Կարո՞ղ էր արդյոք լինել համայն աշխարհին ուղղված, նաև համայն հայությանն ուղղված առավել ազդեցիկ մեսիջ

- in Հրապարակ
82
hayastan-armenia

Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովն ավարտվեց հայտարարությամբ, որն ընդհանուր առմամբ, այսպես ասած, համահայկական «ստանդարտի» մեջ է: Ավելին պե՞տք էր սպասել հայտարարությունից, թե՞ ոչ:

Սա հարցադրում է, որը հնարավոր է բնորոշել հռետորական: Համենայնդեպս, ավելին իհարկե հնարավոր էր, զուտ որպես հայտարարության տեքստ, մյուս կողմից սակայն ի՞նչ իմաստ ունի հայտարարությունը, և արդյո՞ք այն ընդամենը հաջորդող գործերի բացակայության այսպես ասած քողածածկույթի յուրօրինակ  ավանս չէ:

Ո՞րն էր Հայաստան-Սփյուռք համաժողովի նպատակը, վեցերորդ համաժողովի նպատակը, և ընդհանրապես ինչ նպատակներ են դրել և իրագործել նախորդ հինգ համաժողովները: Արդյո՞ք հայտարարությունների փոխարեն համաժողովների եզրափակումը առավել առարկայական չի լինի ուղղակի նպատակների, կամ ավելի շուտ նախագծերի կոնկրետ հռչակումով: Օրինակ՝ Հայաստան-Սփյուռք համաժողովը սահմանում է նպատակ, ենթադրենք՝ առաջիկա հինգ տարում ներդնել հնարավոր և անհնար բոլոր ջանքերը, Հյուսիս-Հարավ կարևորագույն ռազմա-քաղաքական, տնտեսական և անգամ հոգեբանական նշանակության նախագիծն ավարտին հասցնելու, և Իրանը Հայաստանի միջոցով Սև ծովին կապող տրանսպորտային այդ ուղին իրականություն դարձնելու համար:

Կարո՞ղ էր արդյոք լինել համայն աշխարհին ուղղված, նաև համայն հայությանն ուղղված առավել ազդեցիկ, առավել գործնական, առավել համոզիչ մեսիջ, քան այդօրինակ նպատակի հռչակումը՝ երկարաշունչ և նույնաբովանդակ հայտարարության փոխարեն, որն այլ բան չէ, քան թերևս Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում, և գուցե նախորդ բոլոր համաժողովներում հնչած մտքերի և «կենացների» յուրօրինակ հավաքածու: Մյուս կողմից, Հայաստան-Սփյուռք համաժողովի այդօրինակ, այսինքն՝ շատ կոնկրետ նախագծային որևէ նպատակադրումով ավարտը կլիներ աշխարհին և հայությանն ուղղված առավել համոզիչ և առավել խոսուն, առարկայական մեսիջ, ուղերձ, բայց կլիներ նաև առավել պատասխանատու, շատ լուրջ պատասխանատվություն ենթադրող ուղերձ:

Իսկ ահա հայտարարությունը, որ հրապարակվում է համաժողովի ավարտին, ամենևին չի ենթադրում պատասխանատվություն և չունի կոնկրետ չափման սանդղակներ: Հինգ տարի կամ անգամ հինգ օր հետո, ինչպես հնարավոր է ցույց տալ հայտարարության մեջ մատնանշվածի իրականություն դառնալու, այնպես էլ իրականության հետ աղերս չունենալու, խոսքից գործի վերածված չլինելու վկայություններ: Ահա ամբողջը: Մինչդեռ Հայաստանը որպես պետություն և որպես համահայկական կենտրոն ներկայումս կանգնած է այնպիսի մարտահրավերների և կարիքների բազմության առաջ, որ Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովի համար, մեղմ ասած, դժվարություն չէր ներկայացնի գտնել գոնե վեցը կոնկրետ խնդիր, դրանց լուծումը նպատակ հռչակելու և այդ նպատակի համար պատասխանատվություն ստանձնելու առումով: Մյուս կողմից, Հայաստան-Սփյուռք համաժողովում պատասխանատու նպատակների հռչակումը թե՛ Սփյուռքի, թե՛ Հայաստանի հանրության առաջ առավել պատասխանատու լինելու պարտադրանք է իշխանության համար, որովհետև, եթե Հայաստանն է կենտրոնը, ապա Հայաստանի իշխանությունն էլ նպատակների իրականացման ուղղությամբ աշխատանքի համար պատասխանատվության կենտրոնն է: Մինչդեռ Հայաստանի իշխանության համար ոչ միայն ավելորդ պատասխանատվությունը բեռ է, այլ գործնականում Հայաստանում չկա իշխանություն, որն ունակ է ստանձնել այդպիսի պատասխանատվություն: Հայաստանում չկա նույնիսկ 2018-ի ապրիլի շատ պարզ ու հասարակ մի որոշման համար պատասխանատվություն ստանձնող իշխանություն, գոնե առայժմ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20