Նախօրեին պատասխանելով 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու հավանականության մասին հարցին՝ այն համատեքստում, որ դրա մասին ավելի ու ավելի շատ են խոսում ՀՀԿ ներկայացուցիչները, վարչապետ Կարեն Կարապետյանը տվել է ուշագրավ պատասխան:

Նա հայտարարել է, որ դրանք մասնավոր կարծիքներ են, և ինքը կխոսի, երբ ՀՀԿ-ն դրա վերաբերյալ կունենա պաշտոնական կարծիք:

Այլ կերպ ասած՝ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ իր համար այդպիսի կարծիք գոյություն չունի: Այդպիսի հայտարարություն անելու համար Կարապետյանը կա՛մ պետք է ունենար Սերժ Սարգսյանի համաձայնությունը և համոզվածությունը, որ Սարգսյանը չի առաջադրվելու վարչապետի պաշտոնի համար, կա՛մ այդ պատասխանով Կարեն Կարապետյանը գործնականում բացահայտորեն հայտարարում է Սերժ Սարգսյանի վարչապետական հավակնության դեմ պայքարի մասին, և Կարեն Կարապետյանի հայտարարության տողատակում այդ դեպքում նկատվում է որոշակիորեն վա-բանկ գնալու տրամադրություն:

Հատկանշական է, որ դա տեղի է ունենում Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ աշխատանքային այցին զուգահեռ, որտեղ նա ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Ընդ որում, այդ ելույթում ուշագրավ էր այն, որ Սերժ Սարգսյանը քաղաքական գործոնի «կարգավիճակ» տվեց հայկական Սփյուռքին՝ հայտարարելով, որ Արցախի խնդրում արտահայտում է համահայկական տեսակետ և ներկայացնում է Հայաստան-Սփյուռք համաժողովի ուղերձը:

Այսինքն՝ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն չի պատրաստվում ակտիվ քաղաքականությունից մնալ հեռու, այլև գործնականում ընդլայնում է իր, այսպես ասած, «ներկայացուցչականությունը»: Ընդ որում, այստեղ խնդիրն արդեն ոչ այնքան բուն վարչապետի պաշտոնն է, որքան ընդհանրապես ազդեցությունը: Իսկ Կարապետյանի հարցում խնդիրն այն է, որ նա անկասկած չի համաձայնի մնալ հավերժ ենթակա վարչապետ, և անցնող տարին նա գործնականում դիտարկել է թերևս միայն «վերադաս վարչապետ» լինելու սպասման ժամանակահատված:

Եվ ուրեմն՝ Կարապետյանի դիրքորոշման պարագայում ո՞ր դեպքի հետ գործ ունենք՝ Սերժ Սարգսյանի հետ համոզիչ պայմանավորվածությա՞ն, թե՞ նրա դեմ «պատերազմի շեփոր» հնչեցնելու: Առաջին դեպքում ստացվում է, որ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը մի պայմանավորվածության մեջ են, որից դուրս է ՀՀԿ-ն, համենայնդեպս՝ այն ՀՀԿ-ն, որը ներկայումս հայտարարում է Սերժ Սարգսյանի անփոխարինելիության և առաջնորդության մասին, խոսում այն մասին, որ չկա նրան այլընտրանք: Իսկ դա ըստ էության ներկայիս ՀՀԿ մեծամասնությունն է:

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի հետ պայմանավորվածությամբ խաղից դուրս է դնում այդ մեծամասնությանը: Թեև սա էլ իհարկե զարմանալի չէ՝ նկատի ունենալով ՀՀԿ-ին «նոր ոգի» հաղորդելու այն առաքելությունը, որ Կարեն Կարապետյանի վրա դրեց Սարգսյանը մեկ տարի առաջ: Իհարկե, եթե Սերժ Սարգսյանը որոշի, որ Կարեն Կարապետյանը պետք է մնա, ապա ՀՀԿ նույն մեծամասնության համար որևէ խնդիր չի լինի «առաջնորդ» ճանաչել Կարեն Կարապետյանին, սակայն խնդիրն այն է, որ «մասնավոր կարծիքների» վերաբերյալ իր հայտարարությամբ Կարեն Կարապետյանը այժմ ձեռնոց է նետում ոչ միայն Սերժ Սարգսյանին, և եթե կա նրա հետ պայմանավորվածություն, ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ նրան արդեն իսկ այժմվանից վարչապետ հռչակողներին:

Հետևաբար պետք չէ բացառել, որ Սարգսյանն այդպիսով ՀՀԿ ներկայիս «ոգին» հանձնում է Կարեն Կարապետյանի տնօրինությանը՝ կամ նրա միջոցով այդ «ոգուց» ազատվելու, կամ էլ այդպիսով ժամանակի ընթացքում թե՛ «հին ոգուց», թե՛ Կարապետյանից ազատվելու և 2022 թվականին արդեն «նոր ոգու» գլխավորությամբ նոր խորհրդարանի մեծամասնության գնալու ակնկալիքով:

Եթե Կարեն Կարապետյանը չունի Սարգսյանի հետ համոզիչ պայմանավորվածություն 2018-ի համար, և գործ ունենք «պատերազմ» հայտարարելու հետ, ապա այստեղ, իհարկե, Կարապետյանը փաստորեն պատերազմ է հայտարարում ամբողջ ՀՀԿ-ին կամ գոնե նրա ներկայիս մեծամասնությանը, որը հայտարարում է Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին:

Այդ դեպքում Կարեն Կարապետյանը կա՛մ կհաղթի այդ բացահայտ «մարտը», կա՛մ ստիպված կլինի վերածվել «մայր գետից» պոկված հերթական «վտակի»: Ի՞նչ կանի նա այդ դեպքում՝ կսկսի օտարել Հայաստանում ունեցվա՞ծքը, թե՞ կհավակնի 2022-ի ոչ իշխանական բևեռի դերին:

Spread the love