Կարող էին դրվել քաղաքական մրցակցային պայքարի հիմքերը

- in Վերլուծական
cuyc 1

1996-ի այս օրը Հայաստանում տեղի ունեցան դրամատիկ իրադարձություններ,  որոնք, ըստ էության, դրեցին քաղաքական անտագոնիզմի հիմքերը:

1996-ի նախագահական ընտրությունները բացառիկ շանս էին Հայաստանի համար այն առումով, որ դրանցում կարող էին դրվել քաղաքական մրցակցային պայքարի հիմքերը, կամ նույնիսկ կարող էր մեր երկրում ձևավորվել ընտրությունների միջոցով իշխանության ձևավորման մշակույթը:

Սակայն, թերևս,  Արցախյան հաղթանակով Լևոն Տեր- Պետրոսյանի թիմը համարում էր, որ լեգիտիմացրել է իշխանությունը պահելու իրավունքը: Համենայն դեպս, տարօրինակ է, որ նախագահական ընտրարշավի նույնիսկ միջնամասում, ունենալով ավելի բարձր վարկանիշ, արդյունավետ քարոզչություն իրականացնելու փոխարեն՝ Լևոն Տեր- Պետրոսյանն ու նրա թիմն ընտրեցին իշխանության վերարտադրության ամենահեշտ ճանապարհը՝ մերժելով ընդդիմության հետ երկխոսելու ուղին և էսկալացնելով իրավիճակը:

Տարիներ անց Վանո Սիրադեղյանը պետք է խոստովաներ, որ 1996-ի լարված օրերին քննարկվել է ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու հարցը, սակայն դրան ընդդիմացել է համակարգի ուժային սեգմենտը: Ողբերգությունն այն է, որ ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանն ու նրա թիմը նույնպես լսել անգամ չէին ուզում ընտրությունների երկրորդ փուլի մասին, թեև չունեին փաստական տվյալներ, որ հաղթանակ են տարել ընտրությունների առաջին փուլում: Կորսված քաղաքական հնարավորության՝ ընտրությունների երկրորդ փուլի փոխարեն տեղի ունեցան հայկական ժողովրդավարությունը սպանող իրադարձություններ՝ ընդդիմության կողմից խորհրդարանի շենքի գրոհ, ԱԺ նախագահի և նրա տեղակալի առևանգում, ուժայինների կողմից գործողություններ ցուցարարների դեմ, ընդդիմադիր պատգամավորների ծեծ խորհրդարանում, քաղբանտարկյալներ:

88-ի շարժման երկու առանցքային առաջնորդները՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանը, որոնց հետ հասարակությունը կապում էր Հայաստանի ժողովրդավարության հույսը, խորտակեցին այն ձևավորման փուլում՝ Հայաստանում հիմք դնելով անտագոնիստական քաղաքական համակարգին, երբ իշխանությունը չի կարողանում հաղթահարել խրոնիկ ճգնաժամը, իսկ ընդդիմությունը մարգինալացված է և էական դեր չի խաղում երկրի քաղաքական կյանքում:

1996-ից հետո բոլոր ընտրությունները կեղծվել են, և որևէ մեկը հստակ չի կարող ասել, թե ով է դրանց իրական հաղթողը՝ չնայած քաղաքական հակադրության երկու կողմերում վստահ պնդել են, թե հենց իրենք են ժողովրդի ընտրյալները:

Անտագոնիստական քաղաքական համակարգը ծնել է մի կողմից՝ խոցելի լեգիտիմություն ունեցող իշխանություն՝ իր անորակ կառավարմամբ, մյուս կողմից՝ «կրիտիկական զանգվածի» մշտական փորացավ ունեցող ընդդիմություն, որն այդպես էլ չի կարողացել իրական այլընտրանք դառնալ:

2008-ի մարտի 1-ը դարձավ հայաստանյան քաղաքականության հրապարակային վախճանի տարեթիվը: Դրանից հետո նույնիսկ ձևական քաղաքականությունը դադարեց գոյություն ունենալ, որովհետև արձակված էր հայաստանյան քաղաքական զինանոցի վերջին «փամփուշտը»: Ասվածի լավագույն դրսևորումը 2013-ի նախագահական ընտրություններն էին, որտեղ այլընտրանքի դերում հանդես եկող Րաֆֆի Հովհաննիսյանը գործընթացը վերածեց ծիսական կլոունադայի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20