Խորհրդարանում տրվում է երկրի զարգացման համար խիստ սկզբունքային հարցի մեկնարկը

- in Կարծիք
nikol-aram-edmon

Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստոմ կքննարկվի «Ելք» խմբակցության՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու մասին նախագիծը:

Նույն նիստի օրակարգում է նաև ԵՏՄ-ից դուրս գալու մասին նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:

Կարող ենք արձանագրել, որ այսօրվանից Հայաստանի խորհրդարանում պաշտոնապես տրվում է երկրի զարգացման համար խիստ սկզբունքային հարցի քննարկման մեկնարկը: «Ելք» խմբակցությունը սկզբունքորեն իշխանությանն առաջարկել է տարբերակ, որը նրան մանևրելու մեծ հնարավորություն է տալիս: Առնվազն միամտություն կլինի ակնկալել, որ մեծամասնությունը հանձնաժողովի այսօրվա նիստոմ դրական եզրակացություն կտա ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու մասին նախագծին, սակայն ՀՀԿ- ն առնվազն կարող է «կացնային» տրամաբանությամբ չմերժել ընդդիմության երկրորդ նախաձեռնությունը և համաձայնել ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին: Սա հնարավորություն կտա ԵՏՄ-ի հարցը տևական ժամանակ պահել խորհրդարանական քննարկումների օրակարգում:

Դա ինքնին կարևոր հանգամանք է երկրի սուբյեկտության մեծացման տեսանկյունից, որովհետև թե՛ մեր հասարակության և թե՛ միջազգային հանրության համար կարձանագրվի, որ Հայաստանի օրակարգում առկա է երկրի այլընտրանքային զարգացման հարցը, գոնե դիսկուրսի մակարդակում:

Ցանկացած իշխանություն նման առիթը կօգտագործեր արտաքին քաղաքականության մեջ երկրի դիրքերն ամրապնդելու համար: Սերժ Սարգսյանը կամ Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցիչ հարկ չունեն Մոսկվայի առաջ արդարանալու «Ելքի» նախաձեռնության համար, հակառակը՝ Մոսկվային անհրաժեշտ է հասկացնել, որ իր չարդարացված, կայսերական քաղաքականությունը Հայաստանում դարձել է ընդդիմության նախաձեռնության հիմնական մոտիվը: Այլ կերպ ասած՝ իշխանությունը պետք է օգտագործի ընդդիմության այս նախաձեռնությունը Մոսկվայից զիջումներ կորզելու նպատակով: Ընդ որում, խոսքը ոչ թե տակտիկական մեկ-երկու խնդրում փոքր զիջումների, այլ գլոբալ առումով Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականության վերանայման մասին է:

Սակայն գրեթե վստահ ենք, որ Հայաստանի իշխանությունները գնում են տրամագծորեն հակառակ ճանապարհով՝ Մոսկվայի առաջ արդարանալով, թե որևէ առնչություն չունեն «Ելք»-ի նախաձեռնության հետ, ավելին՝ դրա պաշտոնական շրջանառությունից հետո Սերժ Սարգսյանի շրջապատը, Հայաստանի դիրքերն ամրապնդելու փոխարեն, փորձել է հետևողականորեն սիրաշահել Մոսկվային: Ստալինյան բռնաճնշումներին նվիրված ցուցահանդեսի փակումը, ռուսաց լեզվի հայեցակարգը ասվածի լավագույն ապացույցներն են:

Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը Մոսկվայից ստացել է ԵՄ-ի հետ աշնանը շրջանակային նոր համաձայնագիրը ստորագրելու քաղաքական համաձայնությունը և թերևս համարում է, որ սա առավելագույնն է, ինչն այս պահին կարելի է պոկել Պուտինից:

Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա այսօր արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բացասական եզրակացություն է տալու անգամ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին: Իհարկե, սա շատ վատ մեսիջ է ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստեղծման նախաշեմին, որովհետև եթե իշխանությունները պատրաստ չեն անգամ երկրի զարգացման այլընտրանքային տարբերակների քննարկմանը, ապա Բրյուսելի հետ բովանդակությամբ համեստ փաստաթղթի ստորագրումը սկզբունքորեն չի կարող նպաստել Հայաստանի եվրաինտեգրմանը կամ երկրում համակարգային բարեփոխումների իրականացմանը:

Պարզ է, որ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի ԵՏՄ-ում Հայաստանի անդամության չեղարկման գաղափարն ունենա սոցիալական բազա, երկրի զարգացման հարցը դառնա հանրային քննարկումների թեմա: Թերևս հենց այս նպատակով է «Ելք»-ը շրջանառու դարձրել ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման գաղափարը: Ըստ ամենայնի, իշխանությունները մտադիր չեն ընդդիմությանը տալ այդ ժամանակը, և հանձնաժողովի այսօրվա քվեարկությամբ հանրապետական մեծամասնությունն, ըստ էության, իր հավատարմությունը կհայտնի Կրեմլին:

Ցավալին այն է, որ հասարակությանը, մեծ հաշվով, խնդիրը չի հուզում: Օրինակ՝ եթե նման հարց քննարկվեր հարևան Վրաստանում, ապա խորհրդարանի շենքի մոտ կտեսնեինք պահանջատեր հասարակական խմբերի: Հայաստանում վերացել է քաղաքականությունը՝ իր բոլոր դրսևորումներով հանդերձ, և խորապես վստահ ենք, որ չի լինելու հասարակական ընդվզում անգամ այն դեպքում, եթե իշխանությունները վերջին պահին հրաժարվեն ԵՄ-ի հետ ստորագրել որևէ փաստաթուղթ:

Սա ոչ թե հասարակության եվրասիական ընտրության դրսևորում է, ինչպես մատուցում են Հանրապետականում կամ ռուսական շրջանակներում, այլ նրա՝ քաղաքականությունից օտարման հետևանք: Հասարակությունը պատրաստ չէ քաղաքական դիսկուրսի, որովհետև չի տեսնում այլընտրանքի գոյությունը՝ ինստիտուցիոնալ, արժեհամակարգային կայացվածության տեսանկյունից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20