Ի՞նչ հիմքով վերանորոգվեցին Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան քաղաքական պայմանավորվածությունները

- in Հրապարակ
144
Serzh Gagik

Մեծ հաշվով` Գագիկ Ծառուկյանը քաղաքականության «փակված գիրքը» չէր վերաբացի, եթե տեղի չունենային ՊՊԾ գնդի անցած տարվա դրամատիկ իրադարձությունները, որոնց առաջացրած քաղաքական վակուումը սպառնում էր համակարգի կայունությանը:

Այս հիմքով էլ վերանորոգվեցին Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան քաղաքական պայմանավորվածությունները, մանավանդ, որ Կարեն Կարապետյանն, ի սկզբանե, Սերժ Սարգսյանի համար եղել է ոչ թե երկարաժամկետ, այլ` իրադրային լուծում:

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գագիկ Ծառուկյանն ապացուցեց, որ կարողանում է հրաշալի կատարել Սերժ Սարգսյանին «հարմար» ընդդիմության դերը: Ճիշտ է` այդ խաղի վրա Ծառուկյանը մի քանի տասնյակ միլիոն դոլար ծախսեց, սակայն նոր համակարգին ինտեգրվելը և սեփական անձի ու բիզնեսի ազդեցիկ ստատուս-քվոն պահպանելը որոշակի գին արժեն, որը Ծառուկյանը անտրտունջ վճարեց` նոր համակարգի ձևավորման գործընթացում իր մասնաբաժինը` 31 մանդատն, ունենալու համար: Նորընտիր խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության ընդդիմադիր կեցվածքը, մեծ հաշվով, մարսվեց, որովհետև կառավարության քննադատության հարցում նույն Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը գուցե ավելի պերճախոս ու անկաշկանդ էին, քան նույնիսկ` «Ելքի» պատգամավորներն` իրենց դասական ընդդիմադիր ելույթներով: Ստեղծվել էր Սերժ Սարգսյանի համար իդեալական վիճակ, ով արտաքին աշխարհի համար ուներ «ընդդիմության պատկառելի ներկայությամբ» խորհրդարան, իսկ ներհամակարգային բազարներում` 31 «պահեստային» մանդատ:

«Ելքի» նախաձեռնությունը հարվածում է Սերժ Սարգսյանի համար իդեալական այս ստատուս-քվոյին, որովհետև հավակնում է փոխել իշխանություն-ընդդինություն սահմանազատման օրակարգն` այն դարձնելով ԵՏՄ-ից դուրս գալու հարցում դիրքորոշումը: Ակնհայտ է, որ հասարակության և միջազգային շահագրգիռ հանրության համար տեղի է ունենալու ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի նույնացնում, ինչը գոնե այս փուլում բացարձակապես ձեռնտու չէ ապագայի իր ծրագրերը խնամքով թաքցնող Սերժ Սարգսյանին: Բացի այն, որ դարձյալ խախտվում է ներհամակարգային ստատուս-քվոն, քաղաքական օրակարգ թելադրելու էստաֆետն անցնում է ինը հոգանոց խմբակցությանն, որը տեսականորեն կարող է ապավինել նաև հասարակության աջակցությանը:

Սերժ Սարգսյանն ինչ-որ բան պետք է ասի Ծառուկյանի ականջին, որպեսզի վերջինիս թիմը թեկուզ արհեստական, բայց հնչեղ օրակարգով կարողանա «ջրել» «Ելքի» իրապես այլընտրանքային հայտը: Այս ամենից, իհարկե, կարող է տուժել Կարեն Կարապետյանը, որովհետև «Ծառուկյան» խմբակցության «այլընտրանքայնացման»միակ տեսանելի թիրախը կարող է դառնալ Կարեն Կարապետյանն` իր կառավարության հետ միասին: Ծառուկյանի թիմը կարող է հիշել իր «փրկության» 15 կետերի մասին` արմատական քննադատության թիրախ դարձնելով օբյեկտիվորեն ձախողված Կարեն Կարապետյանին, անգամ պահանջելով նրա կաբինետի հրաժարականը:

Նման պոպուլիզմը միանգամայն կարող է աշխատել մեր պրիմիտիվ հասարակության պարագայում, մանավանդ, որ կգտնվեն «լուրջ» մարդիկ, ովքեր անընդհատ կասեն, թե իսկական ընդդիմությունն ոչ թե հեռվում նստած ռուսական ցարին, այլ մեր «քթի տակ» գտնվող թալանչիներին քննադատողներն են: Նման սցենարը, որը միանգամայն հնարավոր է, «Ելքը» կարող է կանխել, եթե իր նախաձեռնությունը չսահմանափակի միայն խորհրդարական ձևաչափով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20