապետյանն է լվացել ձեռքերն ու այլևս չի հավատում Կարեն Կարապետյանի սինգապուրյան հրաշքին: Համենայնդեպս, մամուլը գրեց այդ մասին, ու կառավարությունից չկա ոչ մի արձագանք:

Եթե իրական ներդրումները չկան, դրանք կարելի է «նկարել»: Կարեն Կարապետյանը այդպես է որոշել իրականություն դարձնել սեփական խոստումը, որպեսզի 850 միլիոնանոց փաթեթով մասնակցի վարչապետի պաշտոնի համար հայտարարված աճուրդին: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել կառավարության տարածած արտառոց, սկանդալային պարզաբանումը, որտեղ մասնավորապես կարդում ենք. «Դրանց (850 միլիոնի) մեջ ներառված են տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝ վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն-մասնավոր հատված համագործակցության ներդրումային ծրագրերը»:

Նման բացահայտ մանիպուլյացիայի, ակնհայտ կեղծիքի չի դիմել Հայաստանի ոչ մի կառավարություն՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի քաղաքական պատկանելություն, մասնագիտական կամ բարոյական որակ է ունեցել վարչապետը: Կառավարությունը փաստորեն ասում է, որ վարչապետի ասած 830-850 միլիոնի ներդրումը ներառում է պետբյուջեի ծախսերը: Նման արտառոց պարզաբանում, այս կարգի ցինիզմ հնարավոր չէ գտնել անգամ աֆրիկյան կամ ասիական հետամնաց երկրներում:

Ստացվում է, որ կառավարությունը մեր տված հարկերի հաշվին ինչ-որ գործառույթներ է իրականացնում, ասենք՝ ճանապարհ կամ դպրոց է վերանորոգում ու դա ձևակերպում է որպես ներդրում: Այս նույն տրամաբանությամբ ներդրում կարելի է համարել փակված դպրոցների ու կրճատված ուսուցիչների կամ մեր առողջության հաշվին խնայված պետական միջոցները:

Կարեն Կարապետյանն ակնհայտ հովանավորչություն է անում, երբ իր մերձավոր ընկերոջ ու առանցքային պաշտոնյայի բիզնեսը ազատում է հարկերից, բայց երևի դա ոչ թե շահերի բախում է, այլ ընդամենը ներդրումային ծրագիր: Մտերիմների համար ԱԱՀ-ից ազատումը նույնպես ոչ թե պետական միջոցների մսխում է, այլ ներդրում:

Կարեն Կարապետյանի և Թուրքմենստանի նախագահի՝ վերջերս կայացած հանդիպումը պաշտոնական լրահոսն այնպես ներկայացրեց, ասես երկրին սպասվում են դարի գործարքներ: Մինչդեռ հարկատուներիս հաշվին ռոճիկ ստացող և իր բարձրաստիճան հյուրին պետական փողերով ճոխ հյուրասիրող Կարապետյանը, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, զբաղված էր սեփական բիզնեսի բարգավաճմամբ. խոսքը Թուրքմենստանում գազալցակայաններ բացելու Կարապետյանի մասնավոր նախաձեռնության մասին է: Սա էլ երևի արտահանման խրախուսում է:

Հանրապետության քսանվեց տարիների ընթացքում ունեցել ենք ձախողված վարչապետներ, եղել են հասարակությանը մանիպուլացնելու բազմաթիվ դրվագներ, սակայն չենք հիշում, որ նման ձևով ծաղրեն հասարակությանը՝ նրա դեմ օգտագործելով գազպրոմային կոռուպցիայի և խարդավանքների ողջ զինանոցը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20