Խնդիրը պետական քաղաքականությունն ու պահվածքն է, որ արդեն հասնում է զավեշտի

- in Կրթություն
71
karen-karapetyan

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հայտարարել է, որ ինքը չի տվել Հայաստանում ռուսերենի զարգացման հայեցակարգի մշակման հանձնարարական:

Այդ հայեցակարգի մասին կրթության ու գիտության նախարարությունը հայտարարել էր օրեր առաջ, ինչը միանգամից դարձավ աղմուկի և հասարակական բուռն արձագանքի պատճառ:

Դա միանգամայն հասկանալի է, եթե Ռուսաստանի Պետդումայի նախագահը կարող է բացահայտորեն իրավական կարգավիճակ պահանջել Հայաստանում ռուսերենի համար: Եվ որքան էլ Հայաստանի իշխանությունը ի պատասխան հայտարարեց, որ այդպիսի հարց օրակարգում չկա, այդուհանդերձ, որևէ մեկը չհամարձակվեց նաև պատասխան պահանջել ՌԴ Պետդումայի նախագահից Հայաստանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար: Եվ դա այն դեպքում, երբ Եվրամիության դեսպանի վրա գրոհեց մի ամբողջ իշխանական խումբ, երբ նա համարձակվել էր ընդամենը խորհուրդ տալ ԿԸՀ հանդեպ հանրային վստահությունը բարձրացնելու համար քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներ ներգրավել այդ կառույց:

Այդ ամենից հետո ռուսերենի խորացման հատուկ հայեցակարգի մշակումը միանգամայն բնականորեն կարող էր ընկալվել ընդամենը «հակառակ ծայրից» ռուսերենը Հայաստան «խցկելու» քայլ: Աղմուկը ընդամենը Հայաստանի հանրության ինքնապաշտպանական ռեակցիան էր, բնական և առողջ ռեակցիան: Սակայն պարզվում է, որ իրավիճակը առավել քան անառողջ է, քանի որ պարզ չէ, թե ինչպես է հայեցակարգը մշակվել, այսինքն՝ ում հանձնարարությամբ:

Լավ է, որ կառավարությունը չի հայտարարում, թե հայեցակարգը «արագիլն է բերել» կամ «գտել են կաղամբի միջից»: Համենայնդեպս, դա կլիներ զավեշտալի, սակայն գոնե շատ ավելի պատասխանատու, քան այն, ինչ կա այժմ, երբ փաստորեն պարզվում է, որ Հայաստանում օդից ընկել է ռուսերենի խորացված ուսուցում: Խնդիրն անկասկած ռուսերենի ուսուցումը չէ, որին լավ տիրապետելու անհրաժեշտությունը կասկածի տակ չի կարող դնել ոչ մի բանական արարած:

Խնդիրը պետական քաղաքականությունն ու պահվածքն է, որ արդեն հասնում է զավեշտի: Եվ եթե չկա հանձնարարականի համար պատասխանատվության համարձակություն ունեցող մեկը, ապա այժմ, թերևս, մնում է տեսնել, թե արդյո՞ք Հայաստանում գտնվելու է մեկը, ով համարձակություն է ունենալու չեղարկել մշակված հայեցակարգը, որը փաստորեն ընկել է երկնքից, կամ հաղորդում ներկայացնել իրավապահներին հանցագործության մասին, որը կատարվել է պետության դեմ: Որովհետև, անկախ բովանդակությունից, տվյալ պարագայում տեղի ունեցողը այլ բան չէ, եթե պետական մակարդակում մշակվում է որևէ փաստաթուղթ, որը հետո պարտադիր է լինելու իրականացման համար, և այն էլ՝ հիմքերի հիմք կրթության համակարգում, բայց պարզ չէ, թե ով է հանձնարարել մշակել այդ փաստաթուղթը:

Ի վերջո, խնդիրը բավական լայն է, մինչև անգամ Հայաստանի ներդրումային և միջազգային վարկին առնչվող, որովհետև պատկերացնել կարելի է, թե ինչ են մտածելու Հայաստանի մասին պոտենցիալ ներդրողները՝ ծանոթանալով «ազգային կառավարման առանձնահատկություններին»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20