Իշխանության սանդղակով վեր բարձրանալու ուղեգիր է

- in Ով ով է ..., Պնակալեզներ
103

Սերժ Սարգսյանի ներումով բանտից ազատ արձակված Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը երեկ տվել է իր առաջին հարցազրույցը` միանգամից հայտնվելով սկանդալային մեկնաբանությունների կիզակետում:

«Ինձ դատապարտել է Հայաստանի անկախ հանրապետության անկախ դատարանը, որը որևէ կախվածության մեջ չէ որևէ կուսակցությունից, որևէ գործադիր մարմնից կամ անձից: Համոզված եմ: Եթե դա կախված լիներ գործադիր իշխանությունից կամ ինչ-որ կուսակցությունից կամ անհատից, վստահ եղեք, որ ես չի դատապարտվի»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է նա:

Արտաքուստ կարող է թվալ, թե Խաչիկյանը նույնիսկ գովազդել է Հայաստանի իրավական երկիր լինելը, դատական անկախ իշխանություն ունենալը: Սակայն այս ամենը նմանվում է ծաղրի հատկապես այն մարդկանց համար, ովքեր գեթ մեկ անգամ շփվել են Հայաստանի դատական համակարգի հետ, էլ չեմ ասում նախկին դատապարտյալի մասին, ով անմիջականորեն «ճաշակել» է այդ համակարգի «անկախությունը»:

Այսինքն, Խաչիկյանը նույնիսկ սուբյեկտիվ պատճառներով չէր կարող զբաղվել դատական իշխանության գովազդով` վստահ լինելով, որ իր խոսքերը նույնիսկ հակառակ ազդեցությունն են ունենալու: Խոսքի տողատակից նույնիսկ ակնհայտ է, որ Խաչիկյանը իր «հաշիվն» է ներկայացրել իշխանությանը` արդարությունը վերականգնելու ակնկալիքով:

Իհարկե, դա այն բյուրեղյա, նույնիսկ ռոմանտիկ արդարությունը չէ, որին ձգտում են հասարակությունն ու պարկեշտ մարդիկ: Խոսքն ավելի շատ համակարգային «պանյատիների» կամ «ճշտի» մասին է: Խաչիկյանը հասկանում է, որ իշխանությունն իրեն չպետք է «փուռը տար», որովհետև նույնքան ու գուցե ավելի կոռումպացված է: Այս առումով` Խաչիկյանն, իհարկե, ճիշտ է, համակարգային տրամաբանությամբ` նույնիսկ արդար, որովհետև 300 միլիոն դրամը նա միայնակ չի կերել ու հաստատ այդ փողերով հաստացել են նաև նրանից ավելի բարձր դիրք ունեցող պաշտոնյաների վզեր:

Նույնիսկ ավելին` Սոցիալական ապահովության հիմնադրամի կազմած կեղծ ցուցակները, որոնք դարձել են թալանված միլիոնավոր դրամներ, եղել են ու կան գրպանված քվեներ, որոնք իշխանություններն օգտագործում են որպես «բոնուս»` գերեզմանների շնորհիվ ապահովելով իրենց վերարտադրությունը: Այսինքն` մենք գործ ունենք ավելի խորքային հանցագործության հետ, քան պետբյուջեին հասցված 300 միլիոն դրամն է: Գործել է կոռուպցիոն բուրգ` իր քաղաքական, ֆինանսական դրոևորումներով:

Այլ խնդիր է, որ նույնիսկ հինգ տարիների ընթացքում Խաչիկյանը չի հասկացել, թե ինչու է սզատազրկվել: Եթե հասկացած լիներ, կգիտակցեր, որ իշխանություններից «հաշիվը» փակելու պահանջ ներկայացնելու պատճառ չունի: Խաչիկյանը պատժվել է ոչ թե կոռուպցիոներ լինելու, այլ իրեն հատկացված քվոտան գերազանցելու, ինչպես նաև այն բանի համար, որ հայտնվել էր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերի խաչմերուկում` օգտվելով համակարգի բարքերից, բայց չկողմնորոշվելով դրա սեգմենտներից որևէ մեկին իր պատկանելության հարցում: Նա ազատազրկվեց, որովհետև Սերժ Սարգսյանը հենց այդ պահին իր և նախորդի միջև բաժանարար «կարմիր գծեր» քաշելու անհրաժեշտություն ուներ:

«Եթե դա կախված լիներ գործադիր իշխանությունից կամ ինչ-որ կուսակցությունից կամ անհատից, վստահ եղեք, որ ես չի դատապարտվի»,-ասում է կոռուպցիայի մեջ մեղադրված նախկին պաշտոնյան` տալով կոռումպացված իշխանության էպիկրիզը և հասկացնելով, որ «300 միլիոնի» պատմությունն ոչ թե բանտի, այլ իշխանության սանդղակով վեր բարձրանալու ուղեգիր է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20