Երևանի ավագանու «հերոսները» պալատական մտավոռականներն են և թաղի խուժանը

- in Ով ով է ..., Պնակալեզներ
106
Jrvezh Yerevan

Ինչքան էլ ճշմարտություն է այն պնդումև, որ խորհրդարանը քրեաօլիգարխիայի հայելին է, այնուամենայնիվ` այն որոշակիորեն «խմբագրվում», ֆիլտրվում է իշխանությունների կողմից, որպեսզի քաղաքակրթական տանելի դեմք ունենա:

Ի վերջո, խորհրդարանը հայելի է, որտեղ ոչ միայն իշխանությունն է տեսնում սեփական դեմքը, այլ այն ցուցադրվում է նաև մյուսների, այդ թվում` միջազգային հանրության համար: Այս առումով, խորհրդարանը լինելով համակարգի բովանդակային կոնսենսուսը, միևնույն ժամանակ քաղաքակրթական որոշակի քող է, որը թեև ամբողջովին չի քողարկում քրեաօլիգարխիայի այլանդակ դեմքը, սակայն նրան որոշակի բարեկրթություն է հաղորդում:

ՀՀԿ Երևանի ավագանու ցուցակը բաձր մակարդակով չի ֆիլտրվել, այն ավելի ամբողջական է արտահայտում իշխանության և մեր իրականության թշվառությունը, այն սարսափելի արժեքային դեգրադացիան, որ ապրում են քաղաքական և հասարակական հարաբերությունները երկրում:

Երևանի ավագանու «հերոսները» պալատական մտավոռականներն են և թաղի խուժանը` այն երկու խավերը, որոնց միջոցով իշխանությունները, այսպես կոչված, ինտելեկտուալ և ֆիզիկական հաշվեհարդար են տեսնում հասարակության հետ: Այս երկու խավերն էլ, իրենց բնույթով, սպառողական և ապաքաղաքական են, արժեհամակարգով` քրեական, որովհետև դեռ հայտնի չէ, թե ով է ավելի մեծ հանցագործ` իր թաղում ընտրողին ահաբեկող թափթփո՞ւկը, թե՞ նրա գործողություններն որպես հումանիզմ մատուցող պալատական սազանդարը:

Երևանի ավագանու նիստի օնլայն հեռարձակմանը հետևած ցանկացած քաղաքացի, կարծում ենք, վստահաբար կպնդի, որ ավագանու այս կազմը նույնիսկ Երևանում էքսկուրսիա կազմակերպելու պոտենցիալ չունի, էլ ուր մնաց` կառավարում իրականացնելու: Ավագանու մեծամասնության նման կառուցվածքը, ըստ ամենայնի, պատահական չի ընտրված: Բացի այն, որ այն կուսական վիճակով ներկայացնում է գործող համակարգը, նաև քաղաքային կոռուպցիոն կառավարման կարևոր բաղադրիչ է` բառի հակառակ իմաստով, որովհետև այսպիսի ավագանին ոչ միայն չի կարող վերահսկել քաղաքապետին և նրա թիմին, այլ, ըստ էության, նրանց համար հատակի շոր է, որի վրա մաքրվում են կեղտոտ ոտքեր: Ավագանիում ընդդիմության ներկայությունն ավելի շատ գեղեցիկ ֆասադի դեր է կատարում, որը հանրությանը թույլ չի տալիս մինչև վերջ թափանցել համակարգի միջնադարյան խորշերը:

Այսօր ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամները, մասնավորապես «Ծիտ» մականունով հայտնի Արմեն Սահակյանն ամբողջ նիստի ընթացքում հեգնել է «Ելք» խմբակցության անդամներին՝ Անահիտ Բախշյանին դիմելով «պարոն», ապա նաև «լսի, Անո» արտահայտություններով:

Եթե ձեզ թվում է, որ խորհրդարանի օդիոզները «Ծտից» ավելի բարոյական կամ ինտելեկտուալ են, սխալվում եք: Ուղղակի խորհրդարանի «ծտերը» քողարկված են Հանրապետականի, այսպես կոչված, քաղաքական և ինտելեկտուալ թիմի ստվերում և նրանց ձայնը լսելի է «վանդակներից»: Սակայն մենք` վերից վար, գործ ունենք, ըստ էության, «ծտերի» իշխանության հետ, որն այդպիսին է այդ բառի մի քանի փոխաբերական իմաստով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20