Ինչու է Ծառուկյանը որոշել անցնել գրոհի

- in Կեղտոտ լվացք
104
Gagik Carukyan

Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել է, որ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը ծանր հարված է հասցրել ըմբշամարտին՝ թողնելով ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, և եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը՝ մարզաձևը կհայտնվեր շատ ծանր վիճակում:

Ռոստոմյանի հայտարարությունը բովանդակությամբ վերաբերելով սպորտին, տողատակում կամ համատեքստում առավել քան քաղաքական հայտարարություն է և գործնականում Գագիկ Ծառուկյանի առաջին հարվածն է Կարեն Կարապետյանի կառավարությանը: Ընդ որում, հարված մի քանի ուղղությամբ և շերտով: Նախ, հատկանշական է, որ Սամվել Կարապետյանի մասին այդ կարծիքն արտահայտում է սպորտի նախարարը, այսինքն՝ կառավարության անդամը, ով թիրախավորում վարչապետի «գլխավոր հովանավոր», Հայաստանի ներդրողների ակումբի այսպես ասած առանցք՝ Սամվել Կարապետյանին:

Ակնառու է ակնարկը, որ Կարեն Կարապետյանը չի տիրապետում կառավարությանը: Մյուս հարվածը անմիջականորեն Սամվել Կարապետյանին է, այն համատեքստում, որ նա վստահելի չէ, և տևական ժամանակ գլխավորելով ըմբշամարտի ֆեդերացիան, թողել է այն և դրել ծանր վիճակում: Այդ այսպես ասած մեսիջի տողատակում ակնարկն է այն ներդրումային սպասումների կապակցությամբ, որ կան Սամվել Կարապետյանի և նրա առանցքով Հայաստանի ներդրողների ակումբի հանդեպ: Ինչ պատասխան կհետևի Կարապետյանից, ցույց կտա ժամանակը, սակայն իրադարձությունների զարգացումն արդեն իսկ ցույց է տալիս, որ ներիշխանական կամ ներհամակարգային խաղը մտնում է բավականին կրիտիկական մի փուլ, եթե այդպիսի, այսպես ասած, բաց խաղի է դիմում կամ խաղաքարտերը բաց է խաղում այնպիսի զգուշավոր գործիչ, ինչպիսին Գագիկ Ծառուկյանն է: Միևնույն ժամանակ, մամուլն արդեն արձանագրել է, որ վերջին շրջանում «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներն արդեն իսկ սկսել էին կառավարության հասցեին ընդգծված դժգոհություն և անբավարարություն արտահայտող գնահատականները, և այդ իմաստով սպորտի նախարարի հայտարարությունը պարզապես արդեն իսկ մեկնարկած գործընթացի որոշակի բարձր աստիճան է:

Իրավիճակն այստեղ իհարկե բազմաշերտ է և դժվար է հանգել միարժեք գնահատականի, թե ինչու է Ծառուկյանը որոշել անցնել գրոհի, և ընդհանրապես այն կրելու է այսպես ասած հետևողական և հարաճուն բնույթ՝ ընդհուպ կառավարության պաշտոնանկության պահանջ, թե՞ Գագիկ Ծառուկյանը ներկայումս ընդամենը տրամադրություններ է շոշափում՝ հասկանալու համար իշխանության ներսում առավել նեղ շրջանակով տեղի ունեցողի այսպես ասած նյարդը, և ըստ այդմ անելու համար առավել ընդգրկուն եզրակացություններ՝ 2018-ին ընդառաջ: Բանն այն է, որ պաշտպանության նախարարությունը ներկայումս մշակում է օրինագիծ, որը պետք է որոշակիորեն սահմանափակի անվտանգության և պաշտպանության ոլորտում վարչապետի լիազորությունը: Օրինագծի առավել մանրամասները հայտնի չեն, սակայն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ երեկ հաստատել է, որ օրինագիծը մշակվում է, հրաժարվելով ասել ավելին: Գործնականում, դա իշխանության այսպես ասած վերաբաշխման օրինագիծ է, որովհետև անվտանգության և պաշտպանության լիազորությունները Հայաստանի իշխող համակարգի բնույթից և տրամաբանությունից, նաև Հայաստանի գտնված այսպես ասած կիսապատերազմական վիճակի օբյեկտիվ իրողություններից ելնելով, հանդիսանում են իշխանության առանցքային գործոնը:

Փաստացի ստացվում է, որ պաշտպանության նախարարությունում մշակվող օրինագիծը դե ֆակտո հանդիսանում է 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանի ընտրության արդյունքի վերանայում: Այսինքն՝ ստացվում է, որ ապրիլի 2-ին ձևավորված իշխանությունն իրականում վերանայվում է, քանի որ վերանայվում է իշխանության առանցքային լիազորության պատկանելությունը: Եվ այստեղ, առանց կոնկրետ անձանց, թե ում են պատկանելու նոր լիազորությունները, ակնհայտ է դառնում, որ տեղի է ունենում իշխանության վերաձևում: Գագիկ Ծառուկյանը բնականաբար չի կարող անմասն մնալ այդ գործընթացից: Վերջին հաշվով հենց դրա համար է նա մասնակցել ապրիլի 2-ի ընտրությանը, և դրա համար է նաև բաց թողել քաղաքապետի ընտրությունը: Այսինքն՝ նա որպես խոշոր կապիտալիստ, բիզնեսի և իշխանության սերտաճածության պայմաններում չի կարող իրեն թույլ տալ դուրս մնալ իշխանության ձևավորման կամ վերաձևման գործընթացից, եթե չունի անվտանգության և սեփականության անձեռնամխելիության աներկբա երաշխիք:

Դրա համար նա մասնակցեց ապրիլի 2-ի ընտրությանը՝ որպես երաշխիք: Բայց այժմ նա տեսնում է, որ գործնականում մշակվում է ընտրության արդյունքը որոշակիորեն վերանայող օրինագիծ: Դրա մշակմանը Ծառուկյանն առնչություն չունի, և թերևս գործընթացից դուրս չմնալու հնարավորություն դիտարկվում է քաղաքական որևէ սուր հայտը, ինչպիսին՝ գրոհն է Կարեն և Սամվել Կարապետյանների դեմ, թերևս սպասելով թե՛ նրանց, թե՛ նաև Սերժ Սարգսյանի արձագանքին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20