Իշխանության հետ կռվելուց հետո, նրանք միմյանց հետ են կռվելու

- in Հասարակություն
65
Taron Margaryan

Երևանի ավագանու սեպտեմբերի 12-ի նիստն ունեցել է բավականին խորհրդանշական ընթացք: Նիստում տեղի է ունեցել երկու աղմկոտ միջադեպ, մեկը ՀՀԿ և «Ելք», մյուսը՝ ԵԾ ու «Ելք» ֆորմատով, թեև, երևի թե տրամաբանական կլիներ, եթե մյուս միջադեպի ֆորմատը լիներ ՀՀԿ-ԵԾ:

Երկու միջադեպերի բովանդակային բնույթը տարբեր է, սակայն ընդհանուր առմամբ դրանք միասին հանդիսացել են յուրօրինակ ներքաղաքական իրավիճակի մանրակերտ:

Ընդհանուր առմամբ, Երևանի ավագանում այդօրինակ տեսարաններն ընդհանրապես ավելորդ են, քանի որ դրանք ինչքան դիտարժան են, այդքան էլ հնարավորություն են տալիս ՀՀԿ-ին այսպես ասած այդ տեսարանների հետևում թաքցնել առանձին որոշումներ և բուն կառավարման գործընթացը, որում, մեղմ ասած, բազմաթիվ են լինում կոռուպցիոն ռիսկերը, և որպես կանոն դրանց ամբողջական ծավալներն արձանագրվում են արդեն պոստֆակտում: Եվ այս իմաստով, սեպտեմբերի 12-ի երկու միջադեպերը խոսում են մեկ կարևոր խնդրի մասին:

ԵԾ ու «Ելք» խմբակցությունները գործնականում հայտնվել են ավանդական ծուղակում, եթե անգամ դա տեղի է ունենում այսպես ասած անկախ իրենց կամքից, և իրենք փորձում են ավագանու նիստերում բողոքի ձայն բարձրացնել ամենալավ մղումներից և հանրային շահերից ելնելով:

Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն նրանց անընդհատ փորձելու է բերել տեսարանների դաշտ և այդ տեսարանների հետևում թաքցնել իր գործողությունները։ Հետևաբար, «Ելք»-ի կամ ԵԾ-ի խնդիրն է ՀՀԿ-ին հեռու պահել այդ դաշտից, դուրս գալ տեսարանային ծուղակից և ՀՀԿ-ն բերել այն դաշտ, որտեղ իշխող այդ ուժը ստիպված կլինի լինել ավելի պատասխանատու:

Այսինքն՝ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների խնդիրը ավագանու նիստերում չէ, այնտեղ նրանք լուծելու խնդիր չունեն, հետևաբար չկա նաև աղմկոտ պատմությունների, ավելորդ նյարդեր քայքայելու իմաստ: Այո, ՀՀԿ դեմքը կպատռվի ևս մեկ անգամ, ևս մեկ անգամ պարզ կլինի ՀՀԿ ավագանու խմբակցության ինտելեկտուալ, քաղաքակրթական մակարդակը կամ դրա թաղային բնույթը, սակայն, դա, այսպես ասած՝ «բարոյական հաղթանակ» է, մինչդեռ Երևանը պահանջում է հաշվետու կառավարման հասնելու կոնկրետ մեխանիզմներ:

Եվ այստեղ ընդդիմադիր խմբակցությունների անելիքը՝ իշխող ՀՀԿ բացարձակ մեծամասնության պայմաններում, ավագանու պատերից դուրս է: Խոսքը ամենևին միտինգների, փողոցային աղմուկի մասին չէ։ Այսինքն՝ խնդիրը ավագանում աղմկելու փոխարեն, փողոցում աղմկելը չէ, դրանից չի լինելու որևէ սկզբունքային տարբերություն: Խնդիրը ավագանում աշխատելու փոխարեն փողոցներում, բակերում, տներում աշխատելն ու երևանցիների շրջանում մայրաքաղաքային կառավարման նոր պատկերացումներ, նոր չափանիշներ, հետևաբար հասարակական նոր պահանջարկ ձևավորելն է, առանց ավելորդ ագրեսիայի, առանց իշխող ուժի հետ այսպես ասած ուղիղ առճակատման կամ բախման:

Երևանի ավագանում որևէ ընդդիմադիր խմբակցության, որևէ փոքրամասնության անելիք այստեղ է, այլ տեղում անելիք չկա:

Կհաջողվի՞ ձևավորել նոր քաղաքացի, նոր քաղաքաբնակ, կհաջողվի ձևավորել նոր չափանիշներ և հանրային նոր պահանջ, ՀՀԿ-ն ստիպված կլինի գտնել դրան քիչ թե շատ համարժեք դառնալու ճանապարհը:

Չի՞ հաջողվի, ամեն ինչ կմնա տեսարանների դաշտում, թեկուզ ամենաանկեղծ մղումներով: Ընդ որում՝ խոսքը ավագանու նիստերի բոյկոտի մասին չէ, այլ աշխատանքային հարթության առաջնահերթության: Հայաստանի ընտրական համակարգի և բարքերի պայմաններում ընդդիմությունները չունեն այլընտրանք:

Այլապես ստացվում է շատ հետաքրքիր պատկեր՝ իշխանության հետ կռվելուց հետո, նրանք միմյանց հետ են կռվելու: Եվ ամենևին կարևոր չէ արդեն, թե ով էր ճիշտ, արդարացի կամ անարդարացի: Մնում է այսպես ասած ընդհանուր նստվածք:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20