Jirinovsky Zhirinovski

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ով ներկա է գտնվել «Ոսկե նուռ» հայկական ապրանքների ամենամյա տոնավաճառի բացմանը, պատրաստակամություն է հայտնել զբաղվելու Հայաստանի կազմ Արարատ լեռան վերադարձի հարցով:

Խոսքն այն նույն Ժիրինովսկու մասին է, ով անցած տարի ճոխ հյուրընկալության էր արժանացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից և Բաքվում հնչեցնում էր հակահայկական հայտարարություններ: Իսկ ընդամենը տասն օր առաջ Ժիրինովսկու կուսակցության պատասխանատուներից մեկը խոսել էր Արցախում մարդու իրավունքների իբրև թե զանգվածային խախտումների մասին՝ դրանով մոտիվացնելով Մոսկվայում չճանաչված հանրապետությունների ֆորում անցկացնելու անհրաժեշտությունը:

Ժիրինովսկին պատահական հայտարարություններ երբեք չի անում: Թե ներքաղաքական և թե արտաքին քաղաքականության հարցերում նա փորձարկում է մարտավարական տարբեր հնարքներ, որոնք մշակվել են Կրեմլում:

Պատահական չէ, որ Ժիրինովսկու խիստ «հայամետ» հայտարարությունը համընկնում է Հայաստանում հակառուսական տրամադրությունների նոր բորբոքման հետ: Բացի այդ, «Ելք» խմբակցությունը նախաձեռնել է ԵՏՄ-ում Հայաստանի անդամության չեղարկման գործընթաց, և առնվազն փորձագիտական մակարդակում այս օրերին ակտիվ քննարկվում է Հայաստանի այլընտրանքային զարգացման հեռանկարը: Մոսկվան չունի Հայաստանի հասարակության հետ երկխոսելու, նրան ռացիոնալ առաջարկություն ներկայացնելու ռեսուրս, մյուս կողմից՝ նոր շանտաժը կարող է Հայաստանում արագացնել ապագաղութացման օրակարգով զանգվածային շարժման ծավալումը:

Եվ ահա այս ֆոնին հնչում է Ժիրինովսկու հայտարարությունը, որի հասցեատերը մեր հասարակությունն է: Երկու օր առաջ էլ Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ասել էր, որ մեր ժողովրդի սիրտը Ռուսաստանի հետ է: Հիմա թերևս Մոսկվայում գործի են անցել և մտածում են մեր «սիրտը շահելու» զանազան հնարքների մասին:

Այս ամենը հիշեցնում է անցած տարվա պատմությունը, երբ ռուսներն «Իսկանդերով» փակեցին ապրիլյան պատերազմում ռուսական դավադրությունից դժգոհ Հայաստանի հասարակության բերանը: Հիմա նույնիսկ «Իսկանդեր» չեն առաջարկում, այլ Կրեմլի կլոունադայի մակարդակով խոստացվում է Մասիս սարը:

Գուցե Մոսկվայում ավելի լավ են պատկերացնում մեր հասարակության կառուցվածքը, արժեքային համակարգը, մենթալիտետը և կարծում են, որ նրան հնարավոր է մոլորեցնել Արարատի մասին զեղումներով: Չնայած պետք չէ մեղադրել ռուսական էլիտային, որովհետև մենք պատմությունից դասեր չքաղելու անբուժելի հիվանդություն ունենք, այլապես Հայաստանում չէին գտնվի իշխանության ներկայացուցիչներ, ովքեր ամեն կերպ փորձեին արդարացնել ռուսական սպառազինության վաճառքն Ադրբեջանին կամ էլ ապրիլյան պատերազմում հայկական կողմի իբրև թե հաղթանակը վերագրեին ռուսական զենքին՝ անարգելով տասնյակ նահատակների, իշխանության անպատասխանատու քաղաքականության զոհ դարձած երիտասարդների հիշատակը:

Ընտրությունն իսկապես մեր հասարակությանն է, որը հերթական անգամ կանգնած է ճակատագրական ջրբաժանի խաչմերուկին, որից հետադարձի ճանապարհ չկա: Կա՛մ մեր հասարակությունը հերթական անգամ կուլ է տալու Մոսկվայի «կտերը»՝ իր ոչ պետական մտածողությամբ ու գաղթականի հոգեբանությամբ օտարվելով քաղաքակիրթ աշխարհից, կա՛մ էլ մաս է կազմելու քաղաքակիրթ աշխարհին՝ իր օրակարգով հարաբերություններ հաստատելով բոլոր երկրների, այդ թվում, անշուշտ՝ Ռուսաստանի հետ:

Թվում էր՝ 88-ի շարժումով և Ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակով մենք կատարել ենք մեր քաղաքակրթական, քաղաքական ընտրությունը: Բայց հետագա տարիները ցույց տվեցին, որ մեզ նոր ցնցում, բեկում է անհրաժեշտ պատմության բարդույթները հաղթահարելու և ինքնիշխան պետության գիտակցություն ունենալու համար: Հիմա եկել է ընտրության պահը, վաղը գուցե այդ հնարավորությունն էլ չունենանք:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •