Թեև տնտեսական ակտիվություն կա, բայց դրա աճը սկսել է դանդաղել

- in Տնտեսական
54
Hashvark

Ազգային վիճակագրական ծառայությունն այլևս չի կարողանում տնտեսական աճի տեմպը մեծ թվերով ապահովել:

Եվ երեկ հրապարակած օպերատիվ նախնական տվյալների համաձայն՝ հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում գրանցվել է 5.5 տոկոս տնտեսական ակտիվություն այն դեպքում, երբ յոթ և վեց ամիսների կտրվածքով այդ ցուցանիշը 6.1 և 6.2 տոկոս էր: Այսինքն՝ թեև տնտեսական ակտիվություն կա, բայց դրա աճը սկսել է դանդաղել:

Մինչդեռ նախորդ տարիներին, երբ տնտեսական վերլուծաբաններն ու պաշտոնյաներն այս ցուցանիշի մասին էին խոսում, միշտ շեշտում էին, թե, սովորաբար, տարվա երկրորդ կեսին ու հատկապես վերջին մի քանի ամիսներին տնտեսության աճն ավելի բարձր է լինում տարեսկզբի համեմատ:

Ընդ որում դանդաղել են նաև արտաքին առևտրաշրջանառության աճի տեմպերը՝ նախորդ ցուցանիշի համեմատ այդ աճը 1.6 տոկոսով նվազել է: Իսկ արդեն գյուղատնտեսության ու շինարարության ոլորտներում աղետալի վիճակ է: Ընդ որում՝ գյուղատնտեսության անկումն ամառային այս եղանակին՝ գրանցել է 9.4 տոկոս անկում: Նշենք, որ այդ ոլորտի անկումը նախորդ՝ հունվար-հուլիս ամիսների համեմատ կտրուկ է եղել՝ այդ ժամանակ ընդամենը 2.1 տոկոս էր: Ավելին՝ երբ համեմատում ենք այս տարվա օգոստոսը 2016թ. օգոստոսի հետ, ապա գյուղոլորտում անկումը ռեկորդային է, աղետալի՝ 25 տոկոս: Մինչդեռ գյուղատնտեսությունը վերջին տարիներին միշտ եղել է Հայաստանի տնտեսության, կամ ավելի շուտ՝ ԱՎԾ-ի փրկօղակը, որ այստեղ արձանագրված, երբեմն էլ ուռճացված թվերով տնտեսական աճ ապահովեն: Բայց, ըստ երևույթին, վիճակն այնքան բարդ է, որ ԱՎԾ-ն այլևս չի կարողանում աճեր ներկայացնել, որն էլ իր հերթին նպաստեր տնտեսության ակտիվության ցուցանիշի մեծացմանը:

Ընդ որում՝ գյուղատնտեսության աճի համար մի քանի ամիս առաջ կառավարությունն Ազգային ժողով ներկայացրեց Սևանա լճից 100 մլն խմ լրացուցիչ ջուր բաց թողնելու մասին առաջարկ: Առաջարկն ընդունվեց, ջուրը բաց թողնվեց, բայց գյուղատնտեսությունը չշահեց և սարսափելի անկում գրանցեց: Բնապահպաններն ուսումնասիրել էին, որ ջուրը գյուղացուն չի հասել, փոխարենը՝ Ռուսաստանին պատկանող Սևան-Հրազդան կասկադին լրացուցիչ էլեկտրաէներգիա արտադրելու և շահույթ ստանալու հնարավորություն տվեց:

Նախօրեին Հայաստան-Սփյուռք համաժողովին պատասխանելով լրագրողների հարցերին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական հանգամ հպարտացավ, թե «ընթացիկ մեր ցուցանիշները լավագույնն են ԵԱՏՄ-ում, տարածաշրջանում և ԱՊՀ-ում»: Իհարկե, նա չհամեմատեց, որ ԵԱՏՄ անդամ թե՛ Ռուսաստանում, թե՛ Բելառոսում և թե՛ Ղազախստանում կենսամակարդակն ավելի բարձր է: Իսկ Վրաստանի նախագահը դիմավորել է այս տարվա իրենց 6 միլիոներորդ զբոսաշրջիկին և ոչ թե մեր կառավարության նման, որ այդ թիվը հենց 1 մլն անցավ, սկսեց դա մեծ ձեռքբերում համարել: «6.2 տոկոս տնտեսական աճ ենք արել, 1.7 տոկոս արդյունաբերության աճ ենք արել, 21 տոկոս արտահանման աճ ենք արել: Ես ձեզ հաշվետվություն եմ տալիս թվերով»,- նախորդ ամսվա ցուցանիշները ներկայացրեց Կ. Կարապետյանը:

Բայց վերջինս այդ շարքում այդպես էլ չհիշեց, ու նրան հարց տվող էլ չեղավ՝ բայց չէ որ այդ թվերի կողքին կան շատ տխուր այլ թվեր՝ գյուղատնտեսության 9.4 տոկոս անկումը, շինարարության 8 տոկոս անկումը: Իսկ շինարարությունն անկում է ապրել, քանի որ մեր երկրում բնակարանաշինության պահանջ չկա: Ոչ թե մեր քաղաքացիներն ու նոր ձևավորվող ընտանիքները բնակարանների կարիք չունեն, հակառակը՝ բոլոր նորմալ երկրների քաղաքացիների նման ունեն, բայց չունեն դա ձեռք բերելու հնարավորությունը: Եվ եթե Կ. Կարապետյանի ներկայացրած աճն իրական լիներ, ու շարքային քաղաքացին էլ իր մաշկի վրա զգար, մեր երիտասարդները, նորաստեղծ ընտանիքներն արտագաղթելու փոխարեն հայրենիքում կաշխատեին ու բնակարան կգնեին: Եվ շինարարությունն էլ անկում գրանցելու փոխարեն կաճեր: Բայց ինչպես նույն հարցուպատասխանի ժամանակ Կ. Կարապետյանն է հայտարարել, մաշկի վրա զգալը սուբյեկտիվ երևույթ է. «Մեկը կարող է զգալ, մյուսը՝ ոչ»:

Կ. Կարապետյանը նաև չի մանրամասնել, որ արդյունաբերության՝ իր ներկայացրած երկնիշ աճի հետ գործող կառավարությունն այնքան էլ կապ չունի, քանի որ այնտեղ մեծ է հանքարդյունաբերության բաժինը: Հիմնականում հանքարդյունաբերության աճն է, որ հանգեցրել է արդյունաբերության աճին: Պարզապես միջազգային շուկայում այս ոլորտի զարգացման համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ գները բարձրացել են, մեր հանքերի սեփականատերերն էլ մեծ թափով քանդում են ընդերքն ու արտահանում: Ի դեպ՝ դա է նպաստել նաև արտահանման աճին: Ինչպես նաև ալկոհոլային խմիչքների արտահանումը: Դա նույնպես քիչ կապ ունի գործող կառավարության ջանքերի հետ, քանի որ կոնյակ և գինի արտադրող մեր ընկերությունները տարիներ շարունակ ռուսական շուկայում աշխատել ու որոշակի տեղ են ձեռք բերել:

Հանուն արդարության հավելենք նաև, որ 12.3 տոկոսով աճել է նաև առևտուրը, մինչդեռ՝ Կ. Կարապետյանը մեծահոգաբար մոռացավ այս մի երկնիշ աճը նշել՝ հավելելով, որ տնտեսական աճը մենք մեր մաշկի վրա զգացել ենք, որ ավելի շատ առևտուր ենք անում: Բայց այս դեպքում էլ նա գոնե մտքում կհիշեր, որ դա ոչ թե նրա նշած աճի հետևանքն էր, այլ արտերկրից մեր հայրենակիցների ուղարկած գումարներն են այս տարի բավականին աճել, որ այստեղ հնարավոր է լինում ավելի շատ առևտուր անել ու այդ ոլորտին երկնիշ աճ ապահովել: Ահա թե ինչպիսի խախուտ հիմքերի վրա է «աճում» մեր տնտեսությունը, և ահա թե ինչ հզոր հիմքեր ունի մեր վարչապետի հպարտությունը:

Եվս մեկ դիտարկում՝ եթե տնտեսական աճը սկսել է դանդաղել, ապա դա բացասաբար կազդի նաև բյուջեի եկամուտների հավաքագրման վրա: Մինչդեռ, որպեսզի կառավարությունը կամ պետեկամուտների կոմիտեն կարողանա ապահովել այն, առաջիկա չորս ամիսներին պետք է 25-30 տոկոսով կամ յուրաքանչյուր ամիս 27-35 մլրդ դրամով ավելի շատ հարկ հավաքի: Մինչդեռ ԱՎԾ-ի երեկվա հրապարակումը ցույց է տալիս, որ դա հնարավոր չի լինի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20