Ի՞նչն է պատճառը, որ ԱՎԾ-ն արձանագրում է կառավարության քաղաքական տապալումը

- in Տնտեսական
177
Hashvark

Հայաստանի տնտեսության համար պատասխանատու տարբեր պաշտոնյաներ փորձում են ներկայացնել, պարզաբանել, բացատրել, թե ինչ է նշանակում ԱՎԾ ներդրումային վիճակագրությունը, որտեղ թվերը այնքան էլ տպավորիչ չեն և կարծես թե այնքան էլ համարժեք չեն 850 միլիոն դոլարի ներդրումների վարչապետական խոստման հետ:

Տպավորություն է, որ ԱՎԾ-ն «մերկացրել» է այդ խոստումը, իսկ կառավարության տարբեր պաշտոնյաներ այժմ ստիպված են «շոր գցել» դրա վրա՝ բացատրելով, թե իրականում ինչու է վիճակագրությունը ստեղծում բացասական պատկեր, ինչու է թվում, թե ներդրումները նվազել են կամ չեն աճել, կամ քիչ են աճել և այլն:

Ինքնին հանգամանքը, որ Հայաստանի կառավարությունը հանրությանը ստիպված է բացատրել, թե որտեղ և ինչպիսին են ներդրումները, արդեն իսկ վկայում է, որ գործը առնվազն մի կարևորագույն մասով տապալված է: Որովհետև ներդրումը, որպես այդպիսին, պետք է որ չունենա ավելորդ բացատրությունների և պարզաբանումների, ստուգաբանությունների և «բացատրական բառարաններով» ընթերցվելու կարիք: Հանրությունը պետք է տեսնի և շոշափի ներդրումը: Եթե կա բացատրության կարիք, ուրեմն չկա ներդրում, որքան էլ տնտեսագիտական տերմինոլոգիայով փորձ արվի դիմել աճպարարության:

Այստեղ կան մի քանի շերտեր: Առաջինն այն է, որ փաստորեն Ազգային վիճակագրական ծառայությունը արձանագրել է կառավարության տապալումը եթե ոչ՝ քանակական, ապա առնվազն՝ որակական: Եվ բնականաբար ծագում է հարց՝ դա պատահակա՞ն է ստացվել, թե՞ ստացվել է ներիշխանական հարաբերությունների պարզաբանման, վերադասավորումների, իշխանության համար ներհամակարգային գործընթացի արդյունքում կամ հետևանքով:

Բանն այն է, որ Հայաստանում Ազգային վիճակագրական ծառայությունը գործնականում եղել է կառավարության, այսպես ասած, «թիկունքը» պահողը՝ ներկայացնելով թվեր, որոնք վկայել են հաջողության մասին: Այժմ հակառակն է: Ինչո՞ւ է այդպես: Ի՞նչն է պատճառը, որ ԱՎԾ-ն արձանագրում է կառավարության քաղաքական տապալումը:

Մյուս հետաքրքրական հանգամանքն այն է, որ ակնառու է դառնում կառավարության գործունեության չափման նոր միավորների սահմանման անհրաժեշտությունը, որովհետև վիճակագրությունը ենթակա է տարատեսակ մանիպուլյացիաների, տարբեր մեկնաբանությունների, այսպես ասած՝ բաժակը կիսով չափ լիքը կամ դատարկ լինելու տարբերակների: Հետևաբար, եթե կառավարության գնահատման հիմքում դրվում է այդ մեխանիզմը՝ վիճակագրությունը, դա ստեղծում է պատասխանատվությունը լղոզելու նպաստավոր միջավայր, թույլ չի տալիս հանրությանը հստակ կողմնորոշվել և ըստ այդմ կառավարության աշխատանքը գնահատել հստակ չափանիշներով:

Ընդ որում, այդ անհրաժեշտությունը Հայաստանում կա վաղուց, արդեն տարիներ շարունակ, և եթե Հայաստանում այդ չափանիշները թե քաղաքական իմաստով, թե հանրայնորեն սահմանվեին հենց տարիներ առաջ, ապա տնտեսական իրավիճակը գուցե չխորանար ներկայիս գրեթե աղետալիի աստիճանի, քանի որ նախորդ կառավարություններն արդեն իսկ կզրկվեին վիճակագրաքարոզչական մանիպուլյացիաներով հանրային և քաղաքական պատասխանատվությունը լղոզելու հնարավորությունից:

Այդ հնարավորությունը պահպանվում է առ այսօր, և նկատելի է, որ դրանից սիրով օգտվում է նաև նոր կառավարությունը: Իսկ քանի դեռ կառավարություններն ունեն այդ հնարավորությունը, տնտեսական վիճակի առանցքային փոփոխության հեռանկարը դառնում է, մեղմ ասած, նույնքան հարաբերական, որքան այն հարաբերական վիճակագրությունը, որի արտացոլած պատկերը փորձում են տերմինակոխ անելով լղոզել գործադիր իշխանության ներկայացուցիչները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20