Թուրքմենստան-Իրան-Հայաստան գիծը զարգացնելու համար Հայաստանը պետք է աշխույժ աշխատի Արևմուտքի հետ

- in Հրապարակ
Serj Sargsyan

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին: Ուշագրավ է, որ Նյու Յորք չմեկնեց, օրինակ, ՌԴ նախագահ Պուտինը: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն էլ մեկնել որոշել է վերջին պահին:

Համենայն դեպս, հետաքրքիր է, որ մինչ այդ որևէ կերպ չէր ազդարարվել, որ նրա աշխատանքային ժամանակացույցը ենթադրում է այց Նյու Յորք և մասնակցություն Գլխավոր ասամբլեային:

Այստեղ թեև ինքնին ԳԱ մասնակցությունը չէ բուն առանցքը, այլ այցը ԱՄՆ: Իհարկե, դա չի նշանակում պաշտոնական հանդիպումներ ամերիկյան կառավարության ներկայացուցիչների հետ, և այցը ԱՄՆ այնքանով է, որքանով այդ երկրում է գտնվում ՄԱԿ-ի կենտրոնակայանը, որտեղ տեղի է ունենալու Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանը: Եվ թերևս առանցքային չէ այն, որ ԱՄՆ-ում նույն նպատակով լինելու է նաև Ադրբեջանի նախագահը: Սարգսյան-Ալիև անսպասելի հանդիպումը թերևս բացառվում է, իսկ սպասելի հանդիպում գոնե մոտ ապագայում չի նշմարվում: Ավելին, դեռևս լիովին հաստատված չէ անգամ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը, որ նախապես ազդարարվել էր Մինսկի խմբի համանախագահների մակարդակով:

Սերժ Սարգսյանի այցը հետաքրքիր է թերևս Ղարաբաղյան խնդրի համատեքստից դուրս, քանի որ այստեղ ակնհայտորեն չի կատարվում որևէ առանցքային բան, և չկա որևէ բեկումնային հեռանկար: Այդ առումով Սարգսյանի ամերիկյան այցը դիտարկման ուշագրավ առիթներ ունի ներքին և արտաքին քաղաքականության մի քանի այլ ասպեկտներով:

Մասնավորապես, Սերժ Սարգսյանի այցը Նյու Յորք գործնականում բավական նկատելի քայլ է բոլորովին վերջերս Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությանը Հայաստանի մասնակցությունը չեղարկելու որոշումից հետո: Ըստ ամենայնի, Սարգսյանի ամերիկյան այցի նպատակը դրանից մնացած «նստվածքը» հարթելն է, և Սարգսյանը Նահանգներում գուցե կփորձի ոչ պաշտոնական շփումների ընթացքում փաստարկել, որ դա եղել է Հայաստանի ինքնիշխան որոշումը: Մի բան, որը ինչպես Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր հայտարարել, հետաքրքրում է Նահանգներին, և որի հարցում Նահանգները Հայաստանին տրամադրում է գործիքներ:

Հարթելով ՆԱՏՕ-ի զորավարժության հետ կապված նստվածքը՝ Սերժ Սարգսյանը թերևս կփորձի այդ միավորներով համալրել Հայաստանում իշխանության խնդրի համար անհրաժեշտ իր «քսակը», ընդ որում՝ գուցե այդ բառի թե՛ բուն, թե՛ պատկերավոր իմաստով, քանի որ Սարգսյանին իշխանության խնդրում խիստ անհրաժեշտ են ներդրումներ՝ Կարեն և Սամվել Կարապետյաններից իր կախվածությունը թուլացնելու համար:

Այստեղ, իհարկե, օժանդակության աղբյուր կարող է լինել Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ը, բայց եթե Սերժ Սարգսյանը կարողանա փաստարկել, որ օժանդակել իրեն՝ նշանակում է օժանդակել ԱՄՆ-ին հետաքրքրող հանգամանքին՝ ինքնիշխան որոշումների կայացմանը: Կհաջողի՞ Սարգսյանն այդ հարցում, թե՞ ոչ: Բոլոր դեպքերում նրա այցը թերևս առանցքային նշանակություն կունենա ներքաղաքական աշնան համար:

Ամերիկյան այցի մեկ այլ ուշագրավ ասպեկտ ձևավորվում է ԱՄՆ աշխատանքային այցից առաջ Սերժ Սարգսյանի մեկ այլ աշխատանքային այցի համատեքստում՝ Թուրքմենստան, ուր Ասիական խաղերի բացման առիթով օրերս մեկնել էր Սերժ Սարգսյանը:

Բանն այն է, որ Հայաստանն այստեղ սկսել է խոսել ուշագրավ մի գծի մասին՝ Թուրքմենստան-Իրան-Հայաստան: Սերժ Սարգսյանն օգոստոսի 5-ին այդ գծի մասին խոսել էր Թեհրանում՝ Իրանի նախագահի հետ հանդիպմանը: Հետո Թուրքմենստանի նախագահը այցելեց Հայաստան՝ օգոստոսի 23-ին, ի դեպ՝ Պուտինի հետ Սերժ Սարգսյանի Սոչիում կայացած հանդիպումից անմիջապես հետո: Եվ ահա օրեր առաջ Ասիական խաղերի բացման առիթով Թուրքմենստան մեկնեց Սերժ Սարգսյանը, և այս ինտենսիվությունն իսկապես հետաքրքիր է, եթե նկատի ունենանք այն, որ թուրքմենական գազն իրանական գազի հետ միասին Արևմուտքի համար մեծ հաշվով դիտվում է Եվրամիությունը ռուսական գազի կախվածությունից նվազեցնելու աղբյուր, և այդ աղբյուրի հուսալի ճանապարհ կարող է լինել Հայաստանը:

Այդ տեսանկյունից անկասկած է, որ Թուրքմենստան-Իրան-Հայաստան գիծը զարգացնելու համար Հայաստանը պետք է աշխույժ աշխատի Արևմուտքի հետ, մասնավորապես հյուսիսատլանտյան բևեռի առաջատար ԱՄՆ-ի հետ: Եվ ոչ միայն հաշվի առնելով նոր վարչակազմի որոշակի կոշտ վերաբերմունքը Իրանին, քանի որ այդ վերաբերմունքը գործնականում շատ հստակ է և ոչ թե պարզապես կամակորություն, այսինքն՝ դա չի առնչվում իրանական գործոնի առաջ աշխարհը որոշակիորեն բացելու ռազմավարությանը, որ գալիս է դեռևս նախորդ վարչակազմից:

Բանն այն է, որ այստեղ Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի աշխուժությունն ու աջակցությունն էական է Ռուսաստանի հակազդեցությանը դիմակայելու համար: Իսկ այդ հակազդեցությունը կլինի անխուսափելի, քանի որ Թուրքմենստան-Իրան-Հայաստան գիծը թե՛ Հայաստանի ինքնիշխանության գործիք կարող է լինել, թե՛ Եվրամիության համար ռուսական գազի այլընտրանք:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20