Երբ հեռանա «թիրախը», ավելորդ է դառնում «որսորդը»

- in Հրապարակ
230
serzh-sargsyan

Այս աշունը քաղաքական դաշտի համար դեպրեսիվ է լինելու, որովհետև Սերժ Սարգսյանը չի բացահայտելու իր քաղաքական հեռանկարը:

Քաղաքական դաշտի անորոշությունն ու դեպրեսիան այն գործիքներն են, որոնցով Սարգսյանը հմտորեն վերահսկում է համակարգը, անգամ` քաղաքական այն ուժերի վարքագիծը, որոնց ներկայացուցիչները առավոտվա սուրճ խմելուց` մինչև երեկոյան թեյախմություն, պահանջում են Սերժ Սարգսյանի հեռացումը:

Անկախ նրանից` ով, ինչ է խոսում հրապարակայնորեն, այնպիսի տպավորություն է, որ թե իշխանության քծնողը, թե ընդդիմության անհանդուրժողը պոտենցիալ «համոզող» են, այսինքն` Սարգսյանին ուզող-չուզողի դեպրեսիայի առիթը ոչ թե անորոշությունն է, այլ մտավախությունը, որ նա կարող է չզբաղեցնել վարչապետի պաշտոնը:

Իշխանության պարագան քիչ թե շատ հասկանալի է, որովհետև ցանկացած իշխանություն բնույթով պահպանողական է ու դժվար է ադապտացվում առաջին դեմքի փոփոխությանը: Ընդհանուր օրինաչափությանը Հայաստանում գումարվում են զուտ տեղական առանձնահատկություններ: Հայաստանի իշխանությունը գործում է ոչ թե սահմանադրական ռեժիմում, այլ քրեականացված համակարգում, որտեղ էական է «Առաջինի» ոչ թե քաղաքական, այլ` ներհամակարգային լեգիտիմությունը:

Համակարգի ներսում չկա որևէ մեկը, բացի Սերժ Սարգսյանից, ով կոնսենսուս լինի դրա բոլոր սեգմենտների համար: Եվ վերջապես` գոյություն ունի մարդկային գործոն. իշխանության ներկայացուցչները չեն ուզում տոտալ «փչանալ», որովհետև եթե Սարգսյանը որոշի վարչապետ չլինել, նրանք վերջինիս կենդանի «ժուչոկ» են դառնալու իշխանության ներսում, նրանցից ոմանց բաժին է հասնելու «կրկնակի ժուչոկի» գործառույթը:

Ավելի բարդ է ընդդիմության պարագան: Եթե մեր ընդդիմությունը սեփական օրակարգ ունենար, ապա կնախապատրաստեր իր «ճակատամարտն»` ուրիշի հաղթանակի խրախճանքի անկոչ հյուր դառնալու փոխարեն: Բացի այդ՝ մեր ընդդիմությունն օրակարգ չունի և ավելին` կամա, թե ակամա, խաղում է Սերժ Սարգսյանի կանոններով:

Ընդդիմադիրներից շատերը հրապարակավ պահանջում են Սերժ Սարգսյանի հեռացումը` ներքուստ սարսափելով այդ հեռանկարից, որովհետև` եթե հեռանա «թիրախը», ավելորդ է դառնում «որսորդը»: 1998-ին հենց այդպես` աննկատ, ըստ էության, քաղաքական լուսանցք հեռացավ գլխավոր ընդդիմադիր Վազգեն Մանուկյանը, երբ տասնամյա մենության գնաց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20