Ի՞նչ է կատարվում Հայաստանի իշխանության հետ

- in Վերլուծական
162
Serj Sargsyan

ԵՏՄ-ից դուրս գալու մասին «Ելք» դաշինքի նախաձեռնած այսպես ասած հասարակական քննարկումների առիթից հետո, Հայաստանի իշխանությունը սկսել է Ռուսաստանին անվերապահ հավատարմություն հայտնելու հայտարարությունների և քայլերի շքերթ, որից ձեռնպահ չի մնացել նույնիսկ Սերժ Սարգսյանը:

Նա մասնակցել է հայ-ռուսական համալսարանի գիտխորհրդի նիստին, համալսարանը համարելով Հայաստան-Ռուսաստան գործակցության լավագույն օրինակներից մեկը: Ի՞նչ է կատարվում Հայաստանի իշխանության հետ, երբ թվում էր, որ ԵՏՄ-ից դուրս գալու ընդդիմադիր նախաձեռնությունը պետք է որ իշխանությանը դարձներ ավելի անկածկանդ և ավելի ազատ, Ռուսաստանի հետ խոսելու առումով տալով ավելի համարձակ լինելու հնարավորություն:

Ուրեմն ինչու՞ դրա փոխարեն սկսվեց հավատարմության երդումների մի ալիք, ընդհուպ Սերժ Սարգսյանի մակարդակով: Սա իհարկե տալիս է հետևությունների և մտորումների տեղիք, հատկապես մի ուշագրավ հանգամանքի պայմաններում: Այստեղ ԵՏՄ անդամությունը չեղարկելու նախաձեռնության հետ զուգահեռը հետաքրքիր է, սակայն կա ևս մեկ զուգահեռ, որին պետք է ուշադրություն դարձնել ոչ պակաս: Խոսքը Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի մասին է: Ավելի շուտ, այդ համաձայնագիրը ստորագրելու հեռանկարի մասին:

Վերջին շրջանում բավականին հաճախակիացել են հայտարարությունները թե Հայաստանի տարբեր պաշտոնյաների՝ դարձյալ մինչև անգամ Սերժ Սարգսյանի շուրթերից, և թե եվրոպացի դիվանագետների, որ ամեն ինչ պատրաստ է ստորագրման և չկա չստորագրելու որևէ պատճառ: Եվ որքան հնչում են նմանօրինակ բարձր հավաստիացումներ, այնքան առաջանում է հարց, թե ինչի՞ համար են այդ հավաստիացումները, որոնք ավելի շատ նմանվում են բարձր անտառում վախից բարձր բացականչություններին այն մասին, որ վախ չկա: Ահա այս զուգահեռի պարագայում, արդյո՞ք Հայաստանի իշխանության ռեվերանսները դեպի Ռուսաստան, հենց այդ վախի արտահայտություն չեն՝ վախի, որ Մոսկվան կարող է ինչ որ քմահաճույքից ելնելով, Արևմուտքի հետ իր հարաբերությունից ելնելով պարզապես վերցնել ու պահանջել Հայաստանից չստորագրել, ձգձգել ստորագրելու արարողությունը, նոյեմբերից տեղափոխել գարուն, գարունից ամառ, ամառից նոր աշուն և այդպես շարունակ: Արդյո՞ք ԵՏՄ-ից դուրս գալու ԵԼՔ-ի նախաձեռնությունը պաշոնական Երևանի համար առիթ չէ Ռուսաստանին այսպես ասած հանգստացուցիչ «ներարկելու» համար, մինչ Եվրամիության հետ շրջանակային նոր համաձայնագրի ստորագրումը, այդ գործընթաը սեպտեմբերերեքյան հնարավոր էքսցեսներից զերծ պահելու համար:

Թեև Հայաստանն ու Եվրամիությունը տարբեր առիթներով հայտարարել են, որ նոր համաձայնագիրը լիովին հաշվի է առնում ԵԱՏՄ առաջ Հայաստանի պարտավորությունները, այդուհանդերձ ակնհայտ է, որ այստեղ խնդիրը զուտ իրավական բովանդակության դաշտում չէ և Հայաստան-ԵՄ համաձայնագիրը պարզապես քաղաքական ակտ է, որն ունի տարածաշրջանային նշանակություն: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ այդ ակտը ենթակա է քաղաքական տարաբնույթ խմբավորումների, սուբյեկտների թիրախավորման, որոնք տնտեսա-քաղաքական շահեր ունեն տարածաշրջանում և այդ շահերը չեն համընկնում Հայաստանի պետական շահերի հետ: Իսկ այդ շահառու խմբերի այսպես ասած լոբբիստական գործունեության դաշտը ինչպես 20-րդ դարասկզբում, այդպես էլ 21-ում գտնվել է Ռուսաստանում: Մասնավորապես, ամենևին օրինակ պետք չէ բացառել, որ Թուրքիան ներկայումս սկսել է խոսել ԵՏՄ հետ ազատ առևտրի հեռանկարի մասին նաև այդ համատեքստում, Մոսկվայից ակնկալելով արգելակել Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, որպես տարածաշրջանային նոր քաղաքական հեռանկար: Դա որպես հիպոթետիկ օրինակներից մեկը, որը նվազագգույնը առաջացնում է հարցեր: Այս համատեքստում ամենևին զարմանալի չէ, որ Երևանն ու Բրյուսելը փորձում են տարբեր կերպ հանգստացնել Մոսկվային և համենայն դեպս Կրեմլի հետ «մեն մենակ» չթողնել հակահայկական լոբբին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20