Իշխան Զաքարյանը մեր ամբարտավան էլիտայի տիպիկ ներկայացուցիչն է

- in Ով ով է ..., Պնակալեզներ
103
Ishxan Zaqaryan

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ, պատգամավոր Իշխան Զաքարյանն «ընդհատակից» դուրս է եկել և «համահայկական» օրակարգով, «էրգրի» կարոտով լեցուն հարցազրույց է տվել կայքերից մեկին:

Սակայն այս ծավալուն հուզախառն, հազար անգամ հղկված ու խմբագրված հարցազրույցի բուն նպատակը ոչ Արևմտյան Հայաստանում Զաքարյանի պապենական գտնված տունը և դրա բակում խմված թթի օղին է, ոչ էլ` համահայկական խաղերը:

Հարցազրույցի վերջին մի քանի պարբերության մեջ է պարփակված Զաքարյանի ամբողջ ասելիքի իմաստը, որով նա փորձում է հերքել իր և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հակասությունների մասին խիստ հավաստի տեղեկությունները: Զաքարյանը որևէ փաստարկ չի բերում, բարոյախրատական տոնայնությամբ փորձում է հերքել, որ ինքն, ըստ էության, մեկուսացված է «Ծառուկյան» դաշինքում` ինչպես ժամանակին հերքում էր ակնհայտ ճշմարտությունը, որ ՊՆ հարևանությամբ գտնվող դղյակը պատկանում է իրեն:

 

«Գագիկ Ծառուկյանի հետ մենք ընկերներ ենք, երկար ճանապարհ ենք անցել, ցանկացած խնդիր քննարկում ենք, հանդիպում ենք շատ հաճախ:Ի պատիվ իրեն՝ նա կարողացավ ստեղծել լուրջ քաղաքական թիմ: Այնպես որ որևէ հարց չի կարող ոչ հիմա, ոչ էլ հետո խոչընդոտ լինել մեր միջև: Շատերն են փորձել և փորձում խցկվել մեր հարաբերություններում, բայց հետո ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում՝ կամ քթերն է տրորվել, կամ ականջները կարմրել»,-ասել է Իշխան Զաքարյանը և, ինչպես նկատեցիք, երկար ու ձիգ խոսքի մեջ ոչ մի կոնկրետություն, այս պահի կամ ապագայի համագործակցության ոչ մի հիշատակում չկա: Չի էլ կարող լինել,  որովհետև Ծառուկյանն ու Զաքարյանը գժտված են,  չեն շփվում և այդ ամենն այնքան լուրջ է, որ Վերահսկիչ պալատի նախկին նախագահն առիթ է փնտրում` խորհրդարան չգալու համար:

Իշխան Զաքարյանը մեր ամբարտավան էլիտայի տիպիկ ներկայացուցիչն է և ունի այնքան ցինիզմ,  որ ամեն ինչի մեջ մեղադրում է մամուլին: «Ցավոք սրտի մեր լրատվության լրջագույն բացերից մեկը, իմ կարծիքով, որևէ հարց մինչև վերջ օբյեկտիվ ներկայացնել կամ պարզաբանել չկարողանալու խնդիրն է: Պրոֆեսիոնալիզմի ու մասնագիտական բարեխղճության դեֆիցիտ է կարծես թե»,-ասել է նա ու քանի որ հենց ինքն է մարտահրավեր նետողը, ներկայացնենք մի քանի փաստեր` ընթերցողին հնարավորություն տալով ինքնուրույն դատել, թե ում «քիթն է տրորվելու, կամ ականջները կարմրելու»:

Թե ինչպես պարտկոմը գտավ կոմսոմոլին

Չքանդվեր Խորհրդային միությունը` Իշխան Զաքարյանը, հավանաբար, փայլուն կուսակցական կարիերա կաներ, որովհետև նրա մարդկային որակները համապատասխանում են 80-ականների կոմունիստական պատեհապաշտ նոմենկլատուրայի արժեքային համակարգին:

Պատահական չէ, որ 1989-1990 թթ-ին նա եղել է ՀԼԿԵՄ Սպանդարյանի շրջկոմի քարտուղար։ Սակայն Զաքարյանի նման մարդիկ շատ արագ ադապտացվում են ցանկացած իրավիճակի: Նա «մարդամեջ» դուրս եկավ ՀՀՇ-ի շնորհիվ` 1995-ին դառնալով պատգամավոր: Ապարատային հոտառության շնորհիվ Զաքարյանը դեռ 1997-ին հասկացել էր, թե որտեղից են փչում տաք քամիները և հատուկ հարաբերություններ էր հաստատել ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի, նրա միջոցով` Ռոբերտ Քոչարյանի հետ: Հետո Բաբայանն արագ մոռացվեց, իսկ Զաքարյանը դարձավ Ռոբերտ Քոչարյանի ամենահավատարիմ մարդկանցից մեկը: Նախկին պարտկոմն ու կոմսոմոլը գտան իրար և պատահական չէ, որ Զաքարյանի առաջխաղացման և օլիգարխացման փուլը սկսվեց հենց Քոչարյանի նախագահության տարիներին: 2003-2007 թթ-ին Իշխան Զաքարյանը եղել է կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ, իսկ 2007-ին նշանակվել է Վերահսկիչ պալատի նախագահ: Այս տարիները նրա համար եղել են առաջխաղացման և հարստացման ժամանակաշրջան:

 

Քոչարյանի «ականջը»

Համատեղ կատարած հանցագործությունը կամ ընդհանուր կոմունիստակոմերիտական արժեհամակարգն Իշխան Զաքարյանին ամուր կապեցին երկրորդ նախագահի հետ, և հիմա էլ նա Ռոբերտ Քոչարյանի սակավաթիվ մշտական այցելուներից մեկն է: Ասում են` մի շարք կարևոր գործընթացներում Իշխան Զաքարյանը եղել է ոչ միայն Քոչարյանի «ականջը», այլ նաև փորձել է իրադարձություններն ուղղորդել հենց իր պատրոնի ուզած սցենարով:

Օրինակ` 2008-ի հետընտրական լարված ու դրամատիկ օրերին նա ստվերի պես հետապնդել է գեներալ Մանվել Գրիգորյանին, որպեսզի վերջինս Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը մաս չկազմի: Իշխան Զաքարյանը 2013-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ ուղղված Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան-Ռոբերտ Քոչարյան եռյակի դավադրության առանցքային դերակատարն էր` որպես ՎՊ նախագահ, իր տարեկան սկանդալային զեկույցով: Նա խորհրդարանական ամբիոնից, ըստ էության, հայտարարեց, թե Տիգրան Սարգսյանի կառավարությունը մսխել է ՀՀ պետական բյուջեի 70 տոկոսը:

Իշխան Զաքարյանն ակտիվ լծվել էր Հովիկ Աբրահամյանի քրեաօլիգարխիկ հեղաշրջմանը` հույսով, որ Արգամիչն է դառնալու Սերժ Սարգսյանի ժառանգորդը: Այս անգամ նա սխալվեց, սակայն մինչև վերջ շարունակեց ծառայել Ռոբերտ Քոչարյանին, նաև` Հովոկ Աբրահամյանին, եթե վերջիններիս շահերը համընկել են: Իշխան Զաքարյանը` քարոզարշավի ժամանակ լինելով «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարը, փորձել է Ծառուկյանի և նրա թիմի նկատմամբ հաստատել Ռոբերտ Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի վերահսկողությունը: Դա, ըստ էության, կնշանակեր Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան պայմանավորվածությունների վիժեցում և պատահական չէ, որ քարոզարշավի կեսից ԲՀԿ առաջնորդը մեկուսացրեց Իշխան Զաքարյանին, իսկ նրան վերջնականապես «խաղից» դուրս թողեց «մանդատային ապստամբությունից» հետո, երբ Իշխան Զաքարյանն հետընտրական փուլում փորձում էր «խմբագրել» ձևավորված ֆրակցիան` մի շարք «բարգավաճականների» ուղղորդելով ԿԸՀ-ից հետ վերցնել մանդատից հրաժարվելու դիմումները:

Իշխան Զաքարյանն այս պատմությունից հետո ոչ միայն զրկվեց դաշինքի քվոտայով ԱԺ փոխնախագահ դառնալու հեռանկարից, այլ նաև Գագիկ Ծառուկյանը նրան նրբանկատորեն հասկացրել է` հրաժարվել մանդատից: Ահա, թե ինչու «բազմազբաղ» Զաքարյանը չի մասնակցել խորհրդարանի նիստերին:

 

«Կոռուպցիայի» դղյակը

Որտեղի՞ց ողջ կյանքում միայն պետական պաշտոններ զբաղեցրած Իշխան Զաքարյանին այդքան փող՝ ՊՆ հարևանությամբ նման դղյակ կառուցելու համար: Վերահսկիչ պալատի նախկին նախագահը սկզբում ասում էր, որ տունը կառուցում է ինքը, բայց կառուցում է ոչ թե իր, այլ սփյուռքահայ գործարար Ալբերտ Բոյաջյանի համար և վերջինիս փողերով: Իշխան Զաքարյանը նաև փաստաթղթեր էր հրապարակել, որ սփյուռքահայ գործարարն իրեն լիազորել է իր հայաստանյան բանկային հաշիվներից անարգել փող հանել և ծախսել` ըստ հայեցողության: Ավելի ուշ՝  Իշխան Զաքարյանը խոստովանել էր, որ տունը պատկանում է իր ընտանիքին:

Ստացվում է` Ալբերտ Բոյաջյանը  մի քանի միլիոն դոլար է նվիրել Իշխան Զաքարյանին: Վերջինս, ի դեպ, ասել է,որ Ալբերտ Բոյաջյանը Հայաստանում սպորտային ոլորտի խոշոր օբյեկտների սեփականատեր է. ոլորտ, որի ղեկավարը տարիներ շարունակ Հայաստանում եղել է հենց Իշխան Զաքարյանը:

Կարծում ենք` Զաքարյանի դղյակի կոռուպցիոն հիմքն ակնհայտ է և վաղ թե ուշ սյս փաստով իրավապահները զբաղվելու են: Այս փաստերի համադրմամբ` ընթերցողն ինքը թող որոշի, թե ում «քիթն է տրորվելու, կամ ականջները կարմրելու»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20