Ընտրվել է Սերժ Սարգսյանի փաստացի իշխանությունը վերարտադրելու տարբերակներից մեկը

- in Կարծիք
Serzh Sargsyan

Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո տեղի ունեցած ավանդական ճեպազրույցի ժամանակ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է, թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթը համահայկական առաջնորդի ելույթ էր:

ՀՀԿ-ում աստիճանաբար հանրությանը վարժեցնում են Սերժ Սարգսյանի համազգային մասշտաբի գաղափարին: Կասկածից վեր է, որ գործ ունենք ոչ թե գեղարվեստական ձևակերպման կամ պատկերավոր արտահայտության, այլ քաղաքական նոր կարգավիճակի հետ, որը փորձում են ասոցացնել Սերժ Սարգսյանի անվան հետ: Շարմազանովը երեկ իր ասածը նույնիսկ հիմնավորել է ինստիտուցիոնալ կապով՝ նկատելով, որ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրել է Հայաստան-Սփյուռք համաժողովի քաղաքական ուղերձը: Թերևս հենց սա էր բովանդակազուրկ այդ համաժողովի «պատմական առաքելությունը», որպեսզի դրա և ՄԱԿ-ում Սարգսյանի ելույթի ժամանակագրական, քաղաքական կապով լեգիտիմացվի գործող նախագահի «համազգային» լիդերությունը:

Սերժ Սարգսյանի շրջապատում նույնիսկ առանձնացրել են գործունեության այն ոլորտները՝ արտաքին քաղաքականություն, անվտանգություն, պաշտպանություն, որոնք ընդգծելու են «համազգային լիդերի» լեգիտիմ գերազանցությունը Հայաստանի սահմանադրական ղեկավարի՝ վարչապետի հանդեպ:

Խորքային առումով գործ ունենք վտանգավոր սցենարի, մտայնության հետ, որովհետև, ըստ էության, տեղի է ունենում պետական ինստիտուտների նպատակային արժեզրկման, փոշիացման գործընթաց՝ մեկ մարդու ապագա ոչ լեգալ իշխանությանը քաղաքական լեգիտիմություն հաղորդելու նպատակով: Այս տրամաբանությանն են ենթարկվում նաև ապագա վարչապետի լիազորությունները օրենսդրորեն «խուզելու» մտադրությունները, ապագա վարչապետի անհատական կերպարը կուսակցական էլիտայի հավաքական իշխանության անխուսափելիությանը ստորադասելու նպատակային քարոզչությունը:

Եթե մեր ենթադրությունները ճիշտ են, ապա ընտրվել է Սերժ Սարգսյանի փաստացի իշխանությունը վերարտադրելու ամենաանհաջող տարբերակներից մեկը՝ մանավանդ, որ նոր Սահմանադրությունն ու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները թույլ են տալիս, որպեսզի Սարգսյանը, որպես հաղթած քաղաքական ուժի ղեկավար, միանգամայն լեգիտիմ հիմքով զբաղեցնի վարչապետի պաշտոնը՝ ձևավորելով նոր իշխանություն:

Շատ ավելի վտանգավոր է այն գաղափարական միջավայրը, որտեղ ձևավորվելու է «համազգային լիդերը»: ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթի առանցքը հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մտադրությունն էր: Եթե մեր «համազգայնության» մոտիվը, «համազգային լիդերի» քաղաքական պլատֆորմը դարձյալ լինելու է պրիմիտիվ հակաթրքականությունը, ապա 2018-ի ապրիլից հետո պետությունը խոցելի ենք դարձնելու ոչ միայն ինստիտուցիոնալ առումով, երբ երկիրը ղեկավարելու է սահմանադրական կարգավիճակ չունեցող անձը, այլ նաև քաղաքական տեսանկյունից, որովհետև հակաթուրքական դեմարշը՝ հատկապես քրդական հանրաքվեի և ռուս-թուրքական հնարավոր նոր համաձայնությունների համատեքստում, զուրկ է որևէ քաղաքական բանական մոտիվացիայից:

Ակնհայտ է, որ 2018-ի ապրիլից հետո երկիրը դե ֆակտո շարունակելու է ղեկավարել Սերժ Սարգսյանը, սակայն վերջինիս նոր իշխանությունը կարող է լեգիտիմ և ռացիոնալ  լինել միայն նրա վարչապետության պարագայում: «Համազգային լիդերությունից» մի տեսակ ավտորիտարիզմի և միջնադարյան ասիականության խորշելի հոտ է փչում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20