Ինչպես է Արևմուտքը մերկացնում Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը

- in Միջազգային
41
Ilham Aliev

Հայաստանի պաշտոնական քարոզչությունը բավական անթաքույց փութաջանությամբ գեներացրեց արևմտյան մամուլում Ալիևի կոռուպցիոն գործունեության մասին տեղեկությունների արտահոսքի հերթական ալիքը:

Դա միանգամայն բնական և համարժեք պահվածք է, քանի որ Երևանն իրավունք չուներ բաց թողնել այդ գործոնը քարոզչական պատերազմում դիրքային առավելության հասնելու կամ որոշակի խնդիրներ լուծելու համար: Մյուս կողմից, սակայն, այստեղ իհարկե հարց է առաջանում, թե արդյո՞ք ներքին, այսինքն՝ հայաստանյան լսարանից բացի, հայկական կողմը նույն աշխուժությամբ և արդյունավետությամբ աշխատել է արտաքին լսարանի վրա:

Այստեղ իհարկե կա բավական նուրբ մի պահ՝ կոռուպցիոն հերթական սկանդալում ներգրավված է ռազմավարական դաշնակից կոչվող պետության ռազմաարդյունաբերությունը, մասնավորապես «Ռոսօբորոնէքսպորտ»-ը, ինչը թերևս հանդիսանում է Հայաստանին կաշկանդող հանգամանք:

Ի վերջո ներքին լսարանի համար այդ հանգամանքը թաքցնել հնարավոր է, իսկ ահա արտաքին լսարանում դա անկասկած առաջացնելու է հարցեր: Իսկ հարցեր ադրբեջանական հերթական կոռուպցիոն սկանդալն առաջացնում է շատ, այդ թվում՝ կապված իհարկե մեր, այսպես ասած, դաշնակցային բլոկների կամ գոտու՝ Եվրասիայի վերաբերյալ:

Բանն այն է, որ մենք տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքը պարբերաբար մերկացնում Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը, իսկ Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչներն էլ խրոխտ տոնով պահանջում են Արևմուտքից քայլեր ձեռնարկել, պատժել Ադրբեջանին այդ խավիարային կոռուպցիոն գործարքների համար: Եվ սա իհարկե լիովին արդարացի պահանջ է:

Միևնույն ժամանակ սակայն հարց է առաջանում, իսկ արդյո՞ք Ադրբեջանի խավիարային կոչված դիվանագիտությունն ու կոռուպցիոն սարդոստայնը տարածվում է միայն Եվրոպայում:

Իսկ Եվրասիայո՞ւմ: Եվ այստեղ իհարկե «Ռոսօբորոնէքսպորտ»-ի մասնակցությունը հերթական կոռուպցիոն աղմուկին տալիս է այդ հարցի հստակ պատասխանը, թեև, անկասկած, դրական պատասխանի հարցում այլ օրինակները ևս բազմաթիվ են: Սակայն եվրասիա-ռուսական գոտում Ադրբեջանի «խավիարային» դիվանագիտությունը մնում է այսպես ասած չբացահայտված, իսկ Հայաստանի որևէ իշխանական ներկայացուցիչ որևէ պահանջ չունի եվրասիացի գործընկերներից: Եվ դա այն դեպքում, երբ այստեղ ադրբեջանական լոբբինգի գծած ճանապարհային քարտեզով աշխատում են ոչ թե ինչ որ առանձին պատգամավորներ կամ դիվանագետներ, այլ ամբողջ պետական քաղաքականություն իրականացնող թիմեր: Այն խավիարային ծավալների համեմատ, որ նշմարվում են Եվրասիայում, Եվրոպայում եղած ադրբեջանական խավիարը ուղղակի թեթևակի «համտեսի» համար է: Եվ ավելին, «համը հանում» է ոչ թե Եվրոպայում «տարածված» ադրբեջանական խավիարը, այլ Եվրասիայում եղածը, որովհետև հենց դրանից է սնվում ադրբեջանական ռազմատենչության եվրասիա-ռուսական ռազմա-քաղաքական թիկունքը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20