Banda

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը՝ ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի, Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի վերաբերյալ:

Ըստ մեղադրանքի՝ հանցավոր «համագործակցությունը, կազմակերպված խումբը» ստեղծել ու ղեկավարել է Արթուր Վարդանյանը:

Խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերվել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, սարքեր՝ ՀՀ իշխանությունը բռնությամբ զավթելու նպատակով, սակայն 2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են բացահայտված խմբի անդամներին:

Հայր Անտոնը՝ «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն, Գյումրու Կաթոլիկե եկեղեցու քահանա, ՀՀ և Ավստրալիայի քաղաքացի  Անտոն Դիկար Թոթոնջյանը, ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի ապրիլից «անձնապես» ծանոթացել է Իսպանիայից Հայաստան ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս ստեղծած հանցավոր «համագործակցությանը»՝ ֆինանսավորելով այն:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Շիրխանյանը 2015 թվականի մայիսից «անձնապես» ծանոթանալով Հայր Անտոնի, Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել վերջինիս ստեղծած հանցավոր համագործակցությանը…

Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 223 հոդվածի 2-րդ, 235 հոդվածի 3-րդ, 35-300 հոդվածի 1-ին մասերով:

Դատական քննությունը վկաների հարցաքննության փուլում է:

Դատական նիստի սկզբում ամբաստանյալ Խաչիկ Ավետիսյանի շահերի պաշտպան, փաստաբան Գիվի Հովհաննիսյանը հայտարարեց, թե միջնորդություն ունի՝ իր պաշտպանյալի տեսակցությունը 2 տարեկան թոռնիկի հետ թույլատրելու վերաբերյալ:

Նախագահողը հիշեցրեց, որ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել բոլոր ամբաստանյալների մասով՝ թույլատրել տեսակցությունները միայն ծնողների, ամուսինների, զավակների հետ: Թոռների հետ տեսակցություն չի թույլատրվել, այնպես որ՝ փաստաբանի միջնորդությունը մերժվում է:

Դատական նիստի ավարտին ամբաստանյալ Խաչիկ Ավետիսյանը մեկ անգամ ևս պահանջեց իրեն թույլատրել, որ տեսակցի թոռնիկի հետ, բայց նախագահողը կրկնեց նիստի սկզբում ասվածը: Ամբաստանյալը վրդովվեց: Նա հայտարարեց, որ ինքը ծնողներ չունի, իսկ թոռ ունի, որին շատ է ուզում տեսնել: Խաչիկ Ավետիսյանը հայտարարեց. «Երկու տարեկան էրեխեն ինչի՞ն կարող է խոչընդոտել… Դուք մտածված իմ դեմ քայլեր եք անում, հաջորդ դատին ես չեմ գալու, ընդհանրապես չեմ գալու այս նիստերին…»:

Ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանին էլ թույլատրվել էր առայժմ միայն կնոջ հետ տեսակցել, իսկ որդիների հետ՝ ոչ, քանի դեռ նրանք միայն ծննդյան վկայականներ են ներկայացրել, բայց պարտադիր պիտի ներկայացնեն անձնագրեր: Հարություն Սարիբեկյանը նույնպես վրդովվեց ու նախագահողին ասաց. «Ձեզ դրեք մեր տեղը»: Նախագահողը հետադարձեց. «Դուք էլ ձեզ դրեք մեր տեղը»…

Դատական նիստին ներկայացել էին յոթ վկաներ:

Վկա Շողիկ Հախվերդյանը Մարաշի առանձնատան տիրուհին է, ով առանձնատունը 2015 թվականի հոկտեմբերին բրոքերի միջոցով վարձակալության էր հանձնել Արթուր Վարդանյանին:

Վերջինս տանտիրուհուն ներկայացել է երեք աղջիկների՝ Մարինեի, Նելլիի ու Ասյայի հետ: Ասել է, թե Մարինեն իր հաշվապահն է:

Տունը վարձակալել են մեկ ամսով: Նոյեմբերի 25-ին պետք է ազատեին, բայց Մարինե Կաթանյանը հեռախոսով Արթուրի անունից խնդրել է պայմանագիրը երկարաձգել ևս 4 օրով: Վարձակալելու ժամանակ Արթուրը պայման էր դրել իրենց չանհանգստացնել:

Մեկ ամսվա ընթացքում տանտիրուհին Արթուրի հետ չի շփվել, իր տուն չի մտել, չի իմացել, թե այնտեղ ինչ է կատարվել, միայն հեռախոսով խոսել է Մարինեի հետ, իսկ երբ հարցրել է Արթուրին, ամեն անգամ պատասխան է ստացել, թե Արթուրը զբաղված է:

Վկան ասաց, որ տունը վարձակալությամբ է տվել նյութական ծանր վիճակից ելնելով՝ երկու որդիները ծառայում էին բանակում,  նոյեմբերի վերջին պիտի վերադառնային, դուստրը սովորում էր բժշկական համալսարանում: Ինքը բնակվել է մայրիկի տանը, առանձնատունը վարձով է տվել, որ կարողանա ընտանիքի կարիքները հոգալ:

Թե ինչ նպատակով է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանը վարձակալում առանձնատունը, Շողիկը չի «խորացել»: Մտածել է՝ մարդը Իսպանիայից մեկ ամսով է եկել:

Այն  օրը, երբ առանձնատունը պետք է ազատեին, կատարվել է խմբին ձերբակալելու գործողությունը:

Տանտիրուհին տուն է հասել այն պահին, երբ խմբին արդեն ձերբակալել էին և ահավոր խառնաշփոթ էր տիրում: «Պատկերացրեք՝ մտնեք ձեր տուն ու տեսնեք՝ ամբողջը քանդուքարափ է արված՝ դարպասը պոկված էր, տան պատերը քանդված էին, հատակը, պատուհանները վնասված էին, զենքեր էին շարված, արկղերով՝ ականներ, «Ալֆան»՝ 200  հոգի, տանը ման էին գալիս…  Ոչ ոքի սկզբում չէին թողել, որ նկարեն, նույնիսկ Շամշյանին չէին թողել նկարի: Հետո ինձ էլ իրանց հետ տարան «կագեբե», դրանից հետո  լրագրողների հետ քույրս է խոսել… Իմ տանն ամեն բան խառնված էր: Ես հետո մեկ-մեկ դասավորում էի՝ իրենցից հագուստ էր մնացել, ժամացույց, պրինտեր, երկու ֆլեշկա՝ զանգել եմ ոստիկանություն, եկել են, արձանագրություն են կազմել ու տարել: Մատանի, բանկային քարտեր չեմ  գտել… Ինձ իրենցից ոչինչ պետք չէր… Կոմունալ ծախսերը գրել եմ, ինձ Արթուրի կողմից 100 հազար դրամ է փոխանցվել…»:

Վկան ասաց, որ տանը կատարված ավերածությունների վերաբերյալ ինքը ում ասես՝ չի գրել, պատասխանել են, որ ոստիկանությունը կարգի կբերի: Ոստիկաններն իրոք դարպասը սարքել են, պատուհանները՝ դրել, պատերը նորոգել են, բայց, այնուամենայնիվ, վկան ասաց, որ մեծ վնասներ է կրել:

Փաստաբան Սիրուշ Աղվանյանը վկային հարցրեց՝ գիտեի՞ք, որ կարող եք դիմել ձեզ տուժող ճանաչելու հարցով: Վկան ասաց, թե չի իմացել:

Վկա Փայլակ Շմավոնյանը ոստիկանության համակարգի աշխատող է, հետաքննիչ: Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է 2015  թվականի օգոստոսին: Նրա հետ հանդիպել  է Սպիտակում՝ «միջոցառման ժամանակ»՝ իրար հետ նստել են սեղանի շուրջ, հաց են կերել: Արթուրը նրան հետաքրքրել է որպես սփյուռքահայ:

Ըստ վկայի՝ հետագայում, երբ ինքը գալիս էր Երևան, երբեմն հանդիպում էր Արթուրին, իրար հետ խոսում էին «առօրյա թեմաներից»: Իրեն առանձնապես հետաքրքրում էր «դրսի հայերի» ապրելակերպը, նաև՝ ե՞րբ է Արթուրը գնացել Իսպանիա, ո՞նց է ապրում. «Ինձ հետաքրքրում էր՝ արտաքին աշխարհում ինչ է կատարվում…»:

Արթուր Վարդանյանը վկայի վրա թողել է գրագետ մարդու, հետաքրքիր զրուցակցի տպավորություն. «Եթե բացասական տպավորություն ունենայի, երկրորդ անգամ նրա հետ չէի հանդիպի…»:

Արթուրը, ըստ վկայի, առանձնապես հետաքրքրվել է էջմիածինցի հեղինակություն Հայկարամ Գրիգորյանի սպանությունից, որը, վկայի հիշելով՝ 2014-ի էր եղել: Վկան մտածել է՝ Հայկարամը հեղինակություն է եղել, շատերն են նրան ճանաչել, Արթուրն էլ հետաքրքրվում է:

Արթուրը, ըստ վկայի, իր հետ չի խոսել իշխանափոխության, իշխանությունների վատ քաղաքականության մասին, չի խնդրել տեղեկություններ հավաքել ու տրամադրել. «Ես ոստիկանությունում եմ աշխատում, նենց չի՝ թույլ մարդ եմ, որ տեղեկություններ հայտնեի անծանոթ մարդուն… Իմ ու Արթուր Վարդանյանի խոսակցությունների մեջ հանցակազմ չի պարունակվել…»:

Հարցաքննվեցին Հանրային հեռուստաընկերության մի քանի աշխատողներ ու հեռուստաընկերության մուտքը հսկող պահակային ծառայության աշխատողներ: 2015 թվականի նոյեմբերի 14-ին Հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկման  բաժնի աշխատող, ներկա գործով ամբաստանյալ Արման Հայրապետյանը առանց թույլտվություն ունենալու՝ լուրերի թողարկման աշխատասենյակ՝ արգելված գոտի է տարել ու այնտեղ եղած-չեղածը ցույց է տվել ներկայումս ամբաստանյալ Մարինե Կաթանյանին: Վկաները  հարցաքննվում էին այն բանի շուրջ, թե ինչպե՞ս կարող էր այն տարածք, որտեղ կողմնակի անձանց մուտքը արգելվում է, մուտք գործել կողմնակի անձ Մարինե Կաթանյանը: Պատասխաններից պարզվեց, որ նման դեպքեր լինում էին՝ լուրերի թողարկման բաժինը վերասարքավորվել, թվայնացվել էր, պատահում էր՝ աշխատողները իրենց հետ ծանոթների էին բերում ու ցույց էին տալիս, գալիս ու բաժինը նայում էին նաև այլ բաժինների աշխատողները:

Ամբաստանյալ Արման Հայրապետյանը նախկին գործընկերներին հարցնում էր՝ ինքը տիրապետե՞լ է տեղական լուրերի թողարկմանը: Ըստ Արմեն Հայրապետյանի՝ ինքն աշխատել է Ամերիկա հեռարձակվող լուրերի թողարկման վրա, այդ լուրերը Հայաստանում տեսնել չէին կարող, ինքն էլ տեղական լուրերի թողարկմանը միջամտել չէր կարող…

Հարցաքննվեց «Կոմբատ» խանութի տնօրեն Արմեն Մովսիսյանը: Նա ամբաստանյալներից ճանաչում էր Արթուր Վարդանյանին՝ որպես իրենց խանութի հաճախորդի: Խանութում վաճառվում է զինվորական, ոստիկանական համազգեստ, կոշիկներ, աքսեսուարներ:

Արթուր Վարդանյանը խանութ է գնացել մի քանի անգամ, հիմնականում մենակ չի եղել: Վկան դահլիճում գտնվող ամբաստանյալներից մտաբերեց իրենց խանութ հաճախած Նելլիին: Արթուր Վարդանյանը «Կոմբատ» խանութից կատարել է ընդհանուրը՝ 1-2 միլիոն դրամի առևտուր: Գնել է զինվորական համազգեստ՝ «Հատուկ գումարտակ» գրառումով, երկարաճիտ կոշիկներ, աքսեսուարներ՝ ձեռնոցներ, դիմակներ, մարտական ժիլետներ, արմնկակալներ, սակրավորի բահեր, դանակներ…

Կոշիկները գնել են նախապես փորձելուց հետո:

Քանի որ մեծ քանակությամբ ապրանք էին գնում, խանութում հետաքրքրվել են՝ ի՞նչ նպատակով են անում գնումները: Արթուրը հայտնել է, թե ֆիլմ է նկարահանում:

Վկան ասաց. «Ես չեմ հետաքրքրվել ֆիլմի վերնագրով, բայց տեսակով հետաքրքրվել եմ, Արթուրն ասել է՝ հայրենասիրական ֆիլմ է նկարում…»:

Վկան ասաց, որ իրենց խանութում զինվորական համզգեստը ազատ է վաճառվում, իսկ ոստիկանական համազգեստը վաճառվում է վկայական ներկայացնելու դեպքում: Արթուր Վարդանյանը գնել է ազատ վաճառքում գտնվող համազգեստ, կոշիկներ ու աքսեսուարներ: Նախկինում էլի է պատահել, որ նկարահանումների համար իրենց խանութից գնումներ են կատարել, հիմնականում՝ տեսահոլովակների նկարահանումների համար…

Վկաներից այսօր չէր ներկայացել Տիգրան Սարգսյանը, դատարանին տեղեկացրել էին, որ այսօր նրա հարսանքին է…

Դատական հաջորդ նիստին՝ սեպտեմբերի 22-ին, վկաների հարցաքննությունը կշարունակվի:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •