Կարեն Կարապետյանի ինքնավստահությունը սնուցվում է նրա ու Սերժ Սարգսյանի պայմանավորվածություններից

Sezh Karen

Այսօր Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովում ելույթ է ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանը: Ելույթն, որպես այդպիսին, նորություն չէր պարունակում, եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ Կարապետյանն ակնհայտորեն փորձում է բարեփոխիչ վարչապետի կերպար ստեղծել:

Այս համաժողովը, մեծ հաշվով, Կարեն Կարապետյանի նախաձեռնությունը չէ,  նույնիսկ, կարելի է ասել,  որ Սերժ Սարգսյանը «համահայկական» ռեսուրսով հակադրվում է հենց Կարապետյանի «ռուսահայ» ձեռնարկներին, սակայն վերջինս բավականին արդյունավետ օգտագործեց համաժողովի հարթակը` իր իմիջը և հավակնությունները ներկայացնելու համար: Ավելորդ է ասել, որ սրանում Կարապետյանի անհատական տաղանդն ու արժանիքներն առանձնապես մեծ տեղ չունեն: Ուղղակի Սփյուռքում էլ են հոգնել Հայաստանի իշխանության ավանդական,  կոռուպցիա և մենաշնորհ մարմնավորող դեմքերից, և ցանկացած թարմություն արդեն իսկ որոշակի հույսեր է ծնում: Պատահական չէ, որ համաժողովում Կարապետյանին հարց է տրվել նրա վարչապետական հեռանկարի մասին` վերջինիս կերպարի խիստ պոզիտիվ մատնանշման ֆոնին: «Դուք նոր հեղափոխական ճամփա բացեցիք: Բացի դրանից, կարծում եմ, լավ շախմատ եք խաղում, քանի որ «շախ» ու «մատ» ցույց տվեցիք և հրապարակը մաքրեցիք որոշ անձնավորություններից: Հիմա հարց պետք է տամ՝ խնդրելով մեկ բառով պատասխանել, արդյո՞ք Կարեն Կարապետյան վարչապետը կփափագի մնալ պաշտոններու վերա»,- հարցրել է համաժողովի մասնակիցներից մեկը: Կարապետյանի պատասխանը, ինչպես միշտ, լակոնիկ է եղել,  սակայն նրա «այո»-ն հաստատական է հնչել: Կարեն Կարապետյանը երբեք աչքի չի ընկել վճռականությամբ և կտրուկ պատասխաններով և,  եթե այսօր 2018-ի մասով հստակ ամրագրում է իր հավակնությունների նշաձողը, ապա կարելի է ենթադրել, որ քաղաքական որոշումը կայացված է, կամ առնվազն Կարեն Կարապետյանը ռուսահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի հովանավորությամբ մտադիր է լուրջ պայքարի մեջ մտնել 2018-ի իշխանության համար:

Ավելի շատ հակված ենք առաջին վարկածին, որը ենթադրում է, թե Կարեն Կարապետյանի ինքնավստահությունը սնուցվում է նրա ու Սերժ Սարգսյանի պայմանավորվածություններից, այլապես Կարապետյանը լրագրողների հետ այսօր տեղի ունեցած զրույցում խորհուրդ չէր տա սպասել ՀՀԿ պաշտոնական որոշմանը: Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀԿ-ական մի խումբ գործիչներ հայտարարում են, որ 2018թ. հետո վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին այլընտրանք չեն տեսնում, ասել է. «Եկեք այսպես ասենք, մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանել: Երբ կլինի  ՀՀԿ-ի պաշտոնական կարծիքը, հարցրեք։ Դուք կուսակցության պաշտոնական կարծիքը լսե՞լ եք»,- նշել է վարչապետը: Կարեն Կարապետյանն իր վարչապետության շրջանում անընդհատ կրկնվող հարցին առաջին անգամ տվել է կտրուկ պատասխան: Նա հասկացրել է, որ Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարն ոչ թե ՀՀԿ-ի,  այլ մասնավոր անձանց ցանկությունն է:

Ինչո՞ւ է Կարեն Կարապետյանն այսքան վստահ, որ ՀՀԿ պաշտոնական որոշումը լինելու է իր վարչապետության հաստատումը 2018-ի ապրիլին, մանավանդ, երբ կուսակցությունում, ըստ էության, չունի հենարան: Արդյո՞ք Սերժ Սարգսյանի հետ ձեռք են բերվել վերջնական համաձայնություններ, թե՞ կան այլ գործոններ,  որոնք Սերժ Սարգսյանին հարկադրում են 2018-ի ապրիլին, գոնե առժամանակ,  հրաժարվել երկրի ղեկավարի կարգավիճակից: Առայժմ դժվար է հստակ պատասխաններ տալ այս հարցերին, մանավանդ, որ Սերժ Սարգսյանը շարունակում է իր ակտիվ գործունեությունը «համազգային» և միջազգային հարթակներում և դժվար է կանխատեսել նրա ծրագրերը, եթե անգամ նա Կարեն Կարապետյանին կամ այլ մարդու որևէ բան է խոստացել: Ամեն դեպքում, օրեր առաջ Սամվել Կարապետյանի որդու հարսանիքի ֆոնին արձանագրել էինք, որ երկրում կարծես թե  ձևավորվում է ներքաղաքական նոր ատատուս-քվո, որն ավելի ամրապնդվեց վարչապետ և գործարար Կարապետյանների քավոր-սանիկությամբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20