Կատալոնիան ու Արցախը

- in Հրապարակ
246
LGHH

Կատալոնիայի խորհրդարանն անցած գիշեր հավանություն է տվել, այսպես կոչված, «անջատման մասին օրենքին», չնայած այն հանգամանքին, որ Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել է Իսպանիայից անկախանալու մասին հանրաքվեի անցկացումը։

Փաստաթուղթը ուժի մեջ է մտնելու հանրաքվեի՝ Կատալոնիայի անկախացման աջակիցների հաղթանակի դեպքում։ Այն լինելու է որպես ժամանակավոր Սահմանադրություն։ Կատալոնիայի խորհրդարանը կողմ է քվեարկել անկախության հանրաքվեի մասին օրենքին, որը պետք է անցկացվի հոկտեմբերի 1-ին։ Իսպանիայի կառավարությունը դիմել է Սահմանադրական դատարան։

Հիշեցնենք, որ 2014թ. ոչ պաշտոնական հանրաքվեի արդյունքներով Կատալոնիայի ընտրողների 80 տոկոսը կողմ էր քվեարկել Իսպանիայից անկախանալուն։ Կատալոնիայի 7,5 միլիոն ազգաբնակչությունը կազմում է Իսպանիայի բնակչության 16 տոկոսը: Այս երկրամասը արդյունաբերական առումով Իսպանիայի ամենազարգացած հատվածն է: Կատալոնացիները, մասնավորապես, դժգոհում են, որ իրենց երկրամասը, լինելով երկրի ամենահարուստ շրջանը, տուժում է Իսպանիայի տնտեսական ճգնաժամի հետևանքով: Այս անգամ կատալոնացիները վճռական են տրամադրված և հակված են հանրաքվեի արդյունքներով պաշտոնականացնել իրենց անկախությունը:

Հետաքրքիր է, որ պաշտոնական Մադրիդը Կատալոնիայի ինքնորոշմանն ընդդիմանում է գրեթե նույն մոտիվով, ինչ Բաքուն` Արցախի ինքնորոշմանը: Իսպանիայի կենտրոնական կառավարությունը պնդում է, որ Կատալոնիայի հարցով հանրաքվեն չի կարող իրավազոր լինել, քանի որ չի անցկացվում ամբողջ երկրի տարածքում: Փաստորեն, Մադրիդում, ինչպես և Բաքվում, գերակայությունը տալիս են տարածքային ամբողջականության սկզբունքին: Սակայն այսքանով էլ, ըստ էության, ավարտվում է Կատալոնիայի և Արցախի հարցերի բովանդակային ընդհանրությունը: Իսպանիայի իշխանությունների դիրքորոշումը մոտիվացված է՝ այն առումով, որ կատալոնացիների իրավունքներն Իսպանիայում որևէ կերպ ոտնահարված չեն: Կատալոնիայի պարագայում չեն կարող խոսել վերջինիս և Իսպանիայի քաքակրթական խզման մասին, ավելին` անկախանալու պարագայում, մեծ հաշվով, Կատալոնիային սպառնում է մեկուսացում և ինչ-որ իմաստով օտարում քաղաքակիրթ Եվրոպայից, որովհետև Բրյուսելից միանշանակ հասկացրել են, որ անկախ Կատալոնիան չի կարող հավակնել Եվրամիության անդամությանը:

Արցախի պարագայում գործ ունենք սկզբունքորեն հակառակ տրամաբանության հետ, որովհետև Արցախի անկախությունը քաղաքակրթական ընտրության հետևանք է. ավտորիտար Ադրբեջանը չի կարող որոշել Արցախի ճակատագիրը և առավել ևս` չի կարող երաշխավորել Արցախում ապրող մարդկանց իրավունքներն ու ազատությունները: Սա ճշմարտություն է, սակայն հայկական կողմը հետևողական քայլերով պարտավոր է քաղաքական ձևակերպում տալ Ադրբեջանի և Արցախի քաղաքակրթական անհամատեղելիությանը, այլ խոսքով` Արցախը, որպես նոր որակի պետություն, որակապես պետք է տարբերվի ավտորիտար Ադրբեջանից, նույնիսկ` հավակնություններից ու երազանքներից զուրկ այսօրվա եվրասիական Հայաստանից: Ինքնին հասկանալի է, որ ռեալ պոլիտիկի տեսանկյունից Արցախը չի կարող հավակնել Եվրամիության անդամակցությանը, բայց Արցախի էլիտան պետության եվրոպական մոդելը ուղենիշ պետք է համարի քաղաքական և տնտեսական բարեփոխումների համար, պետք է աշխարհի համար լեգիտիմացնի, քաղաքական փաստ դարձնի իր և Ադրբեջանի որակական տարբերությունը, քաղաքակրթական անհամատեղելիությունը:

Բակո Սահակյանի նախագահության երրորդ ժամկետը միանգամայն հակոտնյա է զարգացման այս տրամաբանությանը, սակայն դեռ ոչինչ կորսված չէ, եթե Սահակյանը հայտարարի, որ 2020-ին չի հավակնելու նախագահության և իր անցումային կառավարումը ոչ թե ավտորիտարիզմի հետևանք է, այլ սահմանադրական տրանսֆորմացիայի ժամանակավոր պարտադրանք: Եթե Կատալոնիայի անկախության հետևանքը լինելու է նրա օտարումը միասնական Եվրոպայից, ապա Արցախի անկախությանն իրական քաղաքական բովանդակություն պետք է հաղորդեն նրա եվրոպական ձգտումները, որոնք իրականանալի չեն Ադրբեջանի բռնապետական ռեժիմում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20