Ինչո՞ւ է Ռուսաստանը որոշել վնասել Հայաստանին, ինչի՞ համար, ի՞նչ շարժառիթով

- in Վերլուծական
401
Tank

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունները միանգամայն տարբեր մեկնաբանություններ են տալիս Agile Spirit-2017 զորավարժություններին մեր երկրի մասնակցության պատմությանը` ավելի խճճելով իրավիճակը և անբարենպաստ դարձնելով այն համատեքստը, որում հայտնվել է Երևանը:

Հայաստանը Վրաստանին պաշտոնապես չի հայտնել, թե ինչու է վերջին պահին հրաժարվել մասնակցել Վրաստանում անցկացվող Agile Spirit-2017 զորավարժություններին։ Այս մասին Tert.am-ին ասել է Վրաստանի պաշտպանության նախարարության հանրային կապերի պատասխանատու Գիորգի Կաջարավան։

«Սա դասընթաց է, որին Հայաստանը ևս մասնակցելու էր պլանավորվածի համաձայն։ Սակայն զորավարժությունների սկսելու վերջին պահին հայտնել է զորավարժություններին չմասնակցելու մասին: Պատճառը մեզ համար հայտնի չէ, Վրաստանը Հայաստանի ՊՆ-ից չմասնակցելու մասին պաշտոնական պատասխան չի ստացել»,-հայտնել են Վրաստանի ՊՆ-ից:

Հայաստանի Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանի խոսքով՝ Հայաստանը պաշտոնապես չի հաստատել, որ մասնակցելու է Ախալցխայում Վրաստանի և ԱՄՆ-ի կազմակերպած զորավարժություններին: «Ես չեմ կարող ասել, թե ինչու է Հայաստանը նշված եղել մասնակիցների ցուցակում: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը երբեք չի ասել, որ մասնակցելու է հերթական զորավարժություններին: Մեր պլանավորման մեջ որոշակի փոփոխություններ են եղել»,- ասել է Զաքարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի՝ Վրաստանում կազմակերպված զորավարժությանը չմասնակցելը պայմանավորված չէ Ադրբեջանի մասնակցությամբ կամ էլ այլ միջամտությամբ: Օբյեկտիվ լինելու համար` նկատենք, որ մեր ՊՆ-ի պատասխանը չափազանց թույլ է և առաջին հերթին չի ենթարկվում ժամանակագրության տարրական տրամաբանությանը: Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի՝ ընթացիկ տարվա հուլիսի 31-ի հաղորդագրության համաձայն Agile Spirit 2017 վերջին խորհրդաժողովի ժամանակ նշվել են այն երկրների անունները, որոնք մասնակցելու են զորավարժություններին: Հայաստանն այդ երկրների թվում է եղել: Հուլիսի 31-ից մինչև երեկ մեր ՊՆ-ն ոչ միայն չի հերքել վրաց գործընկերոջ տեղեկատվությունն, այլ նաև տարբեր առիթներով կատարվել են շեշտադրումներ Հայաստանի և ՆԱՏՕ-ի արդյունավետ համագործակցության մասին:

Զաքարյանի այսօրվա պնդումն իրականության հետ, մեղմ ասած, աղերս չունի և ավելը շատ նման է փորձի` ինչ-որ կերպ դուրս գալ ստեղծված իրավիճակից: Շուատրիությունը Հայաստանի արտաքին քաղաքականության անբաժանելի հատկանիշն է, բայց այն աշխատում է ներսում, իսկ արտաքին հարաբերություններում ծնում է միայն մեր գործընկերների անվստահությունն ու արհամարհանքը: Հայաստանի ՊՆ պարզաբանման մեջ անկեղծ է այն դրվագը, որը Հայաստանի չմասնակցելը զորավարժություններին չի պայմանավորում Ադրբեջանի մասնակցությամբ:

Ըստ երևույթին, գործ ունենք հակառակ տրամաբանության հետ: Ըստ ամենայնի` Բաքվում են որոշել օգտվել ստեղծված իրավիճակից և բարելավել իրենց հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ` անուղղակի ցույց տալով, որ Երևանն անհուսալի գործընկեր է: Բայց մենք հակված ենք մտածել, որ գործ ունենք ավելի գլոբալ գործընթացի հետ` պայմանավորված ռուս-ամերիկյան հարաբերություններով: Ինչքան էլ դժվար է խոստովանել միջազգային կոնյուկտուրան անհնար է դարձնում Հայաստանի իշխանության «և, և»-ի քաղաքականությունը:

Պաշտոնական Երևանն այս իրավիճակում պետք է գտներ ոչ ստանդարտ քաղաքական լուծումներ, բայց գերադասել է վերադառնալ ի շրջանս յուր` տրվելով ռուսական պարտադրանքին, ավելին` կատարելով ռուսական մահակի դեր:

Իրավիճակն ավելի ողբերգական է դառնում, երբ պատկերացնում ենք, որ Հայաստանը ԼՂ հարցում նույնպես կարող է դառնալ ռուսական հնարավոր միակողմանի նախաձեռնությունների աջակիցն` ակնհայտորեն հակադրվելով մեր պետական շահերին:

Վրաստանում սեպտեմբերի 3-11-ը տեղի ունեցող ՆԱՏՕ-ի հերթական զորավարժությանը Հայաստանի մասնակցության կամ ավելի ճիշտ՝ չմնասնակցության հարցը դարձել է ոդիսականի առարկա:

Բանն այն է, որ նախ հայտնի էր, որ Հայաստանը մասնակցելու է նաև այդ զորավարժությանը: Նաև, որովհետև մի քանի շաբաթ առաջ մասնակցեց Վրաստանում ՆԱՏՕ-ի մեկ այլ զորավարժության: Հետո հանկարծ հայտնի դարձավ, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել: Պատճառը ոչ մեկին հայտնի չէ, համենայնդեպս՝ հանրային իմաստով: Հայաստանի ՊՆ-ն հայտարարել է այսօր, որ Հայաստանը չէր էլ ասել, թե անպայման մասնակցելու է: Բայց Հայաստանը հակառակն էլ չէր ասել, և ընդհանրապես Հայաստանը բան չի էլ ասում, կամ ինքն էլ չի հասկանում, թե ինչ է ասում, երբ խոսքը վերաբերում է նմանօրինակ վիճակների:

Առաջինը, որ իբրև բացատրություն հանրությունը գտնում է ինքն իր համար, դա այն է, որ Հայաստանը հրաժարվել է Ռուսաստանի պարտադրանքից ելնելով: Դա միանգամայն հավանական կամ իրատեսական ենթադրություն է: Բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու նույն Վրաստանում մեկ այլ զորավարժության դեպքում Հայաստանին չարգելեցին կամ չխանգարեցին, իսկ այժմ արեցին դա: Բացատրություն կարելի է գտնել նաև դրան, ասելով, որ ԱՄն-Ռուսաստան հարաբերությունը լարվածության նոր առիթ ստացավ, Վաշինգտոնը հայտարարեց ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունները խուզարկելու մասին, Մոսկվան դա շատ համարեց և Հայաստանին արգելեց մասնակցել ՆԱՏՕ-ի վարժանքին:

Անկեղծ ասած, որքան էլ աներկբա փաստ է Ռուսաստանի գերիշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքական որոշումներում, այդուհանդերձ դժվար է պատկերացնել, որ Մոսկվան կարող էր լրջորեն մտածել այդպիսով Արևմուտքին պատասխանելու մասին, որովհետև Արևմուտքի համար, խոշոր հաշվով, որևէ նշանակություն չունի՝ մասնակցեց Հայաստանը, թե ոչ: Մասնակցությունը պետք է հենց Հայաստանին, որովհետև Հայաստանը դրա շնորհիվ է, որ ստեղծում է տարածաշրջանում և այդ թվում՝ առաջին հերթին ղարաբաղյան խնդրում ռազմա-քաղաքական բալանս ապահովելու հնարավորություն: Այդ բալանսի ապահովումն է, որ Հայաստանին թույլ է տալիս զսպած պահել Ադրբեջանին, ոչ թե «Իսկանդերը»: Եթե խախտվի տարածաշրջանային բալանսը, ապա այդ դեպքում «Իսկանդերն» առաջինն է ընկնելու «լարից»:

Հետևաբար, եթե դիտարկենք Հայաստանի ՆԱՏՕ-ի զորավարժությանը չմասնակցելու այսպես ասած ռուսական հետքը, ապա այստեղ ոչ թե Արևմուտքին վնասելու, այլ թերևս Հայաստանին վնասելու առումով կամ շարժառիթով: Հետևաբար պետք է փորձել հասկանալ, այդ դեպքում, թե ինչո՞ւ է Ռուսաստանը որոշել վնասել Հայաստանին, ինչի՞ համար, ի՞նչ շարժառիթով, և դա Հայաստանի սահմաններից դու՞րս, թե՞ ներս գտնվող շարժառիթ է: Միևնույն ժամանակ պետք է դիտարկել նաև այլ շարժառիթներ, արդեն ոչ թե Ռուսաստանի մասով, այլ Հայաստանի չմասնակցության այլ վարկածի: Ի վերջո բացառել պետք չէ, որ չմասնակցությունը Երևանի պատասխանն է «Չեմբեռլենին»:

Հիշենք՝ ի՞նչ տեղի ունեցավ մի քանի օր առաջ հայ-ադրբեջանական սահմանին: Ադրբեջանը Տավուշում կրակ բացեց ԵԱՀԿ դիտորդական խմբի դիտարկման ընթացքում, թույլ չտալով դուրս գալ առաջնագիծ: Ի՞նչ արեց ԵԱՀԿ-ն: Դիտորդական գրասենյակի ղեկավար Անջեյ Կասպրշչիկը հայտարարեց, թե Չինարի գյուղի այնպիսի տեղում էին, որ չէին կողմնորոշվում, թե որտեղից է կրակը: Այլ կերպ ասած, Կասպրշչիկը, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն է, հայտարարեց, որ ադրբեջանցիները լավ են արել կրակել են: Եվ ահա, դրանից հետո հանկարծ Հայաստանը հրաժարվում է մասնակցել Վրաստանի բազմազգ զորավարժությանը, ինչը գուցե Երևանի պատասխանն է միջազգային հանրությանը, որում կա դժգոհություն Չինարիի միջադեպի հետ կապված վերաբերմունքից կամ արձագանքից: Սակայն, եթե անգամ այսպես ասած բարոյական տեսանկյունից այդպիսի պատասխանի հիմքերը լիուլի են, քաղաքական տեսանկյունից այդպիսի պատասխանը ուղղակի անհամարժեքություն է, մեղմ ասած: Որովհետև միջազգային հանրությանն այդպիսի պատասխան կարող է տալ նա, ով գոնե կիսով չափ համարժեք պատասխան է տալիս իր դաշնակցին կամ դաշնակցային բլոկին, որը գործնականում մահաբեր զենքով անխնա սնում է իր իսկ հակառակորդին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20