2018-ին Որպես կանոն, բոլորս քննարկում ենք այն հարցը, թե ինչ քաղաքական հեռանկար է սպասվում Սերժ Սարգսյանին 2018-ի ապրիլից հետո: Սա թերևս օրինաչափ է, որովհետև մեր քաղաքական համակարգը, մեդիա դաշտը և նույնիսկ հասարակությունը շուրջ քսան տարի «վարժվել» են Սերժ Սարգսյանին և մի տեսակ խորթ է նրան հրապարակային դաշտից դուրս պատկերացնելը:

Մյուս կողմից` շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե քննարկվեր, թե ի՞նչ է լինելու Կարեն Կարապետյանի հետ 2018-ի ապրիլից հետո: Հարցը թերևս չի քննարկվել երկու փոխկապակցված պատճառներով: Փորձագետների մեծ մասը մտածում է, որ Կարեն Կարապետյանի քաղաքական ճակատագիրը նրա ձեռքերում չէ, ըստ այդմ` չարժի առանձին վերցրած քննարկել մի հարց, որը լուծվելու է ինքնաբերաբար` պայմանավորված Սերժ Սարգսյանի այս կամ այն որոշմամբ:

Մյուս հանգամանքը բխում է առաջինից` Կարեն Կարապետյանը քաղաքական դեմք, գործոն չէ, իսկ նման մարդկանց հասարակությունը շուտ է մռռանում, հետևաբար` Կարապետյանը կորցնում է որևէ հետաքրքրություն, եթե վարչապետ չէ:

Այնուամենայնիվ, քաղաքականությունը չի բաժանվում «սև»-ի և «սպիտակի» և փորձենք հասկանալ, թե որտեղ է լինելու Կարապետյանը 2018-ից հետո:

Հայաատանի ապաքաղաքական ղեկավարը

Ամենևին չենք բացառում, որ 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը որոշի մի փոքր թայմ աութ վերցնել և նախագահի պաշտոնից անմիջապես չտեղափոխվել կառավարություն: Այդ պարագայում` արդեն երկրի ղեկավարի կարգավիճակով, վարչապետ կշարունակի մնալ Կարեն Կարապետյանը, սակայն դրանից նրա քաղաքական կարգավիճակն ավելի կայուն չի դառնա, նույնիսկ` հակառակը, որովհետև ամբողջական պատասխանատվությունը Կարապետյանին ավելի խոցելի է դարձնելու: Հայաստանն առաջին անգամ կունենա առաջնորդ, ով գրեթե ոչ մի կապ չունի քաղաքականության հետ և ամեն րոպե կարող է հրաժարական տալ կուսակցական ղեկավարի պահանջով: Կարեն Կարապետյանն անցած մեկ տարվա ընթացքում առնվազն երկու անգամ` վարչապետ նշանակվելուց հետո և խորհրդարանական ընտրություններից առաջ, հնարավորություն ուներ ձևավորել սեփական քաղաքական թիմ: Չի ուզեցել կամ թույլ չեն տվել: Կարապետյանը սեփական թիմ չի ունենալու նաև այն պարագայում, եթե 2018-ի ապրիլին մնա վարչապետ: Նա, լավագույն դեպքում, իշխանության թիվ մեկ պաշտոնում լինելու է Սերժ Սարգսյանի «տեղապահը» և նույնիսկ անկախ իր կամքից` նախապատրաստելու է նրա վերադարձը:

Անվտանգության և բարեկեցության «համերաշխությունը»

Ամենաքննարկվող տարբերակներից մեկն այն է, որ 2018-ի ապրիլից հետո պահպանվի իշխանության այսօրվա ստատուս-քվոն, այսինքն` Սերժ Սարգսյանը ստանձնի վարչապետի պաշտոնը, բայց փաստացի կատարի այսօրվա նախագահի ֆունկցիաները` արտաքին քաղաքականություն, անվտանգություն, քաղաքականության մոդելավորում, իսկ Կարեն Կարապետյանը ցբաղեցնի փոխվարչապետի պաշտոնը, սակայն փաստացի կատարի այսօրվա վարչապետի լիազորությունները` տնտեսության ղեկավարում: Ի դեպ, այս տարբերակը հեռանկարի առումով կարող է ամենախոստումնալիցը լինել Կարեն Կարապետյանի համար: Նա` մի կողմից, կազատվի ԼՂ հարցի պատասաանատվությունից, մյուս կողմից` իշխանության համակարգում իր այսօրվա հեղհեղուկ կարգավիճակը կփոխարինի երկրորդի կայուն կարգավիճակով` սեփական համակարգային կշիռն ավելացնելու և Սերժ Սարգսյանի ժառանգորդը դառնալու հեռանկարով:

Սեյրան Օհանյանի ճանապա՞րհը, թե՞ վերադարձ «Գազպրոմ»

Տեսականորեն չի բացառվում, որ 2018-ի ապրիլին Կարեն Կարապետյանին` վարչապետի պաշտոնի դիմաց, որևէ այլ առաջարկություն չարվի կամ նա հրաժարվի որևէ այլ առաջարկությունից: Այս դեպքում` Հայաստանում գործազուրկ դարձած կամ «խոպանը» վերջացրած Կարեն Կարապետյանն, ըստ ամենայնի, կորոշի վերադառնալ հարազատ «Գազպրոմ»` չնայած հազիվ թե նրան Մոսկվայում 2011-ին համարժեք ինչ-որ բան առաջարկեն: Կա ևս մեկ տարբերակ, որն այսօր ֆանտաստիկ է թվում, բայց ունի իրականություն դառնալու տեսական շանս:

2018-ի ապրիլին գործազուրկ դարձած Կարապետյանին Մոսկվան գուցե ոչ թե հետ կանչի, այլ հանձնարարի Հայաստանում ձևավորել «ռուսական կուսակցություն», մանավանդ` հնարավոր պաշտոնանկությունից հետո Կարապետյանը կարող է տեղավորվել «հալածյալի» կերպարում, իսկ Մոսկվային Հայաստանում նոր քաղաքական նախագիծ է պետք` գործողների մաշվածության պատճառով: Բոլոր դեպքերում` Կարեն Կարապետյանի քաղաքական ճակատագիրը նրա ձեռքերում չէ:

Spread the love