Իրականության վերաբերյալ ՀՀ կառավարության նեղ պատկերացումների մասին

- in Տնտեսական
282
karavarutyan

Վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին հանձնարարել է նախարարներին պատրաստել նոր կառավարության մեկ տարվա աշխատանքի հաշվետվություն, բնականաբար՝ ըստ իրենց ոլորտների: Կառավարության գործունեության մեկ տարին կլրանա շատ շուտով:

Այդ կառավարությունը դեռևս ցույց չի տվել որևէ այնպիսի արդյունք, որն ավելին կլինի, քան, օրինակ, նախորդ մյուս կառավարություններն իրենց գործունեության տարեդարձին: Հենց այն, որ վարչապետը հայտարարում է, թե պետք է պատրաստել կատարված աշխատանքի հաշվետվություն, պարզորոշ վկայում է, որ աշխատանք, որպես այդպիսին, գործնականում գոյություն չունի: Որովհետև կառավարության աշխատանքի պարագայում հաշվետվություն կազմել պետք չէ՝ հաշվետվությունը հանրությունը պետք է զգա իր մաշկի վրա: Բացատրությունը, թե տնտեսական ցածր բազայի պայմաններում հասարակությունը դեռ երկար ժամանակ չի կարող իր վրա շոշափելիորեն զգա տնտեսական աճի էֆեկտը, հիմնավոր չէ:

Հիմնավոր չէ այն պարզ պատճառով, որ հասարակությունը կառավարությունից ամենևին չի ակնկալում իր խրճիթը «Ոսկե ձկնիկ» հեքիաթի նման վերածել թագավորական պալատի: Եթե հասարակությունն ակնկալեր հենց դա, ապա տրամաբանական կլիներ բացատրությունը, որ տնտեսական շարունակվող անկումներից հետո շատ դժվար է մեկ տարվա ընթացքում կենսամակարդակն ու տնտեսական վիճակը բերել աչք ծակող և անհերքելի վերելքի: Բայց հանրության ակնկալիքն այլ է՝ տեսնել հեռանկար, կամ պայմանական ասած՝ տեսնել, որ կառավարությունը բերել է շինանյութը դատարկել իր խրճիթի կողքին, այսինքն՝ կատարել է պալատի ուղղությամբ առաջին քայլը: Բայց շինանյութը խրճիթի կողքին դատարկված չէ, առայժմ գործողությունները տանում են միայն խրճիթի բարեկարգմանը, այսպես ասած՝ արտաքին տեսքի նորոգմանը:

Դա իհարկե կարևոր է, բայց խնդիրն այն է, որ այդ գործով զբաղվել են գրեթե բոլոր կառավարությունները: Օրինակ՝ պարբերաբար փոփոխություններ են եղել, ասենք, ՊԵԿ աշխատանքում, բայց այդ կառույցի աշխատանքը հիմնավորապես, այսինքն՝ խորքից չի փոխվել առ այսօր: Եվ խոսքը բոլոր պետական կառույցների մասին է: Անկախության առաջին տարիներին հասարակությունը խորհրդային միապաղաղությունից հետո ոսկե դղյակ չէր ստացել կամ շոշափում, բայց լի էր ոգևորությամբ և սպասումով, լի էր հեռանկարի հանդեպ որոշակի վստահությամբ: Թե ինչ էեղավ այդ ամենի հետ ավելի ուշ, շատ է խոսվել, խոսվում, դեռ կխոսվի: Սակայն «առակն այն կցուցանե», որ հանրությունը ոսկե դղյակներից չէ, որ ոգևորվում է կամ դրանք չէ, որ սպասում է պետության հեռանկարի հանդեպ վստահությամբ լցվելու համար: Հետևաբար, դա չէ նաև այն պատասխանը, այն արդյունքը, որ հանրությունը կառավարություններից սպասում է այսօր, հիմա:

Ըստ այդմ «ժամանակ է պետք»-ը այն պատասխանը չէ, որ համարժեք է հանրային սպասմանը: Հանրությունը սպասում է վստահության խորքային ազդակների, համոզիչ ազդակների և օրինակների, որոնք, եթե կուզեք, կարող են նույնիսկ չլինել էականորեն նյութականացված, բայց ունենան առավել ազդեցիկ իմաստ և նշանակություն, քան նյութը, որ կարող է շոշափվել:

Նոր կառավարության ամենամեծ բացթողումը եղել է այն, ինչ բոլոր կառավարությունների բացթողումը՝ կառավարությունը չի կարողացել հանրությանը տալ ապագայի համոզիչ տեսլական և մոտիվացիա: Դա փորձել է անել լոկ ճառերով, իսկ իր գործունեության տարեդարձին էլ պատրաստվում է անել ինչ որ թվերով, վիճակագրությամբ:

Այսինքն՝ պարզ է, որ չի ստացվելու, եթե հետո անգամ տասը սոցիոլոգ համաժամանակյա ասուլիս տան ու հայտարարեն, որ վարչապետի վարկանիշը շարունակում է մնալ 70-80 տոկոսի տիրույթում կամ նույնիսկ աճում է: Եվ եթե նույնիսկ դա համապատասխանի իրականությանը, կվկայի ընդամենն իրականության վերաբերյալ կառավարության նեղ պատկերացումների մասին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20