Կռիլով, Չարենց և Մարգարեն (Զորանամակ)

- in Կարծիք
147
Pnakalezner

Մեծ հետաքրքրությամբ տեղեկացա (www.nt.am/am/news/243383) Համահայկական Խորհրդի ստեղծման ծրագրի երկրորդ տարբերակի մասին, որ ըստ պաշտոնական մամլո մի հաղորդագրության, պիտի արծարծվի Երևանում տեղի ունենալիք Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովում:

 

Մի կարապ, մի խեցգետին, մի գայլաձուկ

Բարձած սայլը տեղից քաշել ուզեցին,

Եվ երեքով եկան սայլին լծվեցին,

Ինչ են անում, ինչ չեն անում,

Սայլը տեղից չի էլ շարժվում.

Շատ թեթև է բեռը թվում,

Բայց կարապը վեր է թևում,

Խեցգետինը քաշում է հետ,

Գայլաձուկն էլ հո դեպի գետ:

Ով է արդար, ով մեղավոր,

Մենք չդատենք: Բանն այն է, որ

Մինչև այսօր

Թե սայլ, թե բեռ

Նույն տեղն են դեռ:

Շախմատի ախոյանների երկրի նախագահի կողմից առաջարկված Համահայկական Խորհրդի մասին կարդացի մեծ ուշադրությամբ։  

Հարց տվի, պրպտեցի, փորձեցի ըմբռնել Խորհրդի երկրորդ տարբերակի մեխանիզմն ու սցենարը, հասկանալու, թե այն առաջինի նման ըստ Կռիլովյան Սայլի է, թե՞ Եղիշե Չարենցի պատգամի՝

«Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

Բացատրեմ տարբերությունը մի խոսուն օրինակով:

Ֆրանսահայ համայնքն ունի Կրիլովյան օրինակի կառույց՝ «Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդ» http://www.ccaf.info ։

Ֆրանսիայի մի ուրիշ համայնք ունի Չարենցի օրինակով՝ համաժողովրդական ներգրավվածությամբ ընկերային կառույց (http://www.fsju.org/):

Մեկը, չասեմ՝ որը, ունի տարեկան քսան չորս միլիոն Եվրոյի բյուջե:

Մյուսը՝ բյուջե չունի: «Մեր» կազմակերպության համանախագահներից մեկն ասում էր – նամակները ես եմ գրում, ես եմ տպում, դրոշմանիշի դրամն էլ  գրպանիցս եմ վճարում.

Թե «նրանց» ո՞վ է տալիս, ինչպե՞ս են առնում. ունե՛ն. մե՛նք էլ ունենանք:

Առաջինն ունի քառասուն հազարից ավելի՝ անդամավճար տվող անդամներ:

Մյուսը՝ մերը, ներկայացնում է երեսունից ավելի կազմակերպություններ. կարապ, խեցգետին, գայլաձուկ…

Մեկը՝ մերը, ամենայն հարգանքով Ցեղասպանության ճանաչման ծիրից ներս հսկա նվաճումներին, քաղաքական հարաբերություններից դուրս որևէ գործունեություն չունի: Այն դեպքում, երբ գաղութն ունի յոթ խղճուկ ինքնավար դպրոց՝ ընդհանուր 1213 աշակերտով:

Մյուսը տնօրինում է իրենց երեսուն երկու հազար աշակերտով երկու հարյուրից ավել դպրոցները, տնօրինում է իրենց ընկերային կառույցները, նպաստում է ժողովրդի հայրենադարձությանը, հասնում համայնքի կարոտյալներին և հարաբերություն կառուցում Ֆրանսիական պետության հետ:

Խնդրում եմ չասեք, թե նրանք՝ շախմատի ախոյանների ժողովրդից ավելի հզոր են:

Խնդրում եմ չասեք, թե նրանք տալիս են, իսկ մեր ժողովուրդը չի տալիս:

Վերջերս, Հայաստան այցելելիս, Տիկին Անահիտն իր հետ տարել էր Դպրոցասեր վարժարանի երեք վարորդների պատրաստած նվերները. հագուստ-կապուստ, կոշիկ, իրեր, զարդեր և երկու հարյուր եվրոյով ծրար՝ ուղղված քառօրյա պատերազմում զոհված Մասիսի մարզի հերոսի մի ընտանիքին: Նշածս վարորդների ամսեկան աշխատավարձը հազար եվրոյի շուրջ է. հավանաբար վեց-յոթը հարյուր եվրո տան վարձ են վճարում և դեռ իրենց երկու լուման գանձանակն են գցում:

Խնդրում եմ չասեք, թե մերոնք չեն տալիս:

Ժողովուրդը տալիս է, սակայն տատանվում է տալու Կարապին, Խեցգետինին, Գայլաձուկին… Դպրոցասերի երեք վարորդները … UCLA ի Վաչեն էլ երեսուն միլիոն դոլար է նվիրել …

Չասեք, թե չեն տալիս:

Անցյալ շաբաթ, Երևան այցիս, Սփյուռքի նախարարության նեկայացուցիչները հավաստում էին, թե նախորդ Հայաստան-Սփյուռք համաժողովի թիրախավորված նպատակներն իրագործվել են:

Եթե այդպես է, խնդրեմ այցելեք Փարիզի, Մյունխենի կամ Լաս Վեգասի միջազգային ցուցահանդեսների թուրքական սրահները. այնուհետ փնտրեք նույն ցուցահանդեսների մեջ գոնե մե՛կ հայկական տաղավար:

Խնդրեմ, այցելեք www.tulumba.com կայքէջը ու փորձեք գտնել հայկական նման մի տարբերակ:

Մենք, մետաքսի ճամփի երկրաչափներս ու գերիշխաններս, մեր յոթը միլիոն սփյուռքով, մեր հզոր սփուռքյան գործարարներով, հիմա մե՞նք թուրքերից օրինակ պիտի վերցնենք:

Հետաքրքրությամբ կարդացի, որ Համահայկական Խորհրդի ծրագիրը մեծ խանդավառություն է առաջացրել մտավորական շրջանակների մեջ:

Մտածում եմ, թե արդյոք մեր մտավորականները վա՞րժ են ճատրակային ռազմավարության մեջ, հմո՞ւտ են վերլուծելու խաղաքարի քայլն ու տեսնելու նրա հետին նպատակը: Արդյոք քննե՞լ են՝ առաջարկվող Խորհուրդը պիտի ներգրավի ժողովրդին, թե լինելու է ընտրանիների հերթական մի ակումբ:

Այսօր ունենք Հայրենիք և Արցախ: Երկու, վատ թե լավ ժողովրդավար հանրապետություններ:

Իսկ Սփյու՞ռքը. հզոր սփյուռք, նման Կռիլովի սայլին:

Հաղորդագրությունը մասնավորեցնում է.  «Սփյուռքի ինքնակազմակերպումը աւագ պարտականութիւն-իրաւունքն է…որ պարտի ինքնակազմակերպուիլ ու միաւորուիլ»:

Ո՞վ, ինչպե՞ս, ու՞ր:

Հանդիպեցի, գրեցի, հարց տվի Կարապի, Խեցգետնի ու Գայլաձուկի հերթապահներին:

Հարցում արի Բարեգործին, Հուրին և Անուշին։

Հանդիպեցի ու գրեցի Շնագայլին, Աղվեսին… մեկը հավ և մյուսը մի գառնուկ տարել, մեկը ագարակ էր բացել, մեկը գործարան հիմնել և դեռ մյուսն էլ հանք վերցրել:

Գրեցի որդիական խոնարհութեամբ՝ բարձրաստիճան, բարձրաշուք, բարձրաթոռ Ուղտին եւ Ընձուղտին։

Ի վերջո գրեցի՝ նույն ինք՝ թագավոր Առյուծին:

Բոլորն էլ բացականչեցին ապրեսներ, բրավոներ, քաջալերեցին. քաջալերեցին, հա քաշեցին-քաշքշեցին, Սայլը տեղից չշարժեցին:

Չեն ուզում տեսնել կամ չեն տեսնում,

Ով է արդար, ով՝ մեղավոր՝ Մենք չդատենք:

Բանն այն է, որ Սայլը տեղից չի շարժվում:

Տարօրինակն այն է, որ հայերս Կռիլովյան օրինակին հետևեցինք, իսկ մեր հրեա եղբայրները լսել են Չարենցի կոչը – «Ո՛վ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

«Տէրը զիս Հոգիով դաշտին մէջ դրաւ։ Անիկա ոսկորներով լեցուն էր որոնք Սփիւռքի երեսին վրայ խիստ շատ էին եւ խիստ չորցած։

Տէրոջը խօսքը եղաւ՝ ըսելով. «Ահա ես ձեր մէջ հոգի պիտի դնեմ ու պիտի կենդանանաք։ Ու ահա իմ ժողուուրդիս որդիները պիտի առնեմ այն ազգերուն մէջէն, ուր գացին: Անոնք իմ հրամաններուս համաձայն պիտի քալեն, իմ օրէնքներս պիտի պահեն ու զանոնք պիտի կատարեն։ Զանոնք մէկ ազգ պիտի ընեմ ու անոնց ամենուն վրայ մէկ թագաւոր պիտի թագաւորէ ու անգամ մըն ալ երկու ազգ պիտի չըլլան ու պիտի չբաժնուին»։

Ու Տեսայ թէ դաշտին ոսկորները ջիղերով ու միսով պատուեցան ու մորթով ծածկուեցան, ու շունչը անոնց մէջ մտաւ ու կենդանացան եւ իրենց ոտքերուն վրայ կայնեցան ու խիստ մեծ բանակ մը եղաւ»:

Ո՛վ ժողովուրդ, այս մարգարեությունն իրականանում է այսօր:

Զորահավաք է:

Ո՞վ, ու՞ր, ինչպե՞ս՝

Ահա շուտով կգրեմ …

Յովէլ Շնորհօքեան; Փարիզ

09. Սեպտեմբեր 2017

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20