Համաժողովում հայտնվել են «դիսիդենտներ» …

- in Կարծիք
Oligarxner Serj Lfik Samvel

Հայաստանում մենաշնորհ կա, ինչն էլ բնականաբար խանգարում է մարդկանց ներդրումներ կատարել: Այս մասին այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչ Ստեփան Հովակիմյանը:

«Եթե ուզես Հայաստանում շաքարի բիզնեսով զբաղվել, չես կարողանա, որովհետև գալու ես, շաքարդ դնես 9 դրամ, շաքար ներկրողը կանչի ու քեզ ասի՝ քո գործն այստեղ մի դիր: Սա նշանակում է՝ մենաշնորհ կա: Սիրիայում էլ է այդպես. ով նախագահի շրջապատից է, հնարավորություններն ավելի շատ են»,- ասել է Ստեփան Հովակիմյանը:

Փաստորեն, Հայաստանի իշխանություններն ինչքան էլ փորձել են ֆիտրել համաժողովի մասնակիցների ցուցակները, դրանցից դուրս թողնել հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչներին կամ Սփյուռքի այն գործիչներին, ովքեր ներառված չեն ավանդական կառույցներում, միևնույն է, համաժողովում հայտնվել են «դիսիդենտներ», ովքեր հնչեցնում են գնահատականներ, որոնք գուցե ավելի խիստ են, քան նույնիսկ մեր ընդդիմության դիրքորոշումները:

Սակայն խնդիրն այս համաժողովը չէ, ոչ էլ` դրա կուլիսներում հնչող խիստ գնահատականները: Հայաստանի իշխանություններին պետք է լրջորեն անհանգստացնի այն հանգամանքը, որ Սփյուռքում, հետևաբար նաև արտերկրում մեր երկրի բրենդը դարձել է Սամվել Ալեքսանյանը: Խնդիրն այստեղ վերջինիս մարդկային կամ բարոյական որակները չեն, ի վերջո, նրա փոխարեն կարող էին լինել նաև Գագիկ Ծառուկյանը, Միհրան Պողոսյանը կամ հենց Սամվել Կարապետյանն ու Դոն Պիպոն: Հարցն ավելի խորքային է, որովհետև արտերկրում երբ ասում են՝ Հայաստանի տնտեսություն, պատկերացնում են Սամվել Ալեքսանյանին` իր օլիգարխիկ մենաշնորհներով ու արտոնություններով: Եթե սփյուռքահայն այդպիսի երկրում ներդրումներ չի ուզում անել, ապա շատ ավելի խիստ կլինի օտարի վերաբերմունքը, որը Հայաստանի հետ կապված չէ հոգևոր կապով:

Սակայն Հայաստանի իշխանության և հատկապես Սերժ Սարգսյանի համար իսկական ապտակ է համեմատությունը Սիրիայի և Ասադի հետ, որովհետև արաբական այս երկրի ռեժիմն այսօր դուրս է անգամ քաղաքակրթության լուսանցքից և նույնանում է մեզ հայտնի գրեթե բոլոր բացասական դրսևորումների հետ: Եթե հատկապես Ամերիկայում ապրող հայն է զուգահեռներ անցկացնում Հայաստանի և Սիրիայի այսօրվա իրականությունների միջև, ապա կարելի է պատկերացնել այն, մեղմ ասած, անվստահությունը, որ առկա է Սփյուռքում Հայաստանի և նրա իշխանությունների հանդեպ: Պատկերացնել կարելի է, թե ինչ ընթացք կունենար այս համաժողովը, եթե դրա մասնակիցները «խոշորացույցով» չընտրվեին: Սակայն նույնիսկ այս ձևաչափով համաժողովն իշխանությունների համար վերածվում է հակագովազդի: Ի՞նչ համազգային միասնության մասին է խոսքը, երբ Հայաստանի երրորդ քաղաքական ուժի ներկայացուցիչները չեն հրավիրվում համաժողովին, որը վերածվում է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն նիստի` ընդլայնված կազմով և երկու կողմի հոգևոր առաջնորդների օրհնությամբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20