Կարապետյանների դեմ «Ծառուկյան» դաշինքի սկսած գրոհն անկասկած ունի մի շարք շարժառիթներ

Naira Zohrabyan

«Ծառուկյան» դաշինքի խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությամբ «Ելք» դաշինքը ձգտում էր գրավել հանրային ուշադրություն:

Եթե որևէ քաղաքական ուժ որևէ քաղաքական նախաձեռնությամբ փորձում է արժանանալ հանրային ուշադրության, դա ոչ միայն տարօրինակ չէ, այլ թերևս նախաձեռնողականության շարժառիթներից մեկն է: Այլ հարց է, իհարկե, որ լինեն նաև այլ՝ ավելի առարկայական շարժառիթներ քաղաքական իրավիճակներ ստեղծելու և հանրային կամ պետական խնդիրներ լուծելու համար: Սակայն ներկայումս իհարկե խնդիրը «Ելք»-ի նախաձեռնությունն այդ տեսանկյունից քննության ենթարկելը չէ:

Պարզապես «Ծառուկյան» դաշինքի արձագանքը այդ ֆոնին բավականին հետաքրքիր է՝ հատկապես այն համատեքստում, որ արտահայտվում է կառավարության և մասնավորապես վարչապետի դեմ դաշինքի սկսած կարծես թե բավականին հուժկու և համակարգված գրոհի դրսևորումով: Իսկ այդ գրոհը կարճ ժամանակում արտահայտվել է ոչ միայն «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների շուրթերից, որոնք սկսեցին դժգոհել կառավարության գործունեության արդյունքից, այլ նաև հենց կառավարության անդամ, Գագիկ Ծառուկյանի թիմի ներկայացուցիչ՝ սպորտի նախարար Հրաչ Ռոստոմյանի շուրթերից:

Այդ դժգոհությունն իհարկե անուղղակի էր, սակայն շատ ավելի թափանցիկ և բաց: Ռոստոմյանը հայտարարեց, որ միլիարդատեր Սամվել Կարապետյանը ըմբշամարտը դրեց ծանր վիճակի մեջ, երբ թողեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, և միայն Գագիկ Ծառուկյանի շնորհիվ հաջողվեց, այսպես ասած, փրկել մարզաձևը: Իսկ խնդիրն այն է, որ Սամվել Կարապետյանը խոշոր հաշվով առավել նշանային ֆիգուր է կառավարության համատեքստում, քան բուն վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կարապետյանների դեմ «Ծառուկյան» դաշինքի սկսած գրոհն անկասկած ունի մի շարք շարժառիթներ, բայց ակնհայտ է նաև, որ դրանց թվում է «Ելք»-ի նախաձեռնությունը ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ: Նաիրա Զոհրաբյանի գնահատականը վկայում է «Ծառուկյան» դաշինքի համար դրա, այսպես ասած, մոտիվացիոն նշանակության մասին:

Բանն այն է, որ իր այդ նախաձեռնությամբ «Ելք»-ը ոչ այնքան իշխանությանը դրեց բարդ վիճակում կամ ոչ միայն իշխանությանը, այլ նաև խորհրդարանում ընդդիմադիր լինելու մասին հռչակած և երկրորդը հանդիսացող «Ծառուկյան» դաշինքին: «Ելք»-ի նախաձեռնությունը դարձավ, այսպես ասած, «ընդդիմության լակմուս»: «Ծառուկյան» դաշինքը կա՛մ պետք է միանար դրան, իսկ դա արդեն պարունակում էր մի շարք ներքին ու արտաքին քաղաքական անցանկալի հետևանքներ դաշինքի համար, կա՛մ չմիանալով՝ փաստացի հայտնվում էր պսևդոընդդիմության կարգավիճակում:

Ահա այդ իրավիճակում «Ծառուկյան» դաշինքը որոշեց, այսպես ասած, փոխել խաղն ու, այսպես ասած, «ընդդիմության լակմուսը»՝ անցնելով կառավարության դեմ գրոհի և այդպիսով փորձելով «Ելք»-ից «հետ վերցնել» առանցքային ընդդիմության կարգավիճակը, որ «Ելք»-ը «խլել» էր ԵՏՄ-ից դուրս գալու մասին նախաձեռնությամբ: Ի՞նչ կարձագանքի այս դեպքում «Ելք»-ը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20