Ընդամենը 7 քայլ` կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ

- in Իրավունք
63
Davit Harutyunyan

Արդարադատության նախարարությունը հանրությանը կներկայացնի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը:

Սեպտեմբերի 28-ին ՀՀ արդարադատության նախարարության վերջին մեկ տարվա աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսին այս մասին ասաց նախարար Դավիթ Հարությունյանը. «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագծի շուրջ այժմ աշխատանքներ տարվում են և հենց որոշակի մոտեցումները պատրաստ լինեն, դրանք կներկայացվեն հանրությանը, հատկապես` լրատվամիջոցներին, որոնք տեղեկատվության վերաբերյալ հարցերի առաջին պահանջատերն են: Սակայն արդեն շրջանառության մեջ դրված նախագիծը, որը բուռն քննադատություն է առաջացրել, ունի որոշ չափով անհայտ ծագումնաբանություն»:

Հարությունյանը ընդգծեց, որ առանց հանրային լայն քննարկման որևէ նախագիծ առաջ գնալ չի կարող, ուստի պետք է քննարկվի այն նախագիծը, որը մշակում և ներկայացնում է արդարադատության նախարարությունը. «Մենք որոնում ենք ճանապարհներ՝ ինչպես թույլ չտալ իրավունքի չարաշահմամբ տեղեկատվություն պահանջել»:

Արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարում կատարել է մի շարք կարևոր քայլեր, որոնք հետագայում կտան իրենց դրական արդյունքները: Սեպտեմբերի 28-ին ՀՀ արդարադատության նախարարության վերջին մեկ տարվա աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց նախարար Դավիթ Հարությունյանը. «Այդ կարևոր քայլերից մեկն եմ համարում այս տարի ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը, որի համաձայն Հայաստանում առաջին անգամ ստեղծվելու է կոռուպցիայի կանխարգելման մարմին»:

Ի տարբերություն գործող հակակոռուպցիոն մարմինների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ունենալու է ինքնուրույն աշխատակազմ, ֆինանսավորվելու է ՀՀ պետական բյուջեից, օժտված է լինելու անկախության երաշխիքներով:

Դավիթ Հարությունյանը մյուս կարևոր քայլերից է համարում 2017 թվականին հունիսի 9-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը , որով ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը: Դրանք են բոլոր դատախազները, ազգային անվտանգության մարմինների, հարկային, մաքսային ծառայությունների, քննչական կոմիտեի և հատուկ քննչական ծառայության  քննիչները, Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարները և գնումների բողոքարկման խորհրդի անդամները. «Հստակեցվել է փոխկապակցված անձանց շրջանակը, բարեփոխվել է հայտարարագրման համակարգը, ներդրվել է շահերի հայտարարագրման ինստիտուտը, ինչի արդյունքում կբարձրանա հանրային հաշվետվողականությունը: Ինչով էր պայմանավորված այս բարեփոխումը, որովհետև կան պաշտոններ, որոնք պարունակում են կոռուպցիոն ռիսկեր: Այս աշխատանքը հետզհետե շարունակվելու է և անձանց շրջանակը ընդլայնվելու»:

Ըստ ՀՀ արդարադատության նախարարի, պակաս կարևոր չէր «Ապօրինի հարստացման մասին» օրենքը, կանխիկ դրամով գործարքներ կատարելու սահմանափակումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար. «Ազդարարման համակարգի մասին» օրենքը նույնպես կարևոր քայլերից եմ համարում, որի  շրջանակում սահմանվել են ազդարարների պաշտպանության երաշխիքների, ինչպես նաև գործուն կառուցակարգերի ներդրման դրույթներ` անանուն հաղորդում ներկայացնելու մեխանիզմ, ինչը կնպաստի հանրության մեջ կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը, կոռուպցիոն դեպքերի բացահայտմանը»: Նա հավելեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակման ուղղությամբ:

«Դատապարտյալներին կարող է ներում շնորհել ՀՀ նախագահը»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ազատ արձակվել սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը:

Էվելինա ՂԱՍԱԲՈՂԼՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20