Համահայկական խորհրդի գաղափարը ծնվել է Բաղրամյան 26-ում

- in Վերլուծական
Naxagahakan

Երևանում մեկնարկում են Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովի աշխատանքները և թերևս համազգային կոչվող այս հավաքի հիմնական նպատակը Համահայկական խորհուրդ ձևավորելն է:

Նույնիսկ իշխանության ներկայացուցիչները չեն կարողանում հոդաբաշխ ներկայացրել, թե ինչ առաքելություն է ունենալու այս մարմինը կամ ինչ մանդատով է այն գործելու: Կասկածից վեր է, որ Համահայկական խորհրդի գաղափարը ծնվել է Բաղրամյան 26-ում և ուղղակի կապ ունի, այսպես կոչված, համակարգային տրանսֆորմացիայի գործընթացի հետ: Շատ հնարավոր է, որ անգամ Սարգսյանի շրջապատում դեռ հստակ պատկերացում չկա, թե ինչ է անելու այս խորհուրդը և առայժմ լեգիտիմության իմիտացիայով ձևավորվում է ինատիտուտ, որի ծառայության իմաստը կորոշեն հանգամանքներն ու քաղաքական իրավիճակը:

Մի բան ակնհայտ է, որ Համահայկական խորհրդի գաղափարը Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, «համազգային» օրակարգի մի բաղկացուցիչն է: Այս նույն տրամաբանության մեջ Սերժ Սարգսյանը կոալիցիա հրավիրեց ՀՅԴ-ին, որովհետև նրան ոչ թե ավանդական կուսակցության հինգ մանդատն է անհրաժեշտ, այլ համազգային բրենդը: Նույն տրամաբանության շրջանակներում Սերժ Սարգսյանը ՊՊԾ գնդի իրադարձություններից հետո խոսեց «ազգային համաձայնության իշխանության» մասին` նկատի ունենալով ոչ թե մեկ ամիս հետո ձևավորվելիք Կարեն Կարապետյանի կառավարությունը, այլ փորձելով մոտիվացնել իր նոր իշխանության գաղափարա-քաղաքական հայտը, որի մաս են կազմում նաև Վիգեն Սարգսյանի բանակային ռեֆորմներն, որոնք առայժմ այդպիսին են միայն PR հարթության վրա:

Հիմա եկել է Սարգսյանի ծրագրերին կազմակերպչական ձև տալու ժամանակը ու հենց դրան է ուղղված Համահայկական խորհրդի ստեղծումը: Այն նաև ու գուցե առաջին հերթին` ներհամակարգային պայքարի գործիք է, որովհետև Կարեն Կարապետյանի ռուսահայ ռեսուրսին քարոզչական հարթության վրա հակադրվում է «համազգային» հարթակն, իհարկե` հիմքում չունենալով որևէ առարկայական բազա: Բայց դա այս պահին առանձնապես չի հուզում Սերժ Սարգսյանին, որովհետև նրան հետաքրքրում է նոր կառույցի քաղաքական ֆոնը:

Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ իր իշխանության երկարաձգումը մոտիվացվի «համազգային» խնդրանքով կամ առնվազն` «անցումային» փուլում, երբ որոշ ժամանակ վարչապետի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Կարեն Կարապետյանը, ինքը կարողանա իշխանության վերահսկողությունն իրականացնել «համազգային» լիդերի լեգիտիմ բարձունքից: Հայրենիք-Սփյուռք այս համաժողովն ընթանալու է «Փոխադարձ վստահություն» կարգախոսով, սակայն ավելի է խորացնելու անվստահության այն մթնոլորտը, որն առկա է Հայաստանի և գաղթօջախների հարաբերություններում: Նախ` համաժողովն ունի, ինչպես արդեն նշեցինք, շեշտված ներքաղաքական համատեքստ, որը ստվերում է դրա առաքելությունը:

Մյուս կողմից` ստեղծվում է համազգային նոր մարմին` առանց նախապատրատական աշխատանքի, փորձագիտական ու մասնագիտական մշակման: Այս կառույցի անգամ համահայկական լեգիտիմությունն է վիճահարույց, որովհետև պարզ չէ, թե ինչպես, ինչ չափանիշներով են ընտրվել վաղվա համաժողովի մասնակիցները կամ ովքեր են սուբյեկտները, որոնք համազգային նոր մարմին ձևավորելու մանդատ ունեն: Սակայն լուծված չէ ամենակարևոր հարցը. համահայկական հին օրակարգը` խարսխված ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության վրա, կորցրել է իր ակտուալությունը, սակայն չկա Հայաատանն ու հայ համայնքներին ցեմենտող նոր օրակարգը: Այս ֆոնին ձևավորվող Համահայկական խորհուրդը նման է հենասյուներ չունեցող առաստաղի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20