«Հաճախորդը»` Միհրանյանի խոսքի քաղաքական վտանգավոր տողատակը

- in Պնակալեզներ
68

Հենց Անկախության օրը հրապարակվել է ռուսահայ տխրահռչակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հարցազրույցը:

Այս անգամ ռուսաստանցի պաշտոնյաների «հաճախորդը» գերազանցել է բարոյականության և բանականության բոլոր սահմանները` ասելով, թե «միայն հանցագործ մարդիկ կարող են ԵՏՄ-ից դուրս գալու մասին առաջարկություններ անել»: Նախ` խնդիրն ունի բարոյական կողմ, որը հուշում է, որ ոչ մի օտարերկրացի իրավունք չունի վիրավորական արտահայտություններով անվանարկել Հայաստանի քաղաքացիներին, ազդեցիկությամբ երրորդ քաղաքական ուժին քաղաքական նախաձեռնություն ցուցաբերելու համար:

Խնդիրն ունի նաև իրավական կողմ. Հայաստանի օրենսդրությունն օտարերկրացիներին արգելում է միջամտել Հայաստանի ներքաղաքական գործընթացին: Զարմանալի է, որ Հայաստանի իշխանություններն օպերատիվ արձագանքեցին ԵՄ դեսպան Սվիտալսկու, ըստ էության, անմեղ հայտարարությանը, որով նա պահանջել էր փոխել ԿԸՀ ձևավորման կարգը, իսկ այս դեպքում նույնիսկ խրախուսում են Միհրանյանին` նրան արժանացնելով բարձր կարգի ընդունելության:

Սակայն ավելի էական է Միհրանյանի խոսքի քաղաքական վտանգավոր տողատակը: Ի՞նչ է ԵՏՄ-ից դուրս գալու պահանջը: Դա, ըստ էության, Հայաստանի անկախության և ապագաղութացման համար պայքարի առաջին կարևոր հանգրվանն է: Անկախության համար պայքարողները հանցագործության հոդվածներով դատվում էին սովետների երկրում: Փաստորեն, Միհրանյանն առնվազն ենթագիտակցության մակարդակում խոստովանում է այն, ինչի մասին ժամանակին նախազգուշարել էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որ ԵՏՄ-ն խորհրդային կայսրությունը վերականգնելու փորձ է: Կասկած չկա, որ ԵՏՄ-ում Հայաստանի անդամության չեղարկման պահանջը դնող հայաստանցի գործիչներին Մոսկվայում նայում են հենց դիսիդենտի կարգավիճակով: Երբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը, կոլերովներն ու միհրանյաններն անընդհատ թմբկահարում են այն թեզը, թե իբր Հայաստանի հասարակության մեծ մասի սիրտը Ռուսաստանի հետ է` միտումը պարզ է ու ակնհայտ: Փորձ է արվում ստեղծել քաղաքական, հանրային ֆոն, թե իբր մի խումբ «էքստրեմիստներ» փորձում են ստվերել հայ-ռուսական հարաբերությունները:

88-ի շարժման տարիներին «էքստրեմիստ» էր ամբողջ հայ ժողովուրդը, սակայն դա չէր խանգարում, որ մոսկովյան կենտրոնը «հայկական էքստրեմիզմի» գործոնով արդարացնի իր բոլոր այլանդակություններն Արցախում: Նույն տրամաբանությունը կարող է գործել նաև այսօր, սակայն հիմա Հայաստանի փորձագիտական, քաղաքացիական սեգմենտները կարող են շատ ավելի արդյունավետ պայքար ծավալել, որովհետև Մոսկվայի կայսերական հավակնություններն ակնհայտորեն չեն համապատասխանում նրա հնարավորություններին:

Զազրելի է տեսնել, թե ինչպես է Մոսկվան իր կայսերական քաղաքականությունն իրականացնում ինքնիշխան Հայաստանի ռուսահպատակ իշխանությունների և կայսրությանը հավատարմության երդում տված հայ քաղաքագետների միջոցով: Ապրում ենք քաղաքական լյուստրացիայի հետաքրքիր ժամանակաշրջանում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20