Իշխանություններն անզոր են քրեական բեսպրեդելի դեմ

- in Վերլուծական
127
Atrchanak

Նախօրին Էջմիածնում, իսկ ժամեր առաջ արդեն Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանություններն, այսպես կոչված, շարքային հանցագործությունների շարքին չեն դասվում:

Սպանվածները քերական աշխարհի ներկայացուցիչներ են և խիստ արժանահավատ են թվում ԶԼՄ-ների հրապարակումները, որոնք տեղի ունեցածը կապում են քրեական հեղինակություններ Դոն Պիպոյի և Արտյոմ Կանևսկոյի հակամարտության հետ: Սակայն խնդիրն ոչ այս անունների մեջ է և ոչ էլ` նրանց հաշիվների:

Մեզ անհանգստացնում է այլ հարց, որ մեր իշխանությունները քաղաքացիների անվտանգությունն ապահովելու փոխարեն` ձեռքերը ծալած նստել են և հանդիսատեսի կարգավիճակով հետևում են սիցիլիական դրամայի վերածված մեր իրականությանը: Քրեական աշխարհը միշտ այս ձևով է լուծում իր խնդիրները` կրակոցներով, դիակներով, ցուցադրական մեսիջներով: Քրեական մտածողությունը հենց այն է, ինչը հակոտնյա է պետությանը, նրա ինստիտուտներին, նրանց գործունեության հումանիստական ասպեկտին: Խնդիրն իշխանության դաշտում է, պետական մարմինների անգործության, ինչի հետևանքով քրեականների արձակած գնդակներն ուղղվում են պետության դեմ, քաղաքացիների աչքերում վարկաբեկում են ոչ միայն կոնկրետ իշխանություններին, պաշտոնյաներին, այլ` պետության գաղափարն ինքնին:

Արդյո՞ք իշխանություններն անզոր են քրեական բեսպրեդելի դեմ: Արտաքուստ թվում է, որ` այո, անզոր են: Բայց այս մակերեսային տպավորությունը չեզոքանում, անհետանում է, երբ հիշում ենք, թե ընտրությունների ժամանակ նույն իրավապահներն ինչպես են վերահսկում երկրի պրակտիկորեն ցանկացած քաղաքացու վարքագիծ, շարժում: «Շան գլուխը» թերևս հենց այստեղ էլ թաղված է, որ ընտրությունները մեզանում վաղուց դադարել են հասարակության կամարտահայտության միջոց լինելուց և դարձել են հարթակ, որտեղ ամեն անգամ «նորոգվում» են իշխանության և նրա հիմնական «սոցիալական բազայի»` քրեական աշաարհի հարաբերությունները:

Հայաստանում բացակայում են իշխանության փոխանցման, առավել ևս` կառավարման մեկ մոդելից մյուսին անցման քաղաքական մշակույթը, ավանդույթները: Համակարգային տրանսֆորմացիայի այս փուլում մենք նկատում ենք անգամ սաբոտաժի դրսևորումներ, որոնք հատկապես տեսանելի էին Խոսրով անտառի հրդեհի օրերին:

Համակարգի անտաղանդության և քրեականացված լինելու հետևանքով հրդեհը պետք է լափեր անտառային զգալի հատվածներ, մեկ այլ «հրդեհ» համակարգի «ստորին հարկում»` քրեական աշխարհում, լափում է մարդկային կյանքեր` մինչև ներքին լարվածությունից ու սաբոտաժից հյուծված իշխանությունը կհասցնի «մարել» այն:

Իհարկե, շատ հնարավոր է, որ մենք գործ ունենք ոչ թե անվերահսկելի քրեական ռազբորկաների, այլ, այսպես կոչված` համակարգային «գլխավոր» ֆիլտրման հետ, իսկ տեղի ունեցող կրակոցներն ընդամենը դրա նախաբանն են: Հայաստանում խոշոր քաղաքական փոփոխությունները, դժբախտաբար, նախորդվում են կրակոցներով: Էծմիածնի և Երևանի կրակոցները, մեծ հաշվով, համակարգի որակի կրիմինալ դրսևորումներն են` անկախ կոնկրետ դեպքերի լոկալ մոտիվներից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20