Խորհրդարանում մեծամասնությունը դեմ է ԵՏՄ-ին, բայց վախենում է Հայաստանը դուրս բերել դրանից

- in Կարծիք
ETM

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, ինչպես և սպասվում էր, մերժեց «Ելք» դաշինքի առաջարկը՝ ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցության դրականն ու բացասականը ուսումնասիրելու համար խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

Բնականաբար, խորհրդարանի մեծամասնության համար առավել քան մերժելի է դաշինքի հայտարարության նախագիծը, որ ԵՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելու մասին էր, և որը ներկայացվում էր խորհրդարանի ընդունմանը: Ավելին, իշխող մեծամասնությունը ոչ միայն պարզապես մերժեց «Ելք»-ի նախաձեռնությունը, այլև գործնականում այն վերածեց ԵՏՄ-ին Հայաստանի հավատարմության երդման՝ գրեթե բոլոր հնարավոր ու անհնար, հիմնավոր ու անհիմն, տրամաբանված և անհեթեթ հնարքներով փորձելով հավաստիացնել մի բան՝ Հայաստանն այլընտրանք չունի:

Իսկ կա՞ր «Ելք»-ի նախաձեռնության հանդեպ վերաբերմունքի այլընտրանք, կարո՞ղ էր խորհրդարանի մեծամասնությունը նախաձեռնությանը վերաբերվել այլ կերպ, ասենք՝ մերժել հայտարարության նախագիծը, բայց ընդունել ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Կարող էր՝ իհարկե, բայց չգնաց այդ քայլին: Իսկ ի՞նչն էր պատճառը, չէ՞ որ այդպիսով Հայաստանը կկարողանար նաև ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությամբ ամրացնել, այսպես ասած, իր ձայնը ԵՏՄ-ում և փորձել այդպիսով հասնել այդ կառույցի ներսում տեղի ունեցող քննարկումներում իր համար շահեկան դիրքերի: Առավել ևս, որ հոկտեմբերին Երևանում նախատեսվում է ԵՏՄ վարչապետների հավաք:

Սակայն այստեղ ըստ ամենայնի առավել կարևոր նշանակություն է ստանում ոչ թե հոկտեմբերին նախատեսվողը, այլ այն, ինչ նախատեսվում է նոյեմբերին, և ոչ թե Հայաստանում, այլ Բրյուսելում: Խոսքն Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասին է, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, որն առանց ավելորդ աղմուկի ստորագրվեց մարտին: Այդ նախագծին ընդառաջ՝ պաշտոնական Երևանն ըստ ամենայնի փորձում է առավելագույնս խաղաղ պահել Ռուսաստանի տեսադաշտը՝ վերջին գիշերը որևէ անցանկալի զանգից խուսափելու համար:

Մի կողմից՝ սա, իհարկե, հասկանալի տրամաբանություն է, մյուս կողմից, սակայն, առկա է մեկ այլ հարց կամ ռիսկ: Բանն այն է, որ մինչև նոյեմբեր այդօրինակ զգուշավորությունից կարող է օգտվել Ռուսաստանը և Հայաստանին ներկայացնել, այսպես ասած, ոչ մեծ, բայց կարևոր մանրուք հանդիսացող պահանջներ, որոնք Երևանը չմերժի հենց նույն նկատառումից ելնելով՝ հանկարծ Ռուսաստանին չտալ դժգոհության որևէ առիթ և չստեղծել բացասական նախատրամադրվածություն, որը կանդրադառնա Հայաստան-ԵՄ համաձայնագրի վրա:

Ընդ որում, այդ պահանջները կամ պայմանները, կամ առայժմ, այսպես ասած, չակերտավոր առաջարկները Հայաստանին կարող են ներկայացվել առայժմ կուլիսային մակարդակում՝ դրա դիմաց գոնե առայժմ ակնկալելով ընդամենը բանավոր քաղաքական խոստումներ:

Եվ այդ իմաստով ուշագրավ է դառնում Ռուսաստանի կրթության ու գիտության նախարարի այցը Հայաստան, նաև հոկտեմբերին ԵՏՄ հավաքի ընթացքում ՌԴ վարչապետ Մեդվեդևի այցը Հայաստան: Այսինքն՝ մի կողմից՝ Հայաստանի նախանոյեմբերյան կեցվածքը լինելով լիովին տրամաբանական, հաշվի առնելով Ռուսաստանի անկանխատեսելիությունը, մյուս կողմից՝ շատ է հիշեցնում «Տերն ու ծառան» հայտնի հեքիաթի դրվագը, իհարկե՝ հակառակ տրամաբանությամբ՝ «Չլինի՞ թե բարկանում ես» ծառայի հարցի փոխարեն հնչում է՝ «Չլինի՞ թե բարկացնում ես» Ռուսաստանի հարցը:

Այստեղ է, որ հանգում ենք Հայաստանի եվրաինտեգրացիոն հեռանկարի գլխավոր ռիսկին, որն ամենևին Ռուսաստանը չէ: Ռուսաստանը մեծ հաշվով այդ հարցում հետևանք է, իսկ գլխավոր ռիսկն այն է, որ ԽՍՀՄ-ից անկախացած Հայաստանը 25 տարիների ընթացքում այդպես էլ չի համալրվել կայուն քաղաքական հոսանքով, որը կառուցված կլիներ եվրաատլանտյան գաղափարական-քաղաքական հենքի վրա և թեկուզ այդպես էլ եկած չլիներ իշխանության, բայց ձևավորած լիներ Հայաստանի քաղաքական հավասարակշռության և ինքնիշխանության ներուժի մի շատ կարևոր բաղադրիչ, որը Հայաստանին թույլ կտար անհրաժեշտության դեպքում նաև բարկանալ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20