Galust Sahakyan

Կարեն Կարապետյանը որոշել է, որ Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից մեկն է եւ իր հանձնարարականով կրթության և գիտության նախարարությունում ռուսերենի խորացված ուսուցման հայեցակարգ է մշակվել:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը:

Ըստ այդ հայեցակարգի ռուսաց լեզուն հատուկ արտոնություններ է ստանում։ Մասնավորապես, առաջարկվում է ռուսաց լեզվի ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում (ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարագրություն և այլն), այսինքն՝ ավագ դպրոցում մի շարք առարկաններից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ դասավանդում: Երեկ պատասխանելով news.am-ի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում այս նախաձեռնությանը` ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «Դա հայոց բթամտությունն է…»: Չգիտենք` հին հանրապետականի արժանապատվությո՞ւնն է արթնացել Գալուստ Սահակյանի մոտ, թե՞ գիշերը` երազում, Նժդեհին է տեսել, բայց խորհրդարանի նախկին ղեկավարի այսօրվա պատասխանը միանգամայն համարժեք է հայեցակարգի բովանդակությանը:

Որևէ օտար լեզվի արտոնյալ կարգավիճակ են տալիս, երբ այն այլընտրանք չունի քաղաքակրթական զարգացում ապահովելու տեսանկյունից: Այսօրվա Ռուսաատանն ու ռուսերենը քաղաքակրթության հետ ասոցացվում են այնքանով` որքանով Հայաստանը` տիեզերքի հետ: Այսինքն, եթե ռուսերենի հարցում չկա հանրային պատվեր, ապա գործ ունենք ռուսական պարտադրանքի հետ, որն իրականություն է դառնում գազպրոմական խիստ «քաղաքակիրթ» միջավայրում թրծված Կարեն Կարապետյանի միջոցով:

Դե բնական է, որ նժդեհական խիստ «ազգային» միջավայրում թրծված Գալուստ Սահակյանը էլ տալիս է նման կտրուկ գնահատական: Սակայն Գալուստ Սահակյանի խոսքի մեջ ակնհայտ է նաև ներհամակարգային պայքարի կնիքը: Նա բթամտության մեջ մեղադրում է մի մարդու, ում հետագա վարչապետության հեռանկարն, ըստ էության, կտրուկ մերժել է` ի տարբերություն դիվանագիտորեն արտահայտվող մյուս հանրապետականների:

Գալուստ Սահակյանը, փաստորեն, Կարեն Կարապետյանին կոշտ արձագանքում է Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, քարոզարշավի շրջանակներում: Գալուստ Սահակյանի վարքագծի հիմքում, իհարկե, առկա է նաև անձնական նեղացվածության գործոնը: «Նոր ոգու» ալիքը նրան զրկեց ԱԺ նախագահի պաշտոնից, ասում են` մյուս տարի էլ որդին կարող է կորցնել պաշտոնը` կառավարությունում սպասվող կառուցվածքային փոփոխությունների հետևանքով: Ամեն դեպքում, Կարեն Կարապետյանի համար լուրջ փորձություն է Գալուստ Սահակյանի դեմքով ընդդիմախոս ձեռք բերելը:

Spread the love