ԵՏՄ-ում Հայաստանի գտնվելը չէ սարսափելի

Armen Ashotyan

Ներկայումս Հայաստանի ելքը ԵՏՄ-ից երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը։

Ուշագրավ է, որ Աշոտյանը սկզբունքորեն ոչ թե քննադատում է «Ելքի» նախաձեռնությունը, դա համարում անիրատեսական կամ ոչ ադեկվատ, այլ ընդամենն արձանագրում է, որ ԵՏՄ-ում Հայաստանի անդամության չեղարկումն առաջնահերթություն չէ: Ընդ որում, երբ որևէ հարց առաջնահերթություն չէ, պարտադիր չէ, որ դրա նկատմամբ անպայման բացասական կամ մերժողական վերաբերմունք լինի:

Ըստ ամենայնի, իշխանություններն որոշել են ոչ թե թվաբանական մեծամասնության «կացնային» տրամաբանությամբ մերժել «Ելքի» նախաձեռնությունն, այլ հակառակը` այն ինչքան հնարավոր է` երկար պահել օրակարգում, որպես հաղթաթուղթ օգտագործել արտաքին քաղաքական կենտրոնների հետ հարաբերություններում:

Իհարկե, միամիտ չլինենք` կարծելու համար, որ Հայաստանի քրեաօլիգարխիկ իշխանությունը կարող է նման սկզբունքային հարցում հակադրվել Մոսկվային, մանավանդ, որ եվրասիականությունը ոչ միայն կոնկրետ կառույց է, այլ առաջին հերթին` մտածողություն, արժեքային համակարգ, որը հարազատ է նաև Հայաստանի իշխանություններին: Ու շատ հաճախ մենք գործ ունենք հենց Հայաստանի իշխանության էգոիստական ցանկությունների, քան` Մոսկվայի հարկադրանքի հետ, որովհետև, ի տարբերություն Եվրոպայի, եվրասիական տարածքում որևէ մեկն օրինական ընտրությունների անցկացման կամ կոռուպցիայի դեմ պայքարի պահանջ չի դնում: Այնպես որ` նույնիսկ տեսականորեն բացառում ենք, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը նախաձեռնի ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց կամ աջակցի նման գործընթացի:

Մյուս կողմից` հայ-ռուսական հարաբերությունների նշաձողն այսօր այնքան ցածր է, որ իշխանությունները հարկադրված են ինչ-որ քայլեր անել` սեփական սուբյեկտությունն ամբողջովին չկորցնելու համար: Երբ Երևանը դիվանագիտական խողովակներով կամ երկչոտ հրապարակային հայտարարություններով փորձում է Ռուսաստանին հետ պահել Ադրբեջանին սպառազինելու քաղաքականությունից, սակայն Մոսկվան ու Բաքուն խոսում են մատակարարումների նոր` 2-3 միլարդանոց պայմանագրի մասին, ապա Երևանը պարտավոր է թեկուզև ցուցադրաբար հասկացնել, որ սպառազինություն կարող է ձեռք բերել Չինաստանից կամ նույնիսկ` Իսրայելից: Չնայած նախագահի ու վարչապետի վստահ հայտարարություններին` Երևանում ամենևին էլ վստահ չեն, որ Մոսկվան վերջին պահին չի խոչընդոտի Եվրամիության և Հայաստանի միջև շրջանակային նոր համաձայնագրի ստորագրմանը:

Այս համատեքստում «Ելքի» նախաձեռնությունը ճիշտ ժամանակին էր, մնում է` իշխանությունները կարողանան ճկուն վարքագիծ ցուցաբերել և օգտվել ստեղծված իրավիճակից: Օրինակ` Գագիկ Ծառուկյանը ԵՏՄ-ի համոզված կողմնակից է, սակայն այսօր հասկացրել է, որ իր խմբակցությունը պատրաստ է առնվազն հանգամանալից քննարկել «Ելքի» նախաձեռնությունը:

Երբ Աշոտյանն ասում է, որ ներկայումս Հայաստանի ելքը ԵՏՄ-ից երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ` նրա խնդիրն ոչ թե ընդդիմության նախաձեռնության հանդեպ մերժողական վերաբերմունք դրսևորելն է, այլ մոսկովյան ինչ-որ շրջանակների հասկացնելը, որ եթե Մոսկվայի տարածաշրջանային քաղաքականությունը չվերանայվի, ապա շատ հնարավոր է, որ «Ելքի» նախագիծը Երևանի օրակարգում կդառնա առաջնահերթություն: Եթե սա ոչ թե Աշոտյանի մասնավոր, այլ իշխանության տակտիկան է, դա միայն ողջունելի է:

Այլ բան, որ մարտավարությունը կարող է արդյունավետ լինել, եթե իշխանություններն այն օգտագործեն ոչ միայն օտար մայրաքաղաքներին մեսիջներ հասցեագրելու համար, այլ իսկապես ներքին լուրջ քաղաքական դիսկուրս ծավալեն` համակարգի, նրա կողմից ընդունվող որոշումների որակը բարձրացնելու ուղղությամբ: ԵՏՄ-ում Հայաստանի գտնվելը չէ սարսափելի, այլ այն, որ մեր էլիտան իրեն զրկել է մտածելու, այլընտրանքներ գտնելու ընդունակությունից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20