Երևանում ստերիլիզացվել են 3144 թափառող կենդանիներ, իսկ 7632-ը՝ վնասազերծվել

- in Պաշտոնական
64
shun

2017 թվականին  ստերիլիզացվել են 3144  թափառող կենդանի, իսկ  7632-ը վնասազերծվել են: Թափառող կենդանիների թաղումը կատարելու նպատակով Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 5000 քմ տարածք Էրեբունի վարչական շրջանում:

Ինչպես  տեղեկացրին  Երևանում թափառող կենդանիների դեմ պայքարող  «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունից, տարածքը հատկացված է ընկերությանը, և «Յունիգրաֆ-Իքս»-ից բացի որևէ մեկն այդ տարածքում իրավունք չունի կենդանի թաղել:

«2017թ. ընթացքում մինչև սեպտեմբերի 10 ներառյալ «Յունիգրաֆ -Իքս» ընկերության կողմից ստերիլիզացվել են 3144, վնասազերծվել է 7632 թափառող կենդանի»,-ասաց  «Յունիգրաֆ-Իքս»  ընկերության լրատվության պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունից տեղեկացրին՝ թափառող կենդանիների մոտ հավանական վարակիչ հիվանդությունների հայտնաբերման ուղղությամբ ևս քայլեր են իրականացվում: «Յունիգրաֆ-Իքս» ընկերության կլինիկայում որսված թափառող կենդանիները ենթարկվում են հետազոտության  և ստերիլիզացիա կատարելու դեպքում դրանց նկատմամբ իրականացվում են պատվաստման ու բուժման աշխատանքներ:

Լիլիթ Գրիգորյանի խոսքով՝ թափառող շների մոտ հայտնաբերվում են մի շարք հիվանդություններ, օրինակ, ժանտախտ, մաշկային հիվանդություններ։ Որոշ հիվանդություններ բուժման ենթակա չեն, նման դեպքերում թափառող կենդանիները քնեցվում են։ «Կան հիվանդություններ, որոնք  մինչև կենդանուն բաց թողնելը մասնագետները բուժում են։ Ստերիլիզացված բոլոր կենդանիները մինչև բաց թողնելը պատվաստվում են մի շարք հիվանդությունների դեմ և ճիճվաթափվում»,-ասաց նա:

Իսկ թափառող կենդանիների թաղումն իրականացվում է Էրեբունի վարչական շրջանի տարածքում՝ Նուբարաշենի խճուղու հարևանությամբ գտնվող թափառող կենդանիների գերեզմանոցում: Սակայն, քանի որ տարածքը Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի հիման վրա հատկացված է «Յունիգրաֆ -Իքս» ընկերությանը, ընկերությունից բացի որևէ մեկն այդ տարածքում իրավունք չունի կենդանի թաղել։

Երևանում դեռևս չկան նաև ընտանի կենդանիների զբոսանքի համար հատկացված հատուկ տարածքներ: «Սակայն ներկայում Երևանի քաղաքապետարանը քայլեր է իրականացնում քաղաքի վարչական շրջաններում շների զբոսանքը կազմակերպելու համար առանձին տարածքներ առանձնացնելու և հատկացնելու ուղղությամբ, և շուտով այդ աշխատանքները կավարտվեն»,- տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20