Ծառուկյանը չի մանրանում Սերժ Սարգսյանի-Կարեն Կարապետյան բազարի մեջ

- in Հրապարակ
130
Gagik Tsarukyan

Գագիկ Ծառուկյանի խորհրդարանական հարցազրույցն անկեղծորեն զարմացրեց իր հասունությամբ և ադեկվատությամբ:

Միայն այն հանգամանքը, որ Ծառուկյանը չի մանրանում Սերժ Սարգսյանի-Կարեն Կարապետյան բազարի մեջ` նրան շատ ավելի ադեկվատ է դարձնում ընդդիմադիր բազմաթիվ գործիչներից, ովքեր ՀՀԿ-ի փոխարեն փորձում են որոշել նրա վարչապետին:

Իր քաղաքական կշիռը բարձրացնելու ակնհայտ մղումով` ԲՀԿ առաջնորդն այսօր իրեն վեր է դրել ներիշխանական հակադրությունից, թերևս այդ նպատակով խուսափելով ուղիղ տեքստով գնահատական տալ Կարեն Կարապետյանի մեկամյա գործունեությանը:

«Ութ ամիս առաջ եմ ասել, որ Կարեն Կարապետյանն իմ ընկերն է, ինքը խոսք է տվել, ներկայացրել է իր ծրագիրը, աշխատում է անել: Ընկերոջ մասին կարծիք ասելը ես կոռեկտ չեմ համարում: Երբ մենք հանդիպում ենք, ես ասում եմ բացասականն էլ, դրականն էլ», – այսպիսի մենթալիտետային պատասխան է տվել ԲՀԿ առաջնորդը: Իհարկե, Ծառուկյանն այսօր ձևը գտել է` ցույց տալու գործող կառավարության անարդյունավետությունը: Նա անուղղակիորեն դիպչել է Կարապետյանի ամենաթույլ տեղին, «աքիլեսյան գարշապարին»` ներդրումների թեմային:

Ներդրումները Կարապետյանի ոչ միայն քարոզարշավի մեխն էին, այլ` մի վճռորոշ հանգամանք, գործոն, որոնք Կարապետյանի կառավարությունը պետք է տարբերեին նախորդներից, ցույց տային, որ նա վստահության ռեսուրս ունի ոչ միայն հանրության, այլ նաև` արտաքին բիզնես գործընկերների մոտ: Սակայն այս տարվա առաջին կիսամյակի ներդրումային ցուցանիշները միայն խղճահարություն են արթնացնում, ազդարարում են Կարեն Կարապետյանի կառավարության ֆիասկոյի, ձախողման մասին:

«Ժողովուրդն իր ձայնը՝ 50+1, տվեց ՀՀԿ–ին։ Իսկ եթե մեզ տային, մենք 15 մլրդ դոլարի ներդրում կբերեինք Հայաստան և կկատարեինք մեր ծրագրի բոլոր 15 կետերը»,–այսօր ասել է Գագիկ Ծառուկյանը: Թերևս գործարարը չէր հիշի անցած-գնացածի, իր նախընտրական խոստման մասին, եթե Կարապետյանին ինչ-որ բան հասկացնելու, իր վերաբերմունքը կառավարության նկատմամբ ցույց տալու խնդիր չունենար: Ծառուկյանն իր ներդրումային հնարավորությունների, պոտենցիալի մասին չէ, որ խոսում է, մանավանդ` չի հավակնում վարչապետության:

ԲՀԿ նախագահը տողատակով հասկացնում է, որ Սարգսյան-Կարապետյան երկընտրանք, որպես այդպիսին, գոյություն չունի, որովհետև վերջինս չի կատարել իր նախընտրական հիմնական խոստումը, չի ապահովել ներդրումային այն բումը, որը նրա կառավարությունը շահեկանորեն կտարբերեր նախորդներից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20