Էդուարդ Նալբանդյանի կտրված կոնտեքստը

- in Պնակալեզներ
Eduard Nalbandyan

Որոշ մեջբերումներ և մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից։ «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույց ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով որոշ տարածքների վերադարձի վերաբերյալ իր հայտարարության արձագանքները։

«Որոշ մեջբերումներ և մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից։ Ես խոսել եմ համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների մեջ պարունակող հայտնի երեք սկզբունքների եւ վեց տարրերի մասին, որոնք, ըստ հենց եռանախագահների, մշակվել ու ներկայացվել են կողմերին՝ որպես մեկ ամբողջություն, և փորձերը տարանջատել մեկ սկզբունքը մյուսներից կամ մեկ դրույթը մյուսներից անհնարին կդարձնեն կարգավորումը։ Դա է հենց արվում Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ»,- նշել է Նալբանդյանը:

Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, թե Հայաստան-Սփյուռք համաժողովում իր սկանդալային ելույթի որոշ մեջբերումներ և մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից։ Հայաստանի արտգործնախարարների համար սովորություն է դարձել արտահայտել մտքեր, ապա «խմբագրել» դրանք` տեղի տալով քաղաքական և հանրային կոշտ արձագանքին: Տարիներ առաջ նույն կերպ վարվել էր Վարդան Օսկանյանը, որը երկար-բարակ արդարանում էր ազատագրված տարածքներն «օկուպացված» անվանելու համար` անգամ անհեթեթ մեկնություններ բերելով անգլերեն լեզվից:

Էդվարդ Նալբանդյանը հաստատել է, որ վաղը, Նյու Յորքում, ծրագրված է հանդիպում Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ: «Այո, այդպիսի հանդիպում ծրագրված է սեպտեմբերի 23-ին։ Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն է, նաև համանախագահների՝ տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։ Սրանք են այն երկու հարցերը, որոնց մասին խոսելու ենք Մամեդյարովի հետ»,- ասել է Նալբանդյանը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ելույթները գործնականում հնարավորություն չեն տալիս կանխատեսել, որ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հնարավոր հանդիպումը կարող է որևէ բեկում մտցնել կարգավորման գործընթացում, մանավանդ որ Երևանն ու Բաքուն արդեն վաղուց միմյանց համոզելու բան, ըստ էության, չունեն և շեշտը դնում են իրենց դիրքորոշումների միջազգային լեգիտիմությունն ապահովելու վրա: Սա ավելի շատ նմանվում է քարոզչական, տեղեկատվական պատերազմի, որի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը շեշտը դնում են ոչ այնքան սեփական մոտեցումների ռացիոնալ մատուցման, որքան` դիմացինին սևացնելու, քննադատելու վրա: Առիթ ունեցել ենք արձանագրելու, որ ԼՂ խնդիրը տրանսֆորմացվել է երկարատև, ռեսուրսատար հակամարտության, որում, մեծ հաշվով, շահեկան դիրքում կհայտնվի այն կողմը, որն ավելի կենսունակ մոդելով և զարգացման համատեքստին համահունչ դիրքորոշումներով կներկայանա աշխարհին: Ադրբեջանին սպառնում է միջազգային մեկուսացման հեռանկարը, սակայն Հայաստանը չի կարողանում օգտագործել այս պատեհությունը՝ հետամնաց համակարգ ունենալու և ոչ ադեկվատ արտաքին քաղաքականություն իրականացնելու հետևանքով:

Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպմանը նախորդելու է համանախագահների այցը տարածաշրջան: Արդյո՞ք նրանք Երևան և Բաքու են ժամանելու կարգավորման նոր առաջարկներով, թե՞ այդ այցն ավելի շատ նախապատրաստական բնույթ ունի` զերծ լինելով բովանդակային բաղադրիչից: Դժվար է հիմա կանխատեսումներ անելը, սակայն ակնհայտ է, որ եթե անգամ միջնորդների կողմից հնչեն նոր առաջարկություններ, դրանք արմատապես չեն տարբերվելու Մադրիդյան սկզբունքներից:

Ուշագրավ է, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը, եթե այն կայանա, գոնե Հայաստանի նախագահի կարգավիճակում կարող է վերջինը լինել Սերժ Սարգսյանի համար: Վերջինս, իհարկե, չի կարող իր պաշտոնավարման ավարտին ԼՂ խնդրի էջը փակել այնպես, ինչպես դա պատրաստվում է անել հայ-թուրքական արձանագրությունների պարագայում, սակայն ենթադրվում է, որ իր նախագահության տասնամյակը եզրափակելու է արցախյան հարցում Հայաստանի դիրքորոշման նոր նշաձողի սահմանմամբ: Այս պարագայում` Ալիևի հետ հնարավոր հանդիպման կանխատեսելի անարդյունավետությունը կամ բովանդակային ձախողումը կարող են արգումենտ լինել Հայաստանի ղարաբաղյան նոր քաղաքականության ազդարարման համար:

Եվ վերջապես` երեք օր հետո Իրաքյան Քուրդիստանում, իսկ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում սպասվում են անկախության հանրաքվեներ: Աշխարհում կրկին սրվել են բանավեճերը ինքնորոշման և տարածքային անբողջականության սկզբունքների կողմնակիցների միջև: Այս ամենը նույնպես կարող է անուղղակի ազդեցություն ունենալ ԼՂ կարգավորման գործընթացի վրա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20