Կառավարությունը շեշտը դնում է գյուղական համայնքների տնտեսական մեծ ներուժի վրա

- in Պաշտոնական
karen-karapetyan

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ հանձնարարականների շրջանակներում ասաց, թե գյուղատնտեսությունը կառավարության կողմից ճանաչվել է գերակա ոլորտներից մեկը. «Կառավարությունը շեշտը դնում է գյուղական համայնքների տնտեսական մեծ ներուժը բացահայտելու, անհրաժեշտ պայմաններ ապահովելու և այն արդյունավետ ձևով իրագործելու վրա: Վերջին ամիսներին գյուղատնտեսության ոլորտին վերաբերող վիճակագրական արդյունքները մեզ համար մտահոգության տեղիք են տալիս, և հետաևաբար առկա է այդ ոլորտում ձևավորվող համախառն արդյունքների հաշվառման, վերլուծության անհրաժեշտություն»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Կարեն Կարապետյանը մասնավորեց, որ սա առավել կարևոր է համայնքային զարգացման համար, որպեսզի համախառն արդյունքի գնահատումը կառավարության համար դառնա կանխատեսելի ու հաշվառելի: Հաշվի առնելով վերանշյալը՝ ՀՀ վարչապետը գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին հանձնարարեց, իսկ ԱՎԾ-ին առաջարկեց երկու շաբաթյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշների վերլուծության վերաբերյալ, այդ թվում, անդրադառնալով արձանագրված անկման պատճառներին. «Այս տարվա հունվար-օգոստոսը նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ բոլոր ոլորտներում ունենք աճ, բացի գյուղատնտեսությունից և շինարարությունից: Ընդ որում, շինարարության թվերի դինամիկան մեզ ցույց է տալիս, որ մենք կոմպենսացնում ենք այն հետ ընկնելը: Դրան գումարած այն հանձնարարությունները, որոնք մենք տվել ենք շինարարության ոլորտին, դրան գումարած քաղաքաշինական կոմիտեի նախագահի կանխատեսումները, մենք այդտեղ մեծ պրոբլեմներ չենք տեսնում: Գյուղատնտեսության մասով մեզ պետք է ռեալ թվերը հասկանանք: Շատ ուշադիր անդրադառնում ենք դրան»:

Մարիամ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20