Կտրուկ և սրընթաց անկման միտումներ են

- in Տնտեսական
349
Karen Karapetyan

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային ռեսուրսներին վերաբերող 2012-2016թթ. տարեկան համեմատական ցուցանիշները՝ ելնելով ԱՎԾ-ի կողմից իրականացված տնային տնտեսությունների հետազոտությունների արդյունքներից, որ կիրառվել են Եվրամիության Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ:

Համաձայն այդ մեթոդաբանությամբ կատարված ուսումնասիրությունների՝ 2012թ.-ին Հայաստանում աշխատանքային ռեսուրսը (15-ից 75 տարեկան բնակչությունը) կազմել է 2.26 մլն մարդ, որը 2016թ.-ին հավասարվել է 2.11 միլիոնի:

2012թ. տնտեսապես ակտիվ բնակչության (տղամարդիկ՝ 16-59, կանայք՝ 16-54 տարեկան) թիվը կազմել է 1.41 մլն մարդ, որը կայունորեն նվազելով, 2016թ.-ին հավասարվել է 1. 22 միլիոնի: Չորս տարվա ընթացքում տնտեսապես ակտիվ բնակչությունը նվազել է 192 հազարով, տարեկան միջինում՝ 48 հազարով: Սրա պատճառները բազմաթիվ են, բայց դրանցից հիմնականը կարող են լինել երկուսը. բնակչության ծերացումը՝ 11-ից-15, 71-ից-75 տարեկանների թվերի բացասական հարաբերակցությունն ու տնտեսապես ակտիվ բնակչության արտագաղթը: Նաև այս երկու գործոնները միասին:

2012թ. տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը կազմել է 842.5 հազար մարդ, 2016թ.-ին՝ 785 հազար: Պատճառները թերևս նույնն են: Ծնունդ-մահ, բնական աճի դանդաղումն ու արտագաղթը:

2012թ.-ին հանրապետությունում զբաղվածների թիվը, զբաղվածության մակարդակը կազմել է 1.17 մլն մարդ: 2016թ.-ին՝ 1.06 մլն: Չորս տարվա ընթացքում զբաղվածների թիվը նվազել է 166 հազարով: Վիճակագրական ներկայացվող տվյալներից հետևում է, որ նվազած 200 հազար ակտիվ բնակչությունից 166 հազարը եղել են աշխատանքով ապահովվածներ: Ընդ որում, զբաղվածների թիվն ընդամենը մեկ՝ 2014-2015թթ. նվազել է ամբողջ 66 հազարով, ինչի պատճառները միայն տնտեսական գործոններով բացատրել հնարավոր չէ:

2012թ.-ի 1.17 մլն զբաղվածներից 437 հազարը եղել է գյուղատնտեսության մեջ: 2016թ.-ին՝ 1.06 միլիոնից 338 հազարն է եղել գյուղատնտեսության մեջ: Նույն 4 տարիների ընթացքում այս ոլորտում զբաղվածների թիվը նվազել է տարին մոտ 25 հազարով, որ կազմում է մոտ 100 հազար մարդ: Իրականում նման բան լինել չի կարող: Պարզապես ժամանակին մեծ զբաղվածություն ցույց տալու նպատակով գյուղաբնակին հաշվել են զբաղված: Հիմա միջազգային մեթոդաբանության կիրառմամբ հետքայլի, իրականին մոտ թվեր ներկայացնելու փորձ է արվում:

2012թ.-ին Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ՝ հանրապետությունում հաշվարկվել է ավելի քան 245 հազար գործազուրկ: 2016թ.-ին՝ 220 հազար (ստանդարտ, կիրառվող վիճակագրությամբ՝ 2017թ. հուլիսի դրությամբ գործազուրկ է համարվել 80 հազար մարդ): Համաձայն ուսումնասիրության, վերջին չորս տարիների ընթացքում գուրծազուրկների թիվը նվազել է ընդամենը 20 հազարով, որից սակայն չի հետևում, որ նրանք աշխատանքի են ընդունվել, քանի որ այդ ընթացքում աշխատանք է կորցրել տարեկան 41.5 հազար մարդ:

Հետաքրքիր պատկեր է ստացվում մեկ այլ առումով. 2012թ. գործազուրկ տղամարդկանց թիվը կազմել է 119.4 հազար, 2016թ.-ին՝ 116.9 հազար: Եթե մի պահ նույնիսկ ընդունենք, որ այդ ընթացքում աշխատանք է ճարել 25 հազար մարդ, ապա ստացվում է, որ դրանց 90%-ը եղել է կին և միայն 10%-ը տղամարդ, ինչի հավանականությունը փոքր է:

2012թ.-ին տնտեսապես ակտիվ բնակչությունը 576 հազարով գերազանցում էր ոչ ակտիվ բնակչությանը: 2016թ.-ին՝ 441 հազարով: 4 տարում տնտեսապես ակտիվ և ոչ ակտիվ բնակչության տարբերությունը կրճատվել է 135 հազարով: Դրանից էլ հետևում է, որ մի կողմից հնարապետության բնակչությունը ծերանում է, ոչ ակտիվ բնակչության աճ կա, մյուս կողմից՝ ակտիվ բնակչությունը ժամանակավորապես կամ մշտական հեռանում է:

Ինչն է անհանգստացնող այս ամենում. վերոնշյալ բոլոր ցուցանիշների առումով կտրուկ և սրընթաց անկման միտումներ են: Չորս տարի անընդմեջ տնտեսապես ակտիվ բնակչության թիվը նվազում է 48 հազարով: Տնտեսությունը նման շարունակության չի դիմանա: Նման զարգացումների պահպանման դեպքում ավելի քիչ, քան մեկ տասնամյակից ակտիվ ու ոչ ակտիվ բնակչության թվերն ընդհուպ կմոտենան միմյանց: Յուրաքանչյուր աշխատող ստիպված կլինի կերակրելու մեկ թոշակառուի: 2016թ. Տվյալներով՝ հանրապետության յուրաքանչյուր երրորդ բնակիչն է, որ ավելացված արժեք է ստեղծում: Եթե կառավարությանը առավելագույնս կարճ ժամանակամիջոցում չհաջողվի կասեցնել սրընթաց զարգացող այս միտումները, ապա Հայաստանի տնտեսությունը պարզապես կփլուզվի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20