«Երրորդմասցի Լյովիկին ու ընկերներին սպանողների մեքենան խուզարկվել, բայց չի կնիքվել»

- in Իրավունք
Nubarashen

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործով դատական քննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկ» մականունով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել ու պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող, 1963 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով  երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Երեք ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչում:

Դատարանը լրացուցիչ ապացույցների հետազոտման փուլում է:

Ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդությամբ դատարանը հրավիրում և հարցաքննում է քննչական գործողություններին մասնակցած ընթերականերին:

Դատարան էր բերվել սպանություն կատարելու նպատակով «Նուբարաշեն» ՔԿՀ գնացած ենթադրյալ հանցագործների մեքենայի խուզարկությանը մասնակցած ընթերակա Կարեն Սարգսյանը, ով նույն դատավորի՝ Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ քննվող  մեկ այլ գործով ամբաստանյալի կարգավիճակ ունի և ներկայումս գտնվում է արգելանքի տակ:

29-ամյա Կարենն ասաց, թե չգիտի՝ իրեն ինչի՞ համար են բերել դատարան՝ ահագին ժամանակ է անցել, ինքը բացարձակապես ոչինչ չի հիշում. «Երկու տարի ա անցել, էնքան բան ա իմ կյանքում տեղի ունեցել, կարող ա մասնակցել եմ աշխատելու վախտ, բայց  ոչինչ չեմ հիշում…»:

Կարեն Սարգսյանն ասաց, որ Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ կատարված սպանության ժամանակ ինքն աշխատել է Դատապարտյալների հիմնադրամի հացի արտադրամասում, որը «կպած էր» ՔԿՀ-ին, դատապարտյալներին հաց էր մատակարարում: Իսկ 2015 թվականի դեկտեմբերի 7-ից ինքն աշխատել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ որպես անվտանգության կրտսեր մասնագետ:

Երբ Կարեն Սարգսյանը պնդեց, որ ոչինչ չի հիշում, մեղադրողը նրան ցույց տվեց Երրորդմասցի Լյովիկին ու նրա ուղեկիցներին ենթադրաբար սպանողների մեքենայի խուզարկության արձանագրության տակ ընթերակա Կարեն Սարգսյանի ստորագրություններն ու անուն-ազգանունի ձեռագիր նշումները: Սարգսյանն ընդունեց, որ իր ձեռագիրն է, իր ստորագրություններն են:

Պաշտպանի հարցին՝ ստորագրելուց առաջ ընթերական ընթերցե՞լ է կազմված արձանագրությունը, Սարգսյանը պատասխանեց, թե չի ընթերցել, չգիտի՝ արձանագրությունը քանի էջից է բաղկացած: Պաշտպանը նշեց, որ ընթերական ստորագրել է մի արձանագրության տակ, որտեղ նշված է, թե խուզարկության ենթարկված մեքենան կնիքվել է, բայց այն փաստորեն կնիքված չի եղել՝ մեքենայի զննության ժամանակ դատավարության կողմերը կնիքված լինելու որևէ հետք չեն տեսել:

Դատական այս նիստին պետք է ներկայանար ևս մեկ ընթերակա՝ Յուրի Գալստյանը: Նախորդ նիստին  հարցաքննված ընթերականերից մեկն ասել էր, թե Յուրին իր հարևանն է, նա գտնվում է Ռուսաստանում:

Դատարանը ՍԷԿՏ համակարգին հարցում էր կատարել , ստացվել էր պատասխան, որ արձանագրությունը ստորագրած անձի տվյալներով, 1956 թվականին ծնված որևէ մեկի վերաբերյալ համակարգում տեղեկություն չկա: Բայց տեղեկություն կա 1957 թվականին ծնված, նույն անուն-ազգանուն-հայրանունով անձի մասին, ով հատել է ՀՀ սահմանը ու մեկնել է ՌԴ: Այս անձի ոչ միայն ծննդյան տարեթիվն էր ուրիշ, այլ նաև՝ բնակության վայրի հասցեն՝ երկու Յուրի Գալստյաններն էլ Նուբարաշենի խճուղում են բնակվում, բայց՝ տարբեր շենքերում: Պետռեգիստրում 1956 թվականին ծնված Յուրի Գալստյան հաշվառված չէ, բայց հենց ա՛յդ տվյալներով Յուրի Գալստյանն է, ըստ մեքենայի խուզարկության արձանագրության, որպես ընթերակա մասնակցել քննչական գործողությանը:

Դատարանը որոշեց մեկ անգամ ևս ծանուցել քննչական գործողությանը մասնակցած անձի հասցեով:

Ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ եթե այդ ծանուցումն էլ նպատակին չծառայի, ինքը հաջորդիվ կգնա ու ըստ հասցեի մասնավոր հարցում կկատարի ընթերակայի վերաբերյալ: Միգուցե մեքենայի խուզարկությանը «Յուրի Գալստյան» անուն-ազգանունով անձ որպես ընթերակա չի էլ մասնակցել…

Դատական նիստի ընթացքից գոհունակություն չստացած ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանը դժգոհեց. «Արդեն չեմ հասկանում՝ ինչ ա կատարվում»:

Դատարանն աստիճանաբար մոտենում է դատական վիճաբանությունների փուլին, սակայն մինչ այդ փաստաբան Լուսինե Սահակյանը դեռ միջնորդություններ ունի՝ որոշակի ապացույցների անթույլատրելիության վերաբերյալ:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20